ԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ . 44- ամյա կյանքը` 44-օրյա պատերազմին…

Տեղադրված է at Հունիս 2, 2021
1266 0

Շաքեի համայնքապետարանի աշխատակից Ռուբենի ուղեկցությամբ մտնում ենք 44-ամյա կյանքը արցախյան 44-օրյա պատերազմում զոհաբերած Իգոր Գրիշայի Գաբրիելյանի տուն… Խնամված բակ, համաչափ, հավասար շարքերով մշակված բոստան ու մի տխուր-տխրեցնող լռություն… Անմիջապես կռահում ես, որ տխրությունից առաջ եւ տխրությունից հետո այստեղ ամենից շատ սեր է ու գուրգուրանք, հոգատարություն է ու օջախի ջերմություն… Հետո` բարի, անչափ բարի, տխրամած աչքերով 71-ամյա Գրիշա հայր, սիրունատես, մեղմաբարո, անասելի ցավը դեմքին դրոշմված Էլմիրա մայր, ինքն իր կորստյան ցավի հետ կռիվ տվող եւ այդպես էլ հաշտության եզրեր չգտնող տիկին Նարինե… եւ մեղավորության մի զգացում, որ պիտի վերստին փորփրես նրանց ցավը, նորոգես նրանց վիշտը, որ դեռ արցունքածոր է, որ դեռ թարմ է ու մխացող…

Գրիշա հայրիկի ընտանիքի պատմությունը կարծես մեր ազգային ճակատագրի խտացված մարմնացումն է, որի ագույցը Արցախն է… Ու որքան նրա ընտանիքը «հեռացել է» Արցախից, ճակատագիրն ամեն անգամ նրան տարել է Արցախ` հավերժորեն կապելով Արցախի հետ…

Արմատներով Արցախի Ասկերանի շրջանի Բադարա գյուղից է, ու հայրենի գյուղի անունը տալիս Գրիշա հայրիկը մի առանձին հպարտությամբ է շեշտում համագյուղացի եւ բարեկամ Ջալալ Հարությունյանի անունը, որը դարձավ նաեւ այս պատերազմի խորհրդանիշներից մեկը… Ինքը, սակայն, ծնվել եւ մեծացել է Բաքվում, իր չորս զավակները ծնվել եւ մեծացել են Բաքվում, իր սիրունատես կինը` արմատներով բռնակոթցի տիկին Էլմիրան, վաղ տարիքից է տեղափոխվել Բաքու, եւ այնտեղ էլ հանդիպել-ամուսնացել են, իր կրտսեր որդի Իգորը 12 տարեկան էր, երբ 1989-ին փախան արնախում Բաքվից ու հանգրվանեցին Սիսիանի Շաքե գյուղում… Տունը, որը բաժին էր ընկել իրենց, կրակի էր տրված, անդուռ, անպատուհան…

«Տարեց ծնողներիս ու երեխաներիս թողեցի քրոջս մոտ` Բյուրեղավանում, եւ կնոջս հետ մի երկու-երեք ամսում վերանորոգեցինք տունը, կարգավորեցինք, հետո նոր նրանց տեղափոխեցի այստեղ»,-ասում է Գրիշա հայրիկը, հետո պատմում, որ շատ արագ հարմարվեցին գյուղի կյանքին, սովորեցին գյուղի գործերը, անասուն պահեցին, այգի մշակեցին, դարձան իսկական շաքեցի, խնամիություն արեցին, բարեկամություն արեցին, աղջիկ ու թոռ ամուսնացրեցին հենց Շաքեում… 92-ին հորր հուղարկավորեց, 97-ին` մորը, ու Շաքեն դարձավ իրենց կենսագրությունը, իրենց տունը… «Էնտեղ վատ չենք ապրել, էնտեղ հայերը լավ էին ապրում, ես ծառայել եմ ռազմական նավի վրա որպես նավավար, Հայաստան գալուց հետո ծառայությունս շարունակել Արցախում` ոպրես զինորական ու էնտեղից էլ թոշակի անցել, բայց իմաստուն հայրս ասում էր` մեկ է, թուրքը նման է օձի, որ մի օր հարվածում է անսպասելի»,- ասում է Գրիշա հայրիկը ու ինքն էլ հաստատում` էդքան տարի հետո նորից օձի մնան խայթեցին…

Իգորը Բաքվում հաճախել էր սպորտի, թեթեւ ատլետ էր, լավ հաջողություններ ուներ, բայց ամեն ինչ թողեցին «էնտեղ», եւ շաքեցի մյուս «փախստականների» հետ նա էլ հաճախեց Սիսիանի ռուսական դպրոց, սովորեց, ավարտեց: 1995-97-ին ծառայեց հայոց բանակում, հենց Արցախում, Զանգելանի սահմանապահ զորամասերից մեկում, դիպուկահար էր: Զորացրվելուց հետո ամուսնացավ: Հարցիս` մեր հարսը նույնպե՞ս Շաքեից է, Գրիշա հայրիկը նորից խանդավառ պատասխանեց` չէ, արցախից է, իմ հայրենի Բադարայից… Ասում է, որ թեպետ Բաքվում է ապրել, բայց կապը միշտ եղել է նախնիների ծննդավայրի հետ, ու իր սիրելի հարս Նարինեն իր ընկերոջ աղջիկն է, ու շնորհակալ է ճակատագրից, որ իր համեստ, ծնողին լսող, ծնող հարգող Իգոր որդուն աստված բաժին էր հանել հենց Նարինեի նման կողակից, որ 4 զավակ պարգեւեց իրենց, որ թեւ ու թիկունք եղավ որդուն, որ պատվով ու արժանապատվորեն մտավ բազմանդամ ընտանիքի բեռան տակ ու էսպես պատվով էլ տանում է, շարունակում է Իգորի կիսատ թողածը, շարունակում է նրա նման առու հանել, բոստան ցանել եւ շեն պահել օջախը…

Հետո թեման, բնականաբար, շեղում ենք արցախյան 44-օրյա պատերազմ… Գրիշա հայրիկը պատմում է, որ Իգորը 2001-ին պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամաս, լրանում էր նրա ծառայության 20 տարին, եւ շուտով պիտի զինվորական թոշակի անցներ: Այդ ընթացքում մի անգամ դուրս է եկել ծառայությունից, մի երկու տարի աշխատել Ռուսաստանում, բայց վերադարձել եւ 2015-ին նորից ծառայության մտել Սիսիանի զորամասում: Հոկտեմբերի 8-ին իջել են Սիսիանի դիրքերից եւ մեկնել Արցախ: «Ամեն օր զանգել-խոսել է, ասել է` ամեն ինչ լավ է, վատ էլ լիներ, Իգորը էնպիսի բնավորություն ուներ, որ երբեք չէր ասի` վատ է: Ասել էր` ձեզ լավ պահեք: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14-ին` Հադրութից… Հոկտեմբերի 15-ից հետո էլ զանգ չենք ստացել…»,-ասում է Գրիշա հայրիկը, ու հետո արցունքոտ աչքերով պատմում այն ծանր, ահավոր ծանր ու դժվարին յոթ ամիսների մասին, որի ընթացքում փնտրել են որդուն… Ինչպես ինքն է ասում` Հայաստանում էլ տեղ չեն թողել, էլ հասցե չեն թողել, փնտրել են, արդեն գիտեին, որ զոհվել է, բայց, գոնե, աճյունը գտնեին, հողին հանձնեին…

Յոթ ամսվա փնտրտուքներից հետո 2021-ի մայիսի 14-ին եղբորորդին լուր է տվել, որ Իգորի աճյունը Գորիսում է: «Տղայիս տուն բերեցինք, ուզեցինք, որ իր տնից էլ ճանապարհենք հավերժություն, իր տնից գնացել էր պատերազմ, թող իր տնից էլ պանթեոն գնար»,-ասում է Գրիշա հայրկը եւ հավելում, որ որդու զոհվելուց ուղիղ յոթ ամիս հետո` մայիսի 15-ին նրան հուղարկավորեցին Սիսիանի հերոսական պանթոնում…

Ասել, թե խաղաղվել են, դժվար թե, ասել, թե հաշտվել են, հազիվ թե, բայց, ինչպես Գրիշա հայրիկն է ասում, գոնե իրենց որդու չարչրկված հոգին խաղաղվեց, գոնե իրենց ուշքը ետքից կտրվեց, չնայած յուրաքնչուր օրը սկսում են իրենց տան մի անկյունում դրված նրա լուսանկարին բարի լույս ասելով, օրն ավարտում նրան բարի գիշեր մաղթելով…

Իգորի հարեւանները, խնամիները, մարտական ընկերները մենակ չեն թողնում իրենց զինակից ընկերոջ ծերունազարդ ծնողներին, ընտանիքին, այցելում են, մանրամասներ պատմում: Ասել են, որ Իգորն ընկերոջ հետ վիրավորվել է, անշարժացրել են նրանց վիրավոր ոտքերը, մի 10 կմ իրենց հետ տարել այլ վայր, մեկին դրել են շտապօգնության մեքենան, վերադարձել, որ Իգորին էլ տանեն, անօդաչուն արդեն երկրորդ հարվածն էր հասցրել…

«Ինձ մխիթարում եմ նրանով, որ Իգորը զավակներ ունի, թոռներ, որ նրա ծուխը ծխալու է, որ 17-ամյա իմ Արթուր թոռը, որ արդեն տան տղամարդն է, մեզ թեւ ու թիկունք է, բայց դրան զուգահեռ մղկտում են էն ջահելների համար, որ ոչ ծնող դարձան, ոչ զավակ ունեցան… »,-ասում է Գրիշա հայրիկը եւ անհագ կարոտով նայում այլեւս արդեն նկար դարձած որդուն…

Ռուբենը նույնպես շատ դրական խոսքեր է ասում համագյուղացի Իգոր Գաբրիելյանի մասին, ասում է, որ շատ արագ է ինտեգրվել համայնքի կյանքին, ընկերասեր էր ու շրջապատված: Ռուբենը հետո ցավով հավելում է, որ Իգորը Շաքե գյուղի 7-րդ նահատակն է, որ գյուղը բոլորի համար սգացել է, բոլորի համար խորին ցավ ապրել, որ Շաքեի 7 նահատակները մեր մյուս նահատակների նման անմահ են ու հավերժ, որ նրանց թափած արյամբ է առավել պաշտելի դարձել այն հողը, որը հիմա թեպետ մեր վերահսկողության տակ չէ, բայց նրանց նահատակության վրեժը մի օր պիտի լուծվի, եւ… լուծվելու է, այլապես մեր պատերազմը դեռ ավարտված չէ…

Ծառայության ընթացքում մարտական պատրաստության եւ զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար Իգոր Գրիշայի Գաբրիելյանը պարգեւատրվել է ՀՀ ՊՆ եւ թիվ 60913 զորամասի պատվոգրերով, շնորհակալագրերով, շքանշաններով, իսկ ետմահու` ՀՀ նախագահի հրամանագրով` մարտական ծառայության մեդալով:

Հ.Գ. Նարինեն ամուսնու իրերի մեջ ցույց տվեց մի գրիչ, որ պատերազմ մեկնելուց առաջ հայրը նվիրել էր ուսանողուհի դստերը եւ պատգամել լավ բաներ գրել այդ գրիչով… Հիմա Իգորի դուստրը այդ գրիչով հիշողություններ է գրում հոր մասին, ով իր արյամբ գրեց մեր պատմության հերոսական մի էջը, որ 44-օրյա պատերազմ անունն ունի..

Հավերժ փառք քեզ եւ հավերժ խոնարհում, դիպուկահար Իգոր Գաբրիելյան, ննջիր խաղաղությամբ հայրենիքի սուրբ նահատակների խնկաբույր պանթեոնում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՄ ՈՏՔՈՎ ԿԳԱՄ, ԹԵ` ՈՒՐԻՇԻ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ, ԴՈՒՔ ԻՐԱՐ ՀԵՏ ԼԱՎ ԵՂԵՔ… 44-օրյա պատերազմի նահատակ Մարատ Հակոբջանյան

Տեղադրվել է - Նոյեմբեր 8, 2021 0
Շամբամիջայն հրապարակում, որ արցախյան քառօրյայի նահատակ, համայնքի երջանկահիշատակ ղեկավար Մայիս Միրզոյանի անունն է կրում, ինձ դիմավորեց Սիսիան համայնքի Դարբաս-Շամբ գյուղերի…

ԴԱՐԲԱՍԻ ԲԱՐԲԱՌԸ` ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ…

Տեղադրվել է - Մարտ 6, 2024 0
ԱՇԿՏ ՏՈՒՍ ԿՅԱ, ԱՆՄԸՏ ՏՈՒՍ ՉԿՅԱ… Պարիօր ծեզ։ Հո՞ւնց էք։ Մետերնիտա կա՞մ մեր էն պաժառին պատմությունը, վեր փշերը վառիլից սաղ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code