Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

2552 0

Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը… Որքա~ն` ծանր, որքա~ն` ջանք ու ճիգ պահանջող… Բայց երբ զգում ես, որ այս մարդիկ, անգամ մեկ տարի անց, սպասել են որեւէ լրագրողի, որեւէ պաշտոնյայի, որեւէ` սրտակից, հոգեկից, վշտակից, ցավակից մարդու հետ զրուցելուն, փարատվում ես, ոգեպնդվում, լցվում համբերությամբ` լսելու հերթական անասելի ցավի, անմռունչ կարոտների, անամոք վշտի մասին նահատակի հարազատների զրույցները… Ու երբ նրանք էլ են զգում քո անկեղծ ապրուները, նրանք էլ տեսնում քո ներքին տանջանքը, քո` չքողարկվող հույզերն ու խռովքը, զրույցն անցնում է հարազատորեն, մերձավորի մտերմությամբ, ու 66-ամյա տղամարդը չի ամաչում իր արցունքներից, վշտից կուչ եկած մայրը չի ամաչում իր մղկտոցը բարձրաձայնելուց, երիտասարդ տարիքում այրիցած կինը չի ամաչում ամուսնու անփարատ կարոտների մասին քեզ հետ կիսվելուց, երեխաները չեն ամաչում «օտարի» մոտ իրենց արցունքներին ազատություն տալուց…

Հենց այսպես եղավ իմ հանդիպումը Շաղատում 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ռուբիկի Ստեփանյանի տանը: Այցիս նպատակի մասին խոսելն արդեն  տակնուվրա արեց Կարենի ծնողներին, նորից բացեց չփակվող վերքը, նորից քրքրեց նրանց ցավը, բայց նաեւ շնորհակալ էին, որ իրենց նահատակին հիշող կա, նրա մասին գրող կա, նրա զոհաբերումը գնահատող կա, նրա անունը հավերժացնող կա…

Որ պիտի մի հուզիչ ու տխուր պատմություն լսեի, արդեն զգացել էի նախապես Շաղատի նահատակների զինվորական պանթեոն այցելելիս… Զոհվածների` հասակով մեկ կանգնեցրած հուշաքարերից անմիջապես աչքի էր զարնել Կարեն Ստեփանյանի քարի` Ախ, Կարեն մակագրությունը … որ ամեն ինչ ասում է, ամեն ինչ փաստում, ամեն ինչ վկայում… Հետո իմացա, որ հայրն է այդպես ցանկացել…Կարենը ցավ ու մրմուռ տվեց ծնողներին, կնոջը, երկու երեխաներին ու գնաց հավիտենություն, գնաց հայոց նահատակների երկնային սրբազան պանթեոն, որտեղ ժամանակը անժամանակյա է, որտեղ վախճանն անվախճան է, հիշատակը հավերժական է…

Բայց միայն ցավ ու մրմուռ չէ, որ Կարենը տվել է… Պարզ, անպաճույճ, հյուրընկալ ու հյուրասեր այս ընտանիքը տիպիկ հայկական ավանդական ընտանիք է` իր բոլոր չգրված օրենքներով, որ հաստատվել են որդոց որդի ու շարունակվում եւ շարունակվելու են…

Կարենը տան առաջնեկն էր, երկու քույրերի պաշտպան-հենարանը: «Կարենս լավ մարդ էր, նվիրված զավակ էր, լավ ամուսին էր ու հրաշալի հայր: Շաղատում նրան բոլորը մատով էին ցույց տալիս, հարգանքով էր բոլորի հանդեպ: Դպրոցում լավ էր սովորում, գնացել էր ընդունվել պոլիտեխնիկ համալսարան, բայց վճարովի էր ընկել, վճարի համար չէր ուզել մեզ նեղություն տալ, եկել-ասել էր` կոնկուրսի տակ եմ մնացել ու չէր գնացել սովորելու: Հետո ուրիշ մասնավոր բուհերից առաջարկել էին դառնալ իրենց ուսանողը, Կարենը հրաժարվել էր, ասել` չեմ գնալու չիմացողների հետ նստեմ-սովորեմ… Ու էդպես էլ ուսում չստացավ: Բայց ամեն ինչից ուժեղ էր, քաղաքականությունից էլ, տնտեսությունից էլ… Դպրոցի լուսահոգի տնօրեն Ռազմիկ Հարությունյանն ասում էր ես որ գնամ թոշակի, դու կգաս քիմիա կպարապես…Երեխաների դասերը հեռախոսով դիրքերից էր բացատրում, օգնում գրավորները գրել… Բայց ամենից շատ Կարենս հայրենասեր էր…»,- ասում է մայրը` տիկին Աննան, կծկվում ինքն իր ցավի մեջ, հառաչում ու երանի տալիս, որ «հայրենասեր չլիներ, որ թեկուզ` գերի ընկներ, հաշմանդամ գար, բայց` գար, տուն գար, ու էս անկրակ մուխն ու անդարման ախ-ը չդներ իրենց սրտում»…

Կարեն Ստեփանյանը 2009-ին պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամասում: Մի քանի անգամ երկարացրել էր պայմանագիրը: «Վերջին երկարացման ժամանակ խնդրեցի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, մեքենա գնի, եղածից-չեղածից էլ կավելացնենք, առեւտրի կետ կդնենք, առեւտուր կանենք, տունը կպահենք: Չհամաձայնվեց: Ուրիշ նպատակներ ուներ: Մեր ամուսնության 50-ամյակը եւ նրա` զինվորական թոշակի անցնելը համընկնում էին, Կարենը մտադիր էր շուքով նշել այդ երկու իրադարձությունը, հետո նոր դուրս գալ զինվորական ծառայությունից… Նպատակներն անկատար մնացին»,- ասում է հայրը` Ռուբիկ Ստեփանյանը:

Նպատակներ էլի ուներ, ու դրանք երկու զավակների, տան, օջախի, հայրենի գյուղի եւ երկրի հետ էին կապված… 12 տարի զինվորություն արած, արդեն կայացած, 41 տարին բոլորած տղամարդը դեռ պիտի ապրեր, դեռ պիտի իմաստավորեր իր կյանքը եւ նոր երազանքեր ծրագրեր իր եւ ընտանիքի համար, բայց…

Հրեշավոր պատերազմի օրերին Նախիջեւանի սահմանային դիրքերում էին: Հոկտեմբերի 8-ին իջել են դիրքերից եւ Սիսիանի գնդի հետ մեկնել Արցախ: Կարմիր Շուկայից տեղափոխվել են Վարանդա, թեժ մարտեր են մղել թշնամու դեմ, մեծ կորուստներ հասցրել նրան, ընկել շրջափակման մեջ, բայց հմուտ գործողություններով կարողացել են դուրս գալ շրջափակումից եւ նորից մասնակցել մարտերի, հետո նահանջել են եւ փորձել միանալ գնդին, սակայն մեքենա նստելու պահին անօդաչուն հարվածել է եւ… Կարենի հետ նույն մեքենայում, ինչպես վկայում է հայրը, եղել են նաեւ մեր նահատակ Օգսեն Թովմասյանը եւ մեկ մայոր Գորիսից` Մայիս անունով, ում ազգանունը չէր հիշում, ով մահացել էր հոսպիտալում… Դա եղել է հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը:

«Վերջին անգամ զանգահարեց հոկտեմբերի 14-ին ժամը 5-6-ի կողմերը, խոսեց բոլորիս հետ, ասաց` ամեն ինչ լավ է… Կարենի զոհվելու լուրը ավելի ուշ ենք իմացել` հոկտեմբերի 17-ին, իսկ դնթ անալիզի պատասխանը եկել է փետրվարի 27-ին: Կարենին հուղարկավորել ենք մարտի 1-ին` Շաղատի պանթեոնում: Կարենը լավ ամուսին էր, նվիրված, հոգատար, լավ մարդ էր: Մենք հարեւաններ ենք եղել, քրոջ հետ սովորել ենք նույն դասարանում, 7 տարի Կարենը եկել է իմ հետեւից, ամուսնացանք, երջանիկ էինք, ապրեցինք ընդամենը 12 կարճ տարիներ… կարճ, բայց` իմաստավոր, բովանդակալից… Ես չեմ հավատում, որ Կարենը չկա, սպասում եմ, որ մի օր գալու է, բացելու է տան դուռը ու ներս է մտնելու…»,– ասում է կինը` Անի Եղյանը, հետո պատմում մի պատմություն, որ այնքան շատ էին պատահում ետպատերազմական օրերին… Անծանոթ հեռախոսահամարից Իրանից զանգեր են եկել իր, դստեր եւ տալոջ հեռախոսներին` իբրեւ Կարենի անունից, իրենք հետաքրքրվել են այդ համարներով եւ այդ հեռախոսազանգերով, սակայն իրենց ասել են, որ նման հեռախոսահամարներից չեն զանգահարել… Հույսը, կասկածն ընկել ու մնացել է Անիի սրտում, ու նա դեռ շարունակում է սպասել, միշտ սպասել իր Կարենին…

Մինչդեռ հայրը` Ռուբիկը պատմում է, որ ինքն անգամ բացել է տվել փակ գադաղը, զննել որդու մասունքները, նույնիսկ` հոտոտել ու համբուրել… «Թեկուզ մեկ օր էլ ապրեի, պիտի անփարատ կասկածներով չապրեի, ես չէի կարող այդպես ապրել… »,-ասում է Ռուբիկ Ստեփանյանը, հետո պատմում, որ Կարենին խնդրել է չգնալ, ասել է` երկու երեխա ունես, որ սա էն պատերազմը չի, ինքը մասնակցել է առաջին արցախյանին, 1993-ին եղել է Վուրգ Ոսկանյանենց հետ, բայց` թուրք չի տեսել, թուրքերը վախից փախչում էին, եթե անգամ մի փայտով ընկնում էիր նրանց հետեւից, սա ուրիշ պատերազմ է, բայց Կարենը չէր կարող 12 տարի զինվորության արած, երկրի սահման պահած զինվորի պատիվը փոխել որեւէ ուրիշ բանի հետ ու չգնալ…«Երբ Կարմիր Շուկայից ասել են` ով ուզում է, կարող է չգալ Վարանդա, եղբորս տղան` Հունանը, ով նույնպես Կարենի հետ է եղել, նրան հորդորել է չգնալ, բայց Կարենը ձեռքը թափ է տվել եւ առաջ ընկել… Ինքն այնքան մեծ սիրտ ուներ, որ իր զինակից ընկերոջը` համագյուղացի Նվեր Ազիզյանին չի թողել գնալ առաջնագիծ, ետ է տվել, ասել` դու որբ ես մեծացել, անհայր, անմայր, 4 երեխա ունես, դու ետ դարձիր, որ քեզ մի բան լինի, ո՞վ է պահելու քո 4 երեխաներին, ես հայր ու մայր ունեմ, նրանք իմ երեխաներին կպահեն-կմեծացնեն… Կարենը սա էր, ողջ գյուղը գիտի այս մասին ու նրան մի առանձնակի հարգանքով են վերաբերվում… Կարենը նշանով տղա էր` դեմքին նշան կար, ասես` աստծո տված էր… Աստված տվեց, աստված էլ տարավ…»- ասում է հայրը, ու փորձում արցունքները թաքցնել 11-ամյա Ռոբերտ թոռանից, որ արդեն իրենց տան հենարանն է, օջախի շարունակողը, Ռոբերտն էլ խոստանում է, որ չի լացելու, քանի որ մեծ տղա է, հորը փոխարինողը…

Բոլորի համար էլ դժվար է… Մեկը զավակին է կորցրել, մյուսը` կողակցին, երեխաները` հայրիկին… Բայց ամենից դժվարը, հավանաբար մոր` Աննայի համար է… «Անին գնում է մանկապարտեզ իր գործին, բուժքույրն է, երեխաները գնում են իրենց դասին, Ռուբիկը դրսի գործերին է, դաշտերում, գոմում, ես եմ ողջ օրը տանը մենակ, ու անվերջ զրուցում եմ Կարենի նկարների հետ…»,- ասում է մայրը եւ` ի՞նչ է պատգամում Կարենը հարցիս պատասխանում` հպարտացեք, ու մենք հպարտանում ենք, որ մեր որդին զոհվել է հանուն հայրենիքի, որ չի փախել, չի լքել դիրքը եւ բարձր է պահել հայ զինվորի պատիվն ու երդումը…եւ որդուն խոստանում են արժանապատիվ պահել-մեծացնել երեխաներին, հասցնել իրենց նպատակին… դա է իրենց միակ մխիթարությունը…

Ստիպում են հաց կիսել…Մերժելը մեծ վիրավորանք է… Ռուբիկ հայրիկը հեռու է խմիչքից, բայց բոլոր կենացները նահատակների համար են, Կարենի համար է, Անուշավանի համար, Աշոտի համար, հին ու նոր բոլոր զոհվածների համար, հայոց երկրի խաղաղության համար, հայոց բանակի համար, նոր ծնունդներով մեր անտանելի շատ կորուստները լրացնելու համար, բայց անասելի մեծ սիրտ ունեցող Ռուբիկ հայրիկը չի մոռանում բաժակ բարձրացնել նաեւ էն գրչի համար, որ Սիսիանից եկել-հասել է Շաղատ ու բոլոր տառապանքները կրելով` անմահացնում է իրենց նահատակ որդիներին…

Հ.Գ. Մի պահ առանձնազրույց է ստացվում իմ ու Ռուբիկ հայրիկի միջեւ: Ասում է` իր տան պատուհանից երեւում է պանթեոնը, օրական հազար անգամ պատուհանից նայում է, արտասվում, բոլորից թաքուն է արտասվում, արտասվում է գոմում, դաշտում, բակում, անասունը պահելիս, եւ չի ուզում, որ իր արցունքները թոռները տեսնեն…Ինքը պիտի Ռոբերտին ուժեղ տղա մեծացնի, զինվորի հոգով ու զինվորի սրտով տղա…ինչպես իր Կարեն որդին էր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԱՀԱՏԱԿ ԴԱՎԻԹԸ ԾՆՈՂՆԵՐԻ 10-ՐԴ ԶԱՎԱԿՆ ԷՐ

Տեղադրվել է - Ապրիլ 19, 2022 0
Դավիթը Հմայակ եւ Տատյանա Դանիելյանների 10-րդ զավակն էր, 7 քույրերից եւ 2 եղբայրներից ամենափոքրը, ինչպես ասում են` տան փոքրին վերապահված`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code