Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրված է at Մայիս 22, 2021
1189 0

Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն` նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում դպրոցի 12 նահատակված սաներին եւ վաղամեռիկ տնօրեն Նաիրա Ներսիսյանին: Երկու` միմյանցից տարբեր բովանդակություն ունեցող անվանակոչությունները, թվում է, քիչ առնչություն եւ քիչ կապ ունեն իրար հետ` հանդիսությունը միաժամանակյա անցկացնելու առումով, բայց իրականում ողջ էությամբ եւ ողջ խորքով դրանք լրացնում եւ ամբողջացնում են իրար, քանի որ հայրենիքի նահատակները աշակերտել են այն տնօրենին, ում կյանքի թելն էլ չարաբաստիկ հիվանդությունը կտրեց 2019-ին… Եւ հենց սրանով պայմանավորված` հանդիսությունը առավել հուզիչ էր, առավել զգայական, կորուստների ցավը` անչափելի, տխրությունը, հույզը, արցունքները` չթաքցվող…

Սիսիանի ավագ դպրոցի 12 սաները` Վահագն Հովակիմյանը, Գրիշա Մաթեւոսյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արման Կարպետյանը, Վարդան Հովհաննիսյանը, Գեղամ Սաֆյանը, Վարդան Դավթյանը, Համլետ Միրզոյանը, Դավիթ Խաչատրյանը, Վաչե Պետրոսյանը, Տարոն Ֆիլիպոսյանը, Արթուր Առաքելյանը նահատակվեցին նոր ժամանակների ամենաանարդար, ամենանենգ, ամենաանհամաչափ, ամենաանազնիվ` արցախյան 44-օրյա պատերազմում, սակայն, ինչպես բոլոր ժամանակներում, բարձր պահած հայ զինվորի, հայ ռազմիկի եւ հայոց ոգու պատիվն ու արժանապատվությունը:

Հանդիսությանը ներկա էին ինչպես նահատակների ծնողները, այրիներն ու զավակները, այնպես էլ Նաիրա Ներսիսյանի դուստրերն ու հարազատները, որոնց էլ վերապհվեց անվանակոչված դասասենյակների ժապավենները կտրելու պատիվը: Տեր-Ընծա Միրզոյանի օրհնության խոսքը հավերժ խոնարհումի եւ հավերժ խնկարկումի ուղերձ էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքով եւ անմնացորդ նվիրումով մի քար են դրել հայրենիքի պատվի եւ արժանապատվության, հերոսացումի եւ կենաց պատին:

Ինչպես նշեց Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Դոնարա Ասրյանը, այս հանդիսությունը հիշարժան մի էջ է ավելացնում դպրոցի տարեգրության մեջ` հերոսապատումի էջը,  իր նվիրյալների կենսագրությամբ: «Այսօր փառաբանում ենք հայրենյաց զինվոր մեր որդիներին, ովքեր իրենց մատաղ կյանքով լեգենդ դարձան, փակեցին ոսոխի ճանապարհը, հերոսացան ու անմահացան»,- նշեց տնօրենն ու հավերժ փառքի խոսքեր հնչեցրեց այն հող ու ջրին, որ այսպիսի հերոսներ է երկնել, այն ծնողներին, որ այսպիսի զավակներ են պարգեւել հայոց աշխարհին, Սիսիանի ավագ դպրոցի անմահացած այն քաջազուններին, ովքեր ջահակիրներ դարձան 44 օրյա դաժան պատերազմում, եւ նորից վերադարձան դպրոց, որ ապրեն բոլորիս սրտում, ներկա լինեն մեր դասերին, դառնան դաս, դաստիարակություն եւ դասագիրք մատաղ սերնդի սեղանին…

Խոսելով 2019-ին իր մահկանացուն կնքած տնօրեն Նաիրա Ներսիսյանի մասին, Դոնարա Ասրյանը շեշտեց, որ անգնահատելի է նրա վաստակն ու դերը Սիսիանի ավագ դպրոցի կայացման մեջ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է դպրոցին եւ աշակերտներին, ով Պուշկինի եւ Տոլստոյի լեզվով խոսել է իր սաների հետ, եւ հիմա երկնային հեռուներից կլսի այս խոսքերը, իր մեղմ ժպիտով կջերմացնի մեզ եւ կշարունակի իր ներկայությունը այս դպրոցում իր թողած բարի հետքով…

Հուզիչ ու ջերմ էին դպրոցի ուսմասվար Կարինե Նիկողոսյանի խոսքերը` ուղղված Նաիրա Ներսիսյանին, ում հետ մի ողջ կյանք ու կենսագրություն են ապրել Սիսիանի ավագ դպրոցում: «Իրենից հետո անմահ գործ թողնելը ոչ բոլորին է տրված: Թողնել հարատեւող, հիշարժան հետք` հաջողվեց Նաիրա Վագների Ներսիսյանին: Նրա թողած անմահ գործը Սիսիանի ավագ դպրոցն է: Որքան կհարատեւի կրթություն տալու վեհ գործը այս դպրոցում, այնքան կհավերժի Նաիրա Վագներովնայի սկսած գործը»,– նշեց Կարինե Նիկողոսյանը:

Նաիրա Ներսիսյանին նմանեցնելով Հրանտ Մաթեւոսյանի այն հերոսներին, որոնք տերն են երկրի եւ տիրոջ իրավունքով են անում իրենց գործը, դպրոցի ուսուցչուհի Անահիտ Ասատրյանը նշեց, որ հենց տիրոջ իրավունքով էլ նա դպրոցին թողեց բարի ավանդույթներ եւ համբավ ու հեռացավ այս կյանքից… «Մի հարցում ճակատագիրը խնայեց Նաիրա Վագներովնային. նա չտեսավ իր այնքան սիրելի սաների կորուստը, ու խորհրդանշական է, որ հենց նույն օրն է կատրվում իր սիրելի սաների եւ իր անուններով դասասենյակների անվանակոչությունները»,– ասաց ուսուցչուհի Անահիտ Ասատրյանը` հավելելով, որ նրանք ծնվել էին ապրելու եւ արարելու համար, սիրելու եւ սիրվելու համար, զավակներ ունենալու համար, որ իրենց տեսակով հայոց ազնվական արյունը ավելի ազնվացնեն…

Հավերժ խոնարհումի խոսքեր հղելով նրանց հիշատակին` Անահիտ Ասատրյանը նշեց, սակայն, որ նրանք, իրենց սխրանքից բացի, թողել են նաեւ մի հրեղեն հետագիծ` հիշողությունը, որ ապրելու է մեզանից հետո էլ, որ ապրելու է դարեր, ապրելու է այն սաների շնորհիվ, որոնք կրթվելու եւ դաստիարակվելու են նրանց լուսվոր ու հպարտ հայացքների ներքո..

Դպրոցի աշակերտները դիտարժան եւ հետաքրքիր սցենար էին պատրաստել ոչ միայն վաղամեռիկ տնօրենի, այլեւ` դպրոցի նահատակված սաների եւ սիսիանցի բոլոր նահատակների մասին, ինչը վկայում է, որ անմահ են նրանք, ովքեր լույս տալով են սպառվել… Իսկ նրանց տված լույսը հավերժական փարոս է մեր ճանապարհին` պատմության բոլոր քառուղինում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

21.05.2021

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՔ… ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Սիսիանցի վեց նահատակների մասին այս հոդվածը գրել եմ դեռեւս 23.10.2020-ին, երբ դեռ շարունակվում էին հայրենիքի համար մղվող թեժ մարտերը, երբ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code