#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…Սարո Թունյան. ԵՐԿԻՐ ԵՎ ՀՈՂ ՊԱՀՈՂ ԱՅՍ ՊԱՐԶ ՄԱՐԴԻԿ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
630 0

Իսկական հայկական, ավանդական, պատվախնդիր ընտանիք է Աղիտու գյուղում բնակվող Թունյանների ընտանիքը: Հարազատության, մեկը մեկին հասնելու, օգնելու, իրարով ապրելու եւ իրար թեւ ու թիկունք լինելու կենսակերպով են ապրել ու էդպես էլ պիտի ապրեն: Սա հայկական էն հրաշալի, կուռ ընտանիքն է, որ խաղաղ ժամանակերում քրտինք է թափում հայրենի հողին, պատերազմի ժամանակ` արյուն տալիս հայրենի երկրին…

Այսպես դաստիարակվել, այպես ապրել ու արարել են Թունյանները, հետո 90-ականներին ընտանիքի զավակները տեղափոխվել են Արցախ` Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղ, վերընձյուղվել արցախյան հողում, մեծ տնտեսություն ստեղծել, արարել, շենացրել, բերք ու բարիք ստացել` ի հատուցումն արդար քրտինքի:

Աղիտու գյուղում ծնված զավակները, տեղի դպրոցն ավարտելուց հետո նույնպես տեղափոխվել են ծնողների մոտ, լծվել Արցախ աշխարհը շենացնելու, բերքաբեր դարձնելու  գործին: Հենց այնտեղ էլ Միքայել եւ Գոհար Թունյանների ավագ որդին` Սարոն, կատարել է պարտքը հայրենիքի հանդեպ ու շարունակել քրտինքը շաղախել երկիր ու հայրենիք շենացնելու` ծնողների գործը: Իր ծառայության ավարտին` բանակ էր զորակոչվել միջնեկ եղբայրը` Հարությունը, ու եղբայրը ծառայության մեջ էր, երբ սկսվեց թուրքական սանձազերծ պատերազմը:

Սարոն հենց սեպտեմբերի 27-ին ինքնակամ գնաց երկրի կանչին, գնաց եղբոր հետ միասին ջարելու արնախում թշնամուն, կռվեց, դիմացավ ու դիմադրեց, սատկացրեց ու ետ շպրտեց թուրք-դիվերսանտներին: Թշնամու` գերակշխռ զենքերին հակադրեց իր հաղթելու ցանկությունը, դիպուկահարի հնարքները, հայրենիքը, սեփական տունը, սեփական հողը պաշտպանելու անհողդողդ կամքը… Բայց ընկավ հոկտեմբերի 26-ին, ընկավ` զինվոր եղբոր աչքի առաջ, ընկավ` փրկելով նրա կյանքը: Ինքը ավագն էր, ճակատագրական պահին ավագություն արեց Հարություն եղբորը: Հարությունը վիրավորվեց, բայց փառք աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հենակներով եղբոր հուղարկավորությանը մասնակցող Հարությունը վերջին հրաժեշտին խոստացավ Սարոյին, որ վրեժը լուծելու է, որ հաղթելու են ու ինքն առաջինն է Արցախի հերոսական սահմաններից հաղթանակի լուրը բերելու Սիսիանի պանթեոնում հավերժորեն ննջող նահատակ եղբորը:

«Շատ լավ տղաներ են, շատ պարկեշտ մարդիկ, համեստ, աշխատասեր, հարգանքով ու սիրով լեցուն թե իրար նկատմամբ, թե` շրջապատի,- ասաց Աղիտուի դպրոցի ուսուցչուհի Նազիկ Սահակյանը: – Հետաքրքիրը գիտեք որն է` Սարոյենց դասարանում ընդամենը երեք աշակերտ կար, երեքն էլ` տղա: Վլադ Գրիգորյանը մի քանի օր առաջ է զոհվել, ու այսօր Սարոյին դրեցին Վլադի կողքը` ինչպես դասարանում էր: Ճակատագիրը նրանց այստեղ էլ միացրերց, ու երկու հրաշալի տղաները հայրենիքին տվեցին ամենաթանկը` իրենց կյանքը… Հավերժ փառք նրանց, հավերժ խոնարհում նրանց հիշատակին…»:

Սարոյին հավերժի ճանապարհ ուղեկցողների մեջ տեսա կուչ եկած մի մարդու… Ճանաչեցի` մայրական կողմի պապիկն էր, Սարոյի մոր` Գոհարի հայրը` Շիրակը… Տղամարդու` քար ծակող, սիրտ կեղեքող արցունքը ծանրացավ-մնաց սրտիս վրա… Հասկացա` իմ վաղամեռիկ դասընկերուհի Սվետա Հովհաննիսյանի թոռն էր Սարո Թունյանը…

Լույս` հիշատակիդ, մեր դասընկերուհի Սվետա, հպարտացիր` հայրենիքին տված քո հերոս թոռանով, քո մանկավարժ ծնողներից նրան փոխանցած հայրենասիրության գեղեցիկ դասերով, որ Սարոն յուրացրել էր անթերի…

Հավերժ փառք քեզ, Միքայել եւ Գոհար Թունյանների Սարո որդի, հավերժ խոնարհում…

Շուտափույթ ապաքինում` հայրենյաց բանակի զինվոր Հարություն Թունյան… Հաղթանակից հետո քո ազնիվ, պարզ ու համեստ ընտանիքով նորից լծվելու եք երկրի շենացմանը, Արցախի բարեբերությանը ու ձեր ապրելու կամք ու կորովով ապրեցնելու, խնկելու եք հայրենի երկրի անմահ զինվոր Սարո Թունյանի անմեռ ու լուսավոր հիշատակը…

Հաղթանակի սպասումով` մի ողջ ժողովուրդ…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

29 հոկտեմբեր

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է «ՍԽԱԼՎՈՒՄ»…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 11, 2023 0
Սեպտեմբերի 4-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 2-ին Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code