ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՍԱՖՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ, ՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՐԿՈՒ ՆԱՀԱՏԱԿ ԶԻՆՎՈՐ ՏՎԵՑ…

2294 0

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Գեղամ Սերյոժայի Սաֆյանի ընտանիքի անդամների հետ իմ հանդիպումը տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվեց: Եւ երբ սեպտեմբերի 26-ին` պատերազմի առաջին տարելիցի նախօրյակին հանդիպումը կայացավ, Գեղամի կինը` Վարսենիկ Հակոբջանյանն ասաց, որ սեպտեմբերի 26-ը խորհրդանշական օր էր իրենց ընտանիքի համար… պատրաստվում էին եղբոր հարսանիքին, ու Գեղամի ուսերին էր դրված շատ կարեւոր հարցերի լուծումը: Իսկ Գեղամը, ինչպես` միշտ, ամեն ինչ անում էր բծախնդիր, սիրով ու սրտացավորեն, որ հարսանիքը լավ անցնի, որ բոլորի սրտով լինի: Հաջորդ օրը` ամսի 27-ին ինքը վարսավիրանոց էր գնացել, Գեղամը մեքենան էր լվանում… Հանկարծ զանգ է ստացել ընկերներից` շտապ դիրքեր բարձրանալու հրահանգով, քանի որ տագնապ էր հայտարարվել… Մտածել են, որ հերթական տագնապն է, ինչին այնպես վարժվել էին Գեղամի` 13 տարվա աշխատանքի ընթացքում: Գեղամն ասել է, որ հարսանքավոր է, ղեկավարությանը տեղյակ է պահել, ավելի ուշ կգա, կամ` առավոտյան կգա… Նորից են զանգահարել, նորից…

Իսկ երբ Գեղամի մորաքրոջ որդին է զանգահարել, Գեղամը մտել է սենյակ, դուռը փակել, քիչ հետո շատ մտահոգ դուրս եկել, կնոջը խնդրել է պատրաստել տագնապի պայուսակը: Վարսենիկի` հարսանիք չե՞ս գալու հարցին Գեղամը ոչինչ չի պատասխանել ու դուրս է եկել տնից…

«Միացրեցի հեռուստացույցը… Լուրերից իմացա, որ թշնամին արդեն ռմբակոծել է Ստեփանակերը…Հարսանիքը պիտի անեինք, շատ սպասված էր, բայց հարազատներից շատերը, որ զինվորական էին, ներկա չեղան հարսանիքին, ներկա չեղան նաեւ զինվորական եղբայրս, ամուսինս… Ոչ ուրախանալ էր լինում, ոչ` չուրախանալ… Գեղամը շուտ-շուտ զանգահարում էր, ասում` հարսանիքն անենք, ուրախանանք, իրենք Նախիջեւանի սահմանին են, ամեն ինչ կարգին է, մի երկու օրից ամեն ինչ կավարտվի… մենք հաղթելու ենք»,- պատմում է Վարսենիկը, հետո ավելացնում, թե որտեղի՞ց իմանային, որ սա բոլորովին ուրիշ պատերազմ էր, ոչ 90-ականների նման, ոչ էլ` ապրիլյանի, բայց, միեւնույն է, հավատում էինք մեր հաղթանակին, գուցե շատ էինք ուզում հաղթել, դրա համար էլ հավատում էինք…

Սակայն պատերազմի հաջորդ օրերին արդեն ստացանք առաջին զոհերի մասին լուրերը, պանթեոնում հուղարկավորեցինք առաջին նահատակներին` Հասմիկին եւ Տարոնին, բայց, միեւնույն է, դեռ այնքան էլ պարզ չէր, թե ինչ է կատարվում…

Վարսենիկն ասում է, որ Գեղամը ծածկագրերով էր խոսում իրենց հետ, 13 տարի համակարգում է աշխատել, 2012-ից` կապի հետախույզ էր Սիսիանի զորամասերից մեկում, եւ շատ լավ գիտեր անզգուշորեն ասված ցանկացած բառի հետեւանքները: Երկու մասնագիտություն ուներ` ատամնատեխնիկի եւ գյուղակադեմիայի շրջանավարտ էր, բայց ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Մի 3-4 ամիս առաջ էլ տեղափոխվել էր Սիսիանի զորամաս, մտադիր էր վերապատրաստվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, լեյտենանտի կոչում ստանալ, ջանում էր հաղթահարել իր տարիքի (արդեն 36 տարեկան էր) համար սահմանված ձգումների շեմը, եւ շատ էր աշխատում… Հունվարին պիտի քննություններ հանձներ… Սակայն…

Հոկտեմբերի 8-ին տղաներն իջել են Սիսիանի դիրքերից: Արցախ պիտի մեկնեին, բայց Գեղամը տնեցիներին ոչինչ չէր ասում, հավանաբար` խնայում էր: Երեկոյան տանից դուրս գալիս պատգամել է միայն, որ իրենց լավ պահեն, միակ դստերը` Անահիտին լավ նայեն: Աստիճաններից իջնելիս Վարսենիկն ասել է, որ իր մորաքրոջ տղային Արցախ են տանում, հնարավո՞ր է, որ իրենց էլ տանեն… Գեղամը դարձյալ լռել է եւ ոչինչ չի ասել… Հետո զանգահարել է տուն, տաք շորեր ուզել, բայց մինչ շորերի ետեւից մարդ կգար, ինքն է եկել, մի երկու ժամ եւս անցկացրել տնեցիների հետ, երկար, ամուր գրկել է դստերը, պաչել անհագորեն, խնդրել լավ նայել նրան ու տնից դուրս եկել… Մեկ էլ զանգահարել է հաջորդ օրը` հոկտեմբերի 9-ին, ասել, որ Կարմիր Շուկայում են, պատրաստվում են մարտական գործողության, երբ հարմար լինի, ինքը կզանգի… Երեկոյան 11-ին զանգահարել է եղբորը, կրկին հորդորել, որ ծնողներին լավ նայի, աղջկան լավ նայի, երբ կապի դուրս գան, կզանգի…

Դա եղել է նրա վերջին զանգը… Հոկտեմբերի 10-ին թշնամու աթս-ն հարվածել է մարտական գործողությունների պատրաստվող եւ զինվորներ տեղափոխող ավտոշարասյանը… հարվածել է շարասյան առաջին եւ վերջին մեքենաներին` խափանելով մյուսների տեղաշարժը… Շարասյան մյուս մեքենաներից տղաները ցատկել եւ թաքնվել են թփերի տակ ու անշարժացել: Ընկերները Գեղամին էլ են տեսել մեքենայից ցատկելիս… Բայց հետո նրան ոչ քո չի տեսել: Առավոտյան փնտրել են ու գտել արդեն զոհված… Հետագայում վաշտի հրամանատարը, ընկերները պատմել են, որ  Գեղամը, լսելով այրվող ընկերների օգնության կանչերը, ճիչերը, ետ է գնացել` նրանց օգնելու, ու հենց այդ պահին էլ արկի բեկորը երկու տեղից հարվածել է նրան…

«Երանի նա էլ թաքնվեր թփերի տակ… Բայց Գեղամն այնքան ընկերասեր էր, այնքան նվիրվող, այնքան խղճով, այնքան բարի, որ չէր կարող չօգնել օգնության կանչողին, չէր կարող անտարբեր լինել… Էնքան արագ կատարվեց էդ ամենը, որ իսկի գլխի չընկանք` ոնց եղավ, երբ եղավ, մինչեւ ուշքի եկանք, Գեղամի աճյունը բերեցին: Գորիսի մորգում մեր հարեւան դատաբժիշկն էր ճանաչել նրան, մշակել մարմինը, պատրաստել թղթերը…»,- լուռ մղկտոցով պատմում է Գեղամի մայրը` տիկին Անահիտը, ու մեկ տարի անց անգամ հրաժարվում հավատալ այն դաժան իրականությանը, որ իրենց հետ է պատահել, թեպետ Գեղամի դեմքը բաց էր, ճանաչելի ու գրեթե չփոխված…«Թշնամուս էլ չեմ ցանկանա այն, ինչ ես եմ զգում»,-ասում է Անահիտը:

«Հոկտեմբերի 10-ին արդեն լսել էինք տեգորս տղայի` Արայիկի զոհվելու լուրը, մտածում էի, թե խեղճ տեգորս կինը` Անգինը, ո՞նց է դիմանալու էդ հարվածին, բայց չգիտեի, որ նույն հարվածը ինձ էր վիճակվել… Բանկում աշխատելուս տարիներին էնքան զինվորների եմ հաց տվել, էնքան ծանոթ-բարեկամի զինվորի եմ իմ տուն ընդունել-ճանապարհել, մտածել եմ` աստված իմ երեխաների առաջը բերի, էն էլ…»,- արցունքն աչքերին` ասում է տիկին Անահիտը, հետո վերհիշում Գեղամի հետ կապված բազում դեպքեր, նրա ընկերասիրության, մաքրակենցաղության, կոկիության, խղճով լինելու մասին օրինակներ, որ հագի շորն անգամ կհաներ-կտար ընկերոջը, հագի կոշկիը կտար չունեցողին, հոգին կտար հարազատներին, բարեկամներին, բռնակոթյան ազգականներին:

«Ուշ ամուսնացանք… Բայց երջանիկ էինք… Անահիտի ծնվելուց հետո մեր տան երջանկությունը հազարապատկվել էր: Երազում էր` աղջիկ ունենա, որ մայրիկի անունը դնի, ասում էր` հայկական ամենասիրուն անունն է: Երբ հոկտեմբերի 8-ին դուրս եկավ տնից, արդեն գիտեի, որ Արցախ են գնում, ասացի` չի՞ լինի` դու չգնաս… Ասաց` բա որ ես չգնամ, ո՞վ գնա…13 տարի նրա հիմնական ճանապարհը Արցախ-Հադրութ է եղել… Երբ Արցախ էր գնում, կատակով ասում էր` երկրի հարավը ես պահում, հյուսիսը` դու, իսկ երբ Ծղուկի դիրքերում էր լինում, ասում էր` վերեւվից դպրոցդ հսկում եմ, հանգիստ դասդ պարապիր… Ծայրահեղ ծնողասեր էր, ծայրահեղ ընկերասեր… Անահիտին պաշտում էր: Անահիտն էլ` իրեն… Գեղամի հուղարկավորությունը հոկտեմբերի 12-ին էր` իմ ծննդյան օրը: Երբ Անահիտը հարցնում էր, թե ինչի՞ են էսքան մարդիկ եկել մեր տուն, ասում էի` եկել են ինձ շնորհավորեն: Ասում էր` բա ինչի՞ է պապաս եռագույնով, ասաում էի` ինձ ու քեզ նվեր է ուղարկել… Աղջիկս եկող տարի դպրոց կգնա, նրան չեմ խաբել, թե հայրը գալու է»: Ապա դառնալով ինձ ասում է, որ երբ Անահիտն իմացավ, որ իրենց տուն պիտի գնամ, վազել- հագել է հոր պատկերով շապիկը: «Ու ես լսում էի, թե հագնվելիս ոնց էր զրուցում հոր հետ, ասում էր` պապա, ես քո շորն եմ հագել, բայց ես ուզում եմ քեզ իրական տեսնել, իսկ դու չես գալիս… Նրան ավելի ուշ եմ տարել պանթեոն… Երբ առաջին անգամ տարա, հարցրեց` կարո՞ղ է պապայի համար արտասանել իր սովորած տողերը… Կանգնեց հոր գերեզմանին ու  արտասանեց` լեռներին անգամ թե անզուսպ գոռամ` տղերքը չկան, նրանք զայրացած կարձագանքեն` կան… Երեկ էլ ենք գնացել պանթեոն, Անահիտն ասում է` տատիկին էլ չբերեք, շատ է լաց լինում, համ էլ պապաս կանհանգստանա: Տան մասին խոսելիս չի ասում` մեր տունը, ասում է` պապայի տունը… Գեղամին արժանի աղջիկ կմեծացնեմ… Հիմա նա է իմ ամեն ինչը, մեկ էլ` Գեղամից մնացած հուշերը, որ այս տան բոլոր անկյուններում են, ամեն տեղ…»,-ասում է Վարսենիկ Հակոբջանյանը եւ հավելում, որ դրանք են իրեն ուժ տալիս ապրելու, ապրեցնելու եւ շարունակելու կյանքը:

«Գեղամից հետո կոլեգաներս, աշակերտներս մտածել են, թե ո~նց եմ դասարան մտնելու, ո~նց եմ աշխատանքի գնալու, ո~նց եմ Սիսիանից Ծղուկ հասնելու եւ ո~նց եմ պատմության դասաժամեր անցկացնելու ու Արցախյան առաջին գոյամարտից խոսելու… Բայց, որքան էլ դժվար լինի, իմ մեջ ուժ գտա, դասաժամս պարապեցի, զորգահեռներ անցկացրեցի նոր ժամանակների հետ, նոր հերոսների հետ, ու հասկացա, որ Գեղամն էլ այդպես կուզենար…Մենք պիտի շարունակենք սերունդներին հայրենասիրության դասեր տալ, հայրենասիության վառ օրինակներ լինել»,- պատմում է Վարսենիկը եւ հավելում, որ Գեղամից հետո նույն կերպ իր ուսանողների հետ անցկացրել է նաեւ գյուղակադեմիայի քոլեջի առաջին դասը: «Երբ խմբի ուսանողներին, որտեղ բոլորը տղաներ են, հարցրել եմ` կկանգնե՞ն նորօրյա Նժդեհի կողքին` Սյունիքը պաշտպանելու համար, բոլորը միանշանակ հաստատակամություն են հայտնել: Իսկ տղաներից մեկի` դուք կին եք, գուցե եւ գնաք այստեղից, մենք երբեք չենք գնա դիտարկմանն ի պատասխան ասել է` ես էլ չեմ գնա ոչ միայն որպես կին, որպես` պատմության ուսուցչուհի, այլեւ որպես մեկը, ով Արցախին տվել է ամենաթանկը… Տղաները չգիտեին, որ ես զոհված Գեղամ Սաֆյանի կինն եմ, ու երբ քոլեջի պատին տեսել են Գեղամի նկարը, ապա` իմ հեռախոսի նկարը, այնպիսի ակնածանքով, այնքան հարգալից էին, որ դրանից էլ ուժ ստացա, ապրելու ուժ, հաղթահարելու ուժ, սերունդ կրթելու եւ դաստիարակելու ուժ, հայրենիքի նահատակի հիշատակը ապրեցնելու ուժ»…

Զրույցի ընթացքում հարցրեցի` Անահիտն արդեն մեծ է, քույրիկ, կամ` ապերիկ չէ՞ր ուզում… Ավաղ, պատերազմը չծնվածներին էլ տարավ… Սեպտեմերի 27-ին, երբ իրենց հարսանյաց մեքենաները ճանապարհին տեսել են դիրքեր բարձրացող Գեղամին, անհանգիստ մտքերից, տագնապներից Վարսենիկի ինքնազգացողությունը վատացել է, տարել են հիվանդանոց… ու լույս աշխարհ չի եկել նրա եւ Գեղամի սիրո երկրորդ պտուղը…

Բայց շուտով նոր կյանք կմտնի Սաֆյան Սերյոժայի եւ Անահիտի տուն, նոր զավակ կծնվի, Գեղամի եղբոր զավակը, ու կծաղկի նրանց հույսերի ծառը, ու կշարունակվի Սաֆյանների տոհմածառը, որ հայրենիքին երկու նահատակ զինվոր տվեց արցախյան 44 -օրյա պատերազմում, որ զորեղանա հայոց տոհմի հաստաբեստ, ճղնատարած ու հաստաբուն, խորարմատ կենաց ծառը…

Հավերժ փառք քեզ, զինվոր, գաղափարի մարտիկ, նվիրյալ հայորդի: Անահիտ դուստրդ կհպարտանա քեզանով, «Արիության համար» ստացած քո մեդալով ու ողջ կյանքում արժանապտվորեն կկրի հայրենյաց նահատակի դուստրը լինելու հպարտությունը, որ թողեցիր նրան իբրեւ «ժառանգություն»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

29.09.2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱՂՋԻԿԸ ՆԿԱՐՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՐԸ … 44-օրյա պատերազմի նահատակ Կոլյա Արիստակեսյան

Տեղադրվել է - Մայիս 19, 2022 0
Վաղատինում 1990-ին ծնված տղային ծնողները պապի անունն են դրել` Կոլյա: Պապը Սալվարդից «եղբայրական« Բաքու էր տեղափոխվել «խորհրդային ինտերնացիոնալիզմի» «ոսկեդարում», տնավորվել,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code