ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

1033 0

44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար Կարեն Ռոբերտի Իսկանդարյանն է:

Հիշում եմ` Կարենի դասակի անդամներից մեկի` բռնակոթցի Գրիգոր Գրիգորյանի հուղարկավորությունից հետո նախկին «Որոտան» կինոթատրոնի բակում հանդիպեցի Կարենի հորը` Ռոբերտին, բարեւեցի, տեղեկություն հարցրեցի տղայից: Քիչ է ասել` տխուր էր որդու զինակցի հուղարկավորությանը մասնակցելուց վերադարձած հայրը, հայացքը`թափառիկ էր, անորոշ, մտատանջ ու մոլոր: Ընթացքում մի բանաստեղծություն արտասանեց, իրենն էր, երկար լսել չկարողացա, խնդրեցի խնայել հենց նոր հերթական զինվորին հայրենի հողին հանձնած լրագրողիս ու… «փախա»: Հատկապես այդ օրերին ցավը շատ էր խիտ ու անթափանց, բայց խոստացա մի օր հանդիպել ու զրուցել որդեկորույս հոր հետ, ով իր սփոփանքը, մխիթարությունը, անտանելի ու սպանող սպասումից ու հոգու անդարման ցավից գտել է «փախուստի» իր ձւեւը` ոտանավորներ է գրում, ցավը պահ տալիս բանաստեղծական տողերին, մորմոքը հեղում ոտանավորների մեջ ու շարունակում սպասել որդու «վերադարձին», շարունակում ապրել ու ապրեցնել ցավից տանջահար տիկնոջը` հարգարժան ուսուցչուհի Ծովինար Հարությունյանին, դուստրերին, Կարենի երկու զավակներին, որ դարձել են իր ապրելու իմաստն ու նպատակը:

Եւ ահա ուժ գտա իմ մեջ` խոստումիցս գրեթե երկու տարի հետո հանդիպել Կարենի հոր` Ռոբերտ Իսկանդարյանի հետ եւ զրուցել ոչ միայն որդու, այլեւ` իր խոհերի եւ գրելու  մասին:

Ասում է` նախկինում էլ է գրել, ուղղակի իր համար: Գրել է հողի, հայրենիքի, աշխատանքի, բնության, մոր ու թոռների մասին: Բայց Կարենից հետո փոխվել է թե´ թեմատիկան, թե´ ինքը, թե´ հոգեբանությունը: «Թեմատիկայով էլ փոխվեցի, հոգեպես էլ փոխվեցի, տխուր ժամանակաշրջանում ուրախ բան գրելը, մեղմ ասած, հանճարեղ մարդկանց շնորհքն է, ես տխուր պահերին չեմ կարող ուրախ բաներ գրել, հույսս դրել եմ մի կողմ, հայտնվել խավարի մեջ, որ իմ ապրումները, իմ հոգեկան վիճակը ոչ ոք չտեսնի: Կյանքը բոլորիս է փոխել, ժողովուրդն էլ է փոխվել, տխրել է, վշտացել, չարացել, մարդիկ իրար չեն հանդուրժում, միմյանց լավը չեն ցանկանում, դա էլ է դրսեւորվել իմ ստեղծագործություններում: Կարենից հետո Աստվածաշունչ եմ կարդացել, ու կարծես դա էլ է նպաստել վերերկրային թեմաներով գրելուն, ասես` աստծուց լինի: Գրում եմ Կարենի մասին, նրա ընկերների, մեր զոհված տղաների մասին, ու սիրտս մի քիչ թեթեւանում է, այլապես չգիտեմ` ինչ կլիներ: Ինձ ապրել օգնում են հողի վրա չափազանց շատ աշխատելը եւ գրելը… Հողի վրա աշխատելիս էլ եմ մտովի Կարենի հետ: Եւ´ հողի հետ աշխատանքը, եւ´ գրելը կարծես օգնում են անհատակ ցավը բառերի տեսքով սրտիցս հանել: Նույնչափ ինձ տանջում է նաեւ կնոջս վիճակը, ասում եմ` մենակ մենք չենք, տես` շուրջը ինչքան մարդիկ կան… Նրան մխիթարելով` կարծես ինձ եմ փորձում մխիթարել: Ամեն աստծո օր սպասում ենք մի լուրի, որ, գոնե, մի լացելու, խնկելու, սփոփվելու, մխիթարվելու, խաղաղվելու տեղ ունենանք…»,– ասում է անհայտ զինվորի հայրը:

Խնդրում եմ պատմել որդու մասին: 71-ամյա հայրը պատմում է, որ Կարենը սովորել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցում, մեկ տարի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, բայց առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը, վերադարձել ծննդավայր, սովորել Սիսիանի վարժարանում, ավարտելուց հետո ծառայել բանակում: Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է Ագրարային համալսարան, իսկ 2015-ին պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում, վերապատրաստվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Ամուսնացած էր, ունի երկու զավակ` տղա եւ աղջիկ: Հայրը պատմում է, որ Կարենը հիպոտեկով վարկ էր վերցրել, անգամ հիմա, երբ գնում է վարկատու կազմակերպություն` վարկը մարելու, կազմակերպության աշխատակիցները խորը ցավով եւ ափսոսանքով, միաժամանակ` հիացմունքով ու անասելի սիրով են խոսում որդու մասին, նրա պարզ, մարդկային, բարյացկամ բնույթի մասին, ինչից սիրտն ավելի է ճմլվում:

2020-ի սեպտեմբերին 27-ին 35-ամյա Կարենն իր դասակի հետ Նախիջեւանին սահմանակից Սիսիանի դիրքերում էր: Հոկտեմբերի 8-ին իջել են դիրքերից, մեկնել Հադրութ: Մինչեւ հոկտեմբերի 14-ը մասնակցել են մարտական ակտիվ գործողությունների: «Ամեն օր առավոտյան վեցն անց կեսին զանգահարում էր մորը: Դա էր իր անփոփոխ ժամը: Հոկտեմբերի 14-ին էլ է զանգահարել, նույն օրը, սակայն, կեսօրից հետո նրանից այլեւս ոչ մի լուր չունենք մինչ օրս: Գիտենք, որ շրջափակումից վերջինն ինքն է իր դասակի հետ դուրս եկել, պայմանավորվել են հանդիպել բոլորին ծանոթ մի վայրում: Իր դասակից մարտունեցի Էդմոնը, իջեւանցի Ժորան, երեւանցի ընկերը` կապիտան Լյովան, կամբատը` Եգորը, վիրավոր են եղել, հասցրել է շտաբ, վիրակապել են, ոչ ոք ի վիճակի չի եղել մեքենան վարել, ասել է` չեմ թողնի տղերքը արյունաքամ լինեն, ես ճանապարհը գիտեմ, նրանց կհասցնեմ Կարմիր Շուկա` հոսպիտալ, բայց տեղ չեն հասել, ֆիզուլիից մի 4-կմի մոտակայքում մեքենան այլեւս տեղ չի հասել»,- ասում է Ռոբերտը ու պատմում, որ հրադադարից հետո խաղաղապահների հետ մի քանի անգամ եղել են նշված տարածքներում, վերջին անգամ` 2021-ի հունվարի 15-ին, հայտնաբերվել է 5 մարմին, 4-ի մասունքները նույնականացավել են, ավելի ճիշտ` Ճանաչվել են միայն գրպաններում պահպանված փաստաթղթերով, որնցից մեկը եղել է բռնակոթոցի Գրիգոր Գրիգորյանը, 5-րդի մարմիը չի նույնականացվել, եւ նա Կարենը չէր: Մի քանի անգամ դնթ անալիզ է արվել նաեւ արտերկրում, վերջին անգամ սրանից մի 15-20 օր առաջ են կրկին բացասական պատասխան ստացել, բայց, ինչպես Ռուբերտն է ասում, հույսը վերջինն է մեռնում, եւ  հույսով սպասում են:

Ի պատասխան իմ` ինքն ինպե՞ս է գնահատում իր ստեղծագործությունները հարցին, ասում է`

– Ինձ հասկանալու համար պետք է իմ ցավով ապրել… Գրում էի ինձ համար, չեմ ասի` գեղարվեստական բարձրարժեք գործեր են, իմ ապրումներն էի թղթին հանձնում, բայց Կարենից հետո մի մեծ տխրություն մնաց հոգուս մեջ, որն անդրադարձավ նաեւ իմ գրվածքներում: Բնություն, հող, կյանք, կառչել եմ սրանցից, իմ ապրելու ձեւերից մեկը սա է, սա էլ չլինի, ավելի լավ է մեռնեմ, սենց ապրելն ում է պետք… Ինձ ապրեցնում է հողի հետ աշխատանքը եւ մտքերս ու հույզերս թղթին հանձնելը… Բնույթով էլ եմ բծախնդիր, աշխատում եմ ոչ թե ուտելու համար, այլ` որ ապրեմ, ցավը բառերի տեսքով դուրս է գալիս հոգուցս, սիրտս մի քիչ թեթեւանում է: Կարեւոր չէ` ուղղագրական, կետադրական, շարահյուսական, ոճական սխալներ եմ անում, ես շինարար եմ, երկար տարիներ աշխատել եմ Սիսիանի կադաստրում, հետո անցել թոշակի: Գրելն ինձ համար կարեւոր է իմ վիշտը փարատելու, իմ հոգին թեթեւացնելու, սիրտս ամոքելու համար, հետո էլ էդքան զոհված տղաների ցավը մեղմելու համար: Կարենն ընկերներ շատ ուներ, հիմա նրանք ինձ համար Կարենի տեղն էլ են, բայց ամենամտերիմը Աշոտն է, նույնպես նահայտ զինծառայող Արայիկի եղբայրը, կողքիս է, հասնում է, օգնում ամեն ինչով, նրա ներկայությունից Կարենի ներկայությունն եմ զգում: Բայց իմ թշնամուն էլ չեմ ցանկանա այն, ինչի միջով մենք ենք անցնում, մենք ենք ապրում: Տղաները շատ ափսոս էին, բայց իրենք մեր արժանապատվությունը փրկեցին, մեր ապրելու իրավունքը վերահաստատեցին: Գիտեմ, որ մարդ չպիտի չար լինի, եթե կարողանում ես, բարություն արա, լավություն արա, գցիր ջուրը, մայրս էլ էր այդպես ասում: Հիմա էլ չեմ չարանում, կյանքը ոչ ինձանով է սկսվում-ավարտվում, ոչ էլ մյուսներով, կյանքը շարունակվում է, կյանքը հավերժ է, չարն է աշխարհն ու բնությունը կործանում: Աշխարհի արարումից հետո Աստված վերջում մարդուն ստեղծեց, ասաց` վայելիր, բայց մարդը գազան դուրս եկավ: Սակայն հենց մարդը պիտի կարողանա հաղթել իր ներսի գազանին եւ փրկել աշխարհն ու իրեն: Թողնենք ամեն ինչ իր ընթացքին, ժամանակն իր անելիքն անում է, կուզենամ, որ մարդիկ փոխվեն դեպի լավը, որովհետեւ միայն սիրո, հարգանքի միջոցով է հնարավոր հաղթել վատին, չարին եւ ապրել…,- ասում է Ռոբերտը:

Իր բանաստեղծությունների մատյանից Ռոբերտն ընտրությունը թողեց ինձ: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Դուք չեք հասկանա իմ ցավոտ հոգին,

Դուք չեք զգացել տանջանքները իմ,

Ցավում է սիրտս, ցավում է հոգիս,

Երբ դուք չեք գալիս, ու չկաք կողքիս:

Երբեք չեք լսել տողերն իմ երգի,

Ու չեք ընթերցել բառերն իմ գրի,

Դուք չեք հասկացել իմ ցավոտ հոգին,

Ես եմ ձեր ցավը իմը համարել:

Բայց մի վախեցեք իմ տխուր երգից,

Հեռու մի փախեք, այն չի այրի ձեզ,

Թեեւ տնքում եմ ցավոտ վերքերից,..

                   ¤ ¤ ¤

Մեր սրտի մեջ ահագնացած

Ինչքան հույսեր կործանվեցին,

Մեր հոգու մեջ անմահացած,

Ի~նչ անուններ հար գրվեցին:

Դեղնած աշնան այդ օրերին

Ինքա~ն տղերք խոր քնեցին,

Իսկ դու, աշխարհ, քնով տարված,

Բերանդ փակ, լուռ մնացիր:

Ինչո՞ւ, ինչու այս նոր դարում

Աշխարհը մեզ զոհաբերեց,

Ինչքան արդար եղանք կյանքում,

Այնքան մեղքեր մեզ պատահեց:

Ինչքան էլ որ կրակ վառեք,

Ծնվելու ենք մոխիրներից,

Ինչքան էլ մեր սիրտը խոցեք,

Հառնելու ենք կրակներից:

            ¤ ¤ ¤

Դու խոստացար, որ ետ կգաս,

Կցրես խավարը մեր սրտից,

Դու խոստացար վառել լույսը,

Լցնել մեր սիրտը խնդությամբ:

Դու խոստացար…

Իսկ մենք դեռ սպասում ենք խոստումիդ…

                ¤ ¤ ¤

Մենակությունն ինձ իր գիրկն է առել,

Ու դարձել իմ մտերիմ ընկերը,

Հոգուս թեւերը այնպես ամուր է կապել,

Ու դարձել նրա միանձնյա տերը:

Սիրտս ու հոգիս կաղապարվել են ցավից,

Միայն հույսս է, որ ազատ թեւում է,

Եւ դառնում կյանքի հենարան,

Ապրելը կարծես հեշտ է թվում,

Մինչեւ երբ, մինչեւ երբ, չգիտեմ…

                   ¤ ¤ ¤

Անվերջ նայում եմ նկարիդ,

Չեմ հոգնում ժամեր շարունակ,

Տխուր օրերիս միակ բալասան,

Դու այնպես հեռու, ու այնպես մոտիկ:

Հույս ու շունչ ես տալիս ապրելու համար,

Որ մի օր, մի օր կտեսնեմ,

Թեկուզ` վերջին շնչում, վերջին շնչում…

                     ¤ ¤ ¤

Կյանքիս փակ դուռը ով կբացի, եթե ոչ` դու,

Սրտիս հանգած կրակը ով կվառի, եթե ոչ` դու,

Հոգուս մարած լույսը ով կվառի, եթե ոչ` դու,

Իմ կորած հույսը ով ետ կբերի, թեթ ոչ` դու:

Տխուր օրերս ով ուրախությամբ կլցնի, եթե ոչ` դու,

Սառած օջախս ով կջերմացնի, եթե ոչ` դու:

Աաստված, փրկիր նրան, ցույց տուր վերադարձի ճամփան,

Որ ընդմիշտ մնամ քո սուրբ հավատի վկան:

                          ¤ ¤ ¤

Կամաց քայլեք այս վիրավոր հողի վրա,

Չէ՞ որ այնտեղ անմահ սրտեր են բաբախում,

Խոսեք շշուկով, բառերը մրմունջով արտաբերեք,

Որ տղերքի հավերժական նինջը չխաթարվի…

Կամաց քայլեք այս վիրավոր հողի վրա,

Կամաց քայլեք, որ մեր վիրավոր սրտերը չմխան ցավից…

                   ¤ ¤ ¤

Սրտիս մեջ` ցավ, հոգուս մեջ` ցավ,

Ցավոտ հույսեր, ցավոտ հոգսեր,

Մի խեղճ մարմին` ցավից փքված,

Դարձած անտեր, դարձած անսեր:

Ցավից ծնված խորը վերքեր,

Ցավից սառած ցաված շուրթեր,

Աղոթք անող ցավոտ աչքեր,

Ցավից տանջված հանգած կրքեր,

Մահից առաջ վերջին ճիգեր,

Վերջին արցունք, վերջին իղձեր,

Ոչ մի ժպիտ, ոչ մի ծիծաղ,

Միայն լուռ սուգ ու տառապանք:

Մահին հառած սառած աչքեր,

Աչքեր մեջ` հին-հին հուշեր,

Վերջում` մարած ավեր մի կյանք,

Ու ոչ մի կյանք, ոչ մի կապանք:

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՄԵՆՔ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Ու հաղթության լուրը ազգովի ենք հայտնելու հանուն այդ հաղթանակի, հանուն հայրենիքի բոլոր տարիներին ու բոլոր ժամանակներում նահատակված ու Սիսիանի պանթեոնում…

Կվերակառուցվի Սիսիանի բժշկական կենտրոնը…

Տեղադրվել է - Ապրիլ 16, 2021 0
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ…

ՀԱՂԹԱՆԱԿ, ՄԵՆՔ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Հայոց նահատակ զինվորի հուղարկավորումից երեկ պանթեոնից վերադառնալիս Սիսիանի կենտրոնական հրապարակում հանդիպեցի այս հրաշք տղաներին… Քիչ է ասել, թե ցրվեց տխուր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code