ԹՇՆԱՄՈՒՍ ՄՈՐՆ ԷԼ ՉԵՄ ՑԱՆԿԱՆԱ ԷՍ ՑԱՎԸ, ՈՐ ԻՄՆ Է… 44-օրյա պատերազմում զոհված Վլադ Գրիգորյանի մայր

Տեղադրված է at Նոյեմբեր 16, 2021
595 0

Աղիտու գյուղի դպրոցի նույն դասարանում ընդամենը երեք աշակերտ էին, երեքն էլ տղա` Վլադը, Սարոն, Վահագնը… Վլադն ու Սարոն զոհվել են 44-օրյա պատերազմում ու թաղված են Սիսիանի պանթեոնում իրար մոտ… Պանթեոն այցելելիս Վլադի եւ Սարոյի հարազատները տարբերություն չեն դնում` իրենց արցունքները բոլորի համար են… Աղիտուի դպրոցում էլ, երբ խոսում են հայրենյաց նահատակների մասին, Վլադն ու Սարոն էլի միասին են: Աղիտու գյուղում էլ, երբ նահատակների հիշատակը խնկելու առիթ է լինում, Վլադի ու Սարոյի անունները դարձյալ միասին են…

Վլադը ճարպիկ էր, շփվող, մարդամոտ: Ինը տարեկանից աշխատել է հոր հետ, իրենց այգու պոպոկն ու բալն է վաճառել, իրենց հանդերից բերած ծնեբուկը, որ ընտանիքի կարիքները հոգա, որ մայրն ու հայրը ուրախանան իրենով, վայելեն իր ստեղծածը, ու դրանից ինքը անսահման լավ զգա, որ օգտակար եղավ…

Աղիտու գյուղում էլ են բոլորը բարի հիշում Վլադին, նշում, որ լավ տղա էր, լավ երիտասարդ, ոչ մեկի խոսքը չէր մերժի, կօգներ` ում կարող էր, դեռ փոքր երեխա` Տոլիկ պապիկի ոչխարի հոտը Արցախից քշել-բերել էր գյուղ, մեկի պոպոկի ծառն էր թափ տալիս, մեկի ծանր պայուսակը տանում… Արցախ մեկնելու օրն էլ, տեսնելով գյուղապետարանի աշխատակցի եւ նրա քրոջ` ջրի խողովակները սարքելու ջանքերը, մոտեցել-օգնել է, բայց կիսատ է մնացել, ավտոբուսն արդեն եկել էր, ու պայմանագրային զինվոր Վլադ Գրիգորյանը, որ պատերազմ էր գնում, ափսոսացել է, որ չկարողացավ Սուսանենց վթարված խողովակները սարքել-նոր գնալ… գուցե թողնելով հետոյին… Իսկ հետոն…

Մայրը չէր ցանկացել, որ Վլադը զինվորական դառնար… Երազել էր որդին զոոտեխնիկ, անասնաբույժ դառնար, կամ` շինարարություն աներ, քանի որ սովորել էր Սիսիանի պետական քոլեջի շինարարական բաժնում: Վեց ամիս սովորելուց հետո 2018-ին զորակաչվել էր բանակ, սկզբում ծառայել Հոկտեմբերյանի մի զորամասում, տանկիստ էր, ապա` Ֆիզուլիում: Բանակում ծառայությունն ավարտել-տուն վերադառնալուց հետո որոշել էր զինվորական դառնալ, ետ չմնալ ընկերներից եւ 2020-ի մայիսին պայմանագրային ծառայության էր մտել Նորավանի զորամասում…

Պատերազմից առաջ մի երեք օրով տանն էր, բայց սեպտեմբերի 27-ին տագնապ եղավ, հավաքեց տագնապի պայուսակը ու գնաց… Մորն ասել էր` վատ տեղ է գնում, բայց երբ սեպտեմբերի 29-ին մեկնել էին Արցախ, միայն հորը, որ առաջին արցախյան պատերազմի մասնակից էր, ասել էր, որ Մարտունիում են, եւ նրա` հաց ու ջուր կա՞ հարցին պատասխանել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ էլ կա, հանգիստ լինեն, բայց մորն իր գտնվելու տեղը չասի… Զանգել է մորը, խոսել, բայց այդպես էլ չի ասել իր տեղը… Եւ միայն հոկտեմբերի 20-ին, զոհվելուց մի երկու ժամ առաջ է զանգահարել մորը, ասել` ատամները գցի, տանը ջուր անցկացնեն, որին մայրը պատասխանել է` առանց իրեն ոչինչ չի անի, կսպասի, մինչեւ որդին գա… Վլադ Գրիգորյանը զոհվել է ինքնաթիռի արձակված արկի պայթյունից` վեց ծառայակիցների հետ… Հայրը` Ալբերտը պատմում է, որ կնոջը դաժան եղելությունն ասել է միայն այն օրը, երբ Վլադի աճյունը տուն են բերել, ինքը կնոջը տարել է կողքի սենյակ եւ ասել` Ապերը էլ չկա…

Ծնողները ցանկացել էին, որ հոկտեմբերի 23-ին Վլադին իրենց տնից տանեն վերջին հանգրվան, որովհետեւ դա նրա տունն էր, նրա օջախը, նրա երազանքների օրրանը, ու ինքը էլ մեծ ներդրում ուներ տան վրա. Աղիտուի նոր, մեծ ու ընդարձակ տունը գնել էին նաեւ նրա վաստակած գումարով, եւ ուզում էին, որ տնից էլ գնա հավերժություն…

Վլադին Ապեր էին ասում ոչ միայն ծնողները, այլեւ` բոլորը… Ծնողների համար եւ ապրեր էր, եւ` ընկեր, եւ` զավակ, եւ` տան միակ տղան… Քույրը` Օկսաննան, ամուսնացել- գնացել էր… Մայրը Վլադին լույս աշխարհ էր բերել 35 տարեկանում, եւ գուցե նաեւ դա էր պատճառը, որ մի ուրիշ սիրով էր սիրում, ուրիշ փայփայանքով ու գորովանքով էր կապված տղայի հետ: Նրա բոլոր երազանքները Վլադի հետ էին, իրենց բոլոր առավոտները բացվում էին միասին սուրճ խմելով. մայրն ասել էր` ամուսնանալուց հետո էլ եմ առավոտվա սուրճդ ես դնելու, հետո` կինդ կդնի…

Բայց հիմա էլ է առավոտվա սուրճը մայրը դնում, ու դարձյալ` երեք հոգու համար… ամուսնու, իր եւ… Վլադի… ու ասում, որ ինքը զգում է, որ տղան իր կողքին է, իր հետ է, որդին էլ երազին հաճախ է գալիս եւ ասում, որ իրենց հետ է…

Վլադի ծննդյան 22-ամյակը ետմահու լրացավ, եւ ծնողները այս տարվա սեպտեմբերի 11-ին իրենց տան բակում հուշաղբյուր կանգնեցրեցին, տաղավար պատրաստեցին, ու մայրը շարունակում է մեկ բաժակ սուրճը, կոնֆետի հետ, Վլադի համար դնել սեղանին եւ սպասել, անդադար սպասել, հավատով սպասել… «Երկնքում նրա աստղը ես ամեն օր տեսնում եմ, ինքն է ինձ նշան անում, որ Վլադիս աստղն է, ամեն երեկո ձեռքով պաչիկներ եմ ուղարկում նրան, հետո նոր պառկում…»,– ասում մայրը` Մարինեն ու պատմում նաեւ, որ մի օր որդին զանգել-ասել է` սուրճը դիր, հասա, մայրը հիշեցրել է, որ տանը կոնֆետ չկա, Վլադն անմիջապես գնել -բերել է, ինքը «հանդիմանել է», որ թանկն է առել, որդին կատակել է` հորդ տանը շատ չես կերել…  Մարինեն երանությամբ ու արցունքախառն ասում է, որ որդին հորը Աբոյիկ էր ասում, իրեն` Մարինիկ, իսկ հայրը նրան այդպես էլ չկարողացավ անունով ասել` միշտ Ապրեր էր ասում, կամ` Վլադ-Ապեր… Հետո պատմում է, որ երբ Վլադը փոքր երեխա էր, շատ փոքր, հայրը խնդրել էր մի կենաց ասել, ու Վլադն ասել է` կենաց-հայրենիք…«Ի՞նչ իմանայի, որ որդիս հայրենիքի համար էր, դե թող մի ուրիշ բան ասեր, ուրիշ խոսք ասեր…»,- ասում է մայրը, հետո պատմում, որ ինքը Վլադի «մաստերն էր», որդին երբեք մոր խոսքից դուրս չի եկել, Վլադն էլ իր «մաստերն էր» ու երբ որեւէ բան սրտով չլիներ, մի հայացքով կհասկացներ… Վլադն ամեն ինչ խոսում էր իր հետ, ամեն ինչ պատմում, ասել էր` սիրած աղջիկ ունի, բայց երբ մայրը հավանություն չէր տվել տղայի ընտրությանը, ետ էր կանգնել իր որոշումից…

Մարինեն ցույց է տալիս այն պահարանը, որտեղ որդու զինվորական համազգեստն ու մյուս հագուստներն են, որ չհասցրեց հագնել, ու քնքշանքով հպվում է դրանց, մայրը արցունքն աչքին ցույց է տալիս այն դարակները, որտեղ որդու նշանդրեքի համար գնված կոնյակներն են ու նվերները, ու ասում, որ դրանք կբացվեն ամեն տարի միայն նրա ծննդյան օրերին, ցույց է տալիս այն մահճակալը, որտեղ քնել է որդին, ու հազարերորդ անգամ հարդարում վաղուց չբացված անկողինը, ցույց է տալիս այն մեկ հատիկ կոնֆետը, որ գնալուց առաջ որդին տվել էր իրեն եւ ասել` սրանով սուրճդ կխմես…

Մեծ նպատակներ ունեին… Կիսատ մնաց: Միակ մխիթարությունը իրենց հետ ապրող Էրիկ թոռն է, աղջկա որդին, որ իրենք են պահում-մեծացնում: 13-ամյա Էրիկը շատ բան է հասկանում, տեսնում, զգում, տատին էլ ասել է, որ Վլադ քեռին անգամ երկնքից է իրենց օգնում, իրենց պահում…

Վլադը մտադիր էր որդեգրել քրոջ տղային, եւ մեծ նպատակներ ուներ նրա հետ… Հիմա Մարինեի եւ Ալբերտի բոլոր նպատակներն ու երազանքներն են կապված 13-ամյա Էրիկի հետ: Հիշում են` ոնց էր քեռու զինվորական կոշիկները մաքրում-փայլեցնում, հիշում են էն երանելի օրը, որ Վլադը կոնֆետ գնեց եւ բաժանեց Էրիկի հետ ֆուտբոլ խաղացող ընկերներին… Հիշում են… Ավելի ճիշտ` չեն մոռանում ոչինչ, չեն մոռանում իրենց ցավը, իրենց թանկ կորուստը… պարզապես չի մոռացվում, կարոտը խտանում է, ցավը` խորանում… «Ալբերտն ասում է` գիշերները քնած տեղս կանչում եմ` Վլադ, Վլադ, տուն արի… Ոչ մի մոր չեմ ցանկանա էն ցավը, որ իմն է, անգամ` թուրքի մորը չեմ ցանկանա… դա ուրիշ ցավ է, դա անանուն ցավ է…Վլադս հորն էր նման, մենակ ձեռքերն էին իմը: Սիրուն ձեռքեր ուներ, ձեռքերը դնում էի իմ ձեռքերի վրա, ասում` այ Վլադ, ոնց որ աղջկա ձեռքեր լինեն»-, ասում է ճերմակահեր մայրը` Մարինեն ու մտովի կրկին որդու ձեռքերը դնում իր ձեռքերին, իրար քսում, տխուր ժպտում… եւ կարոտում, կարոտում…

Վլադի ընկերները այցելում են, զրուցում, խոսում, սփոփում, միայն Վաչագանը չի գալիս, ասում է` չեմ ուզում Մարինե տոտային էդ վիճակով տեսնել… Էդ վիճակը… Էդ անսփոփ ու անմխիթար վիճակը… Բայց Ալբերտը փորձում է թե՛ իրեն, թե՛ կնոջը հանել այդ վիճակից, եւ, ինչպես ինքն է ասում, ապրել, որ ապրեցնեն Վլադի հիշատակը, ապրեն, որ իրականացնեն ե՛ւ նրա, ե՛ւ իրենց` Էրիկի հետ կապված բոլոր նպատակներն ու երազանքները… Ուրիշ հնար, պարզապես, չկա…

Ապրե՛ք եւ ապրեցրե՛ք, Վլադ Գրիգորյանի ծնողներ… Նրա հիշատակը անմեռ է, նրա զոհաբերումը` հանուն հայրենիքի, իսկ ով վասն հայրենյաց ընկավ, ընդմիշտ ապրեցավ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

  1. 11.2021

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՄԵՆՔ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 7, 2021 0
Ու հաղթության լուրը ազգովի ենք հայտնելու հանուն այդ հաղթանակի, հանուն հայրենիքի բոլոր տարիներին ու բոլոր ժամանակներում նահատակված ու Սիսիանի պանթեոնում…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Ապրիլ 13, 2021 0
ԿՈՐԵԼ Է Իրինա Ալեքսանդրի Գևորգյանի` Արցախի Հանրապետության պետական համալսարանի բանասիրության բաժինն ավարտելու մասին AB  N 085866 համարի դիպլոմը: Դիպլոմը տրվել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code