Զաքար Խաչատրյանի դիմաքանդակը. «ՏՈՒՆԴԱՐՁԻ» ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

Տեղադրված է at Փետրվար 28, 2024
1053 0

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչը լինելու նախանձախնդրությունն ու շահագրգռվածությունը, միեւնույն ժամանակ` լրագրողական հետաքրքրասիրությունն ինձ տարան մի վայր, որը նույնպես ուղղակիորեն կապվում է Զաքար Խաչատրյանի անվան հետ. Սիսիանի գեղարվեստի դպրոց, որի հիմնադիրն է եղել նկարիչը, եւ որը, հիմնադրման 30 ամյակի կապակցությամբ, անվանակոչվել է նրա անունով: Այցիս նպատակն էր հանրայնացնել արվեստի մի սքանչելի գործ, որն ուղղակիորեն առնչվում է նկարիչ Զաքար Խաչատրյանին:

Արվեստի այդ գործը, որն ուզում եմ ներկայացնել, գրեթե 25 տարի, գուցե եւ` ավելի, գտնվում է Սիսիանի գեղարվեստի դպրոցում, որի մասին, սակայն, քչերը գիտեն: Այսօր, ցավոք, չկան նաեւ այն մարդկանցից շատերը, ովքեր վկան ու ականատեսն են եղել այդ սքանչելի ստեղծագործության` Սիսիանի գեղարվեստի դպրոցում հայտնվելու իրողությանը. չկա ստեղծագործության հեղինակը, չկա գեղարվեստի դպրոցի առաջին տնօրենը, ում հանձնվել է աշխատանքը, չկա «բնորդը», ում նվիրված է դիմաքանդակը, բայց, բարեբախտաբար, կան, ապրում են մարդիկ, որոնց միջոցով էլ փորձեցի բացահայտել դիմաքանդակի` Սիսիանի գեղարվեստի դպրոցում հայտնվելու հետաքրքիր պատմությունը:

Խոսքը Զաքար Խաչատրյանի գիպսե դիմաքանդակի մասին է: Ափսոս միայն, որ իմ զրուցակիցներից որեւէ մեկը չկարողացավ ստույգ հիշել, թե կոնկրետ ե՞րբ է այն նվիրվել դպրոցին, բայց միանշանակ վկայեցին, որ դիմաքանդակի հեղինակը` հայտնի քանդակագործ Հովհաննես Մուրադյանն այն նվիրել է դպրոցի առաջին տնօրեն Վալերիկ Ստեփանյանին, ում համակուրսեցին է եղել ինքը: Հովհաննես Մուրադյանը 1968-1973 թ.թ. աշխատել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: Եռակողմ այս շփման արգասիքն, ահա, արվեստի այս սքանչելի գործն է, որը հանրայնացնելը, Սիսիանի գեղարվեստի դպրոցի «պատերից դուրս հանելն» ու հանուրի սեփականությունը դարձնելը համարեցի իմ նվիրական պարտքը:

Գեղարվեստի դպրոցի ուսմասվար, երկարամյա ուսուցիչ Էդիկ Հակոբջանյանն ասաց, որ քանդակը բերել եւ անձամբ դպրոցին է նվիրել հեղինակը` Հովհաննես (Օնիկ) Մուրադյանը: Ու երբ առաջին անգամ այն տեսել է Վալերիկ Ստեփանյանի աշխատասենյակում, մտածել է` Արտաշի գործն է, սակայն տնօրենն ասել է, որ Օնիկի աշխատանքն է: Էդիկ Հակոբջանյանը բարձր գնահատեց աշխատանքը, ասելով, որ այն, իսկապես, արտահայտում է նկարիչ Զաքար Խաչատրյանի բնավորությունը, բացահայտում մի քիչ` խռովկան, մի քիչ` միամիտ, երազկոտ, խոհուն, մեղմաբարո արվեստագետի նրա կերպարը:

Գեղարվեստի դպրոցի նախկին տնօրեն, նկարիչ Աշոտ Ավագյանը նույնպես հաստատեց, որ քանդակը դպրոցին է նվիրել հեղինակը` Օնիկ Մուրադյանը: Աշոտ Ավագյանը հավելեց նաեւ, որ Զաքար Խաչատրյանը շատ է հավանել այն ու հաճախ է հիացմունքով ասել` «բայց սրիգան լավ գործ է արել»…

Զաքարի հետ շփվողները կհաստատեն, որ «սրիգան» (ոչ թե` կ, այլ` գ) Զաքար Խաչատրյանի` վերաբերմունք արտահայտող սիրած խոսքն էր, որը ոչ թե հայհոյանք ու վիրավորանք էր պարունակում, այլ` սեր ու հիացմունք, հարազատություն ու մտերմություն…

Գեղարվեստի դպրոցի գործող տնօրեն Հովիկ Իսաջանյանի հավաստմամբ` քանդակը գույքագրված չէ դպրոցի հաշվեկշռում, ներառված չէ որեւէ ցուցակում, եւ միայն ականատեսների այս վկայություններն ու հավաստումներն են նրա միակ «վկայականը»: Տնօրենը նշեց, որ Զաքար Խաչատրյանը, ամեն անգամ դպրոց այցելելիս, հիացմունքով երկար-երկար նայել է իր դիմաքանդակին ու լռել… ապա հավելեց, որ այն սրբությամբ են պահպանում եւ մտադիր են Զաքարին նվիրված անկյուն ստեղծել դպրոցում, սակայն եթե պատկան մարմինները գտնեն, որ այս քանդակը պիտի լինի այնտեղ, նկատի ուներ տուն-թանգարանը, որտեղ ավելի շատ Զաքար կա, ինքը չի առարկի…

Ժամանակը դեռ շատ բացահայտումներ կանի Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի ու նրանց արվեստի մասին: Զաքար Խաչատրյանի այս քանդակը, որպես սեփականություն, լիիրավ իրավունք ունի մնալ Սիսիանի գեղարվեստի դպրոցում, բայց ես, բնականաբար, ավելի շատ կցանկանայի, որ այն նվիրաբերվեր տուն-թանգարանին, ցուցադրվեր այնտեղ եւ, որպես արվեստի սքանչելի նմուշ, հասանելի լիներ ավելի շատ մարդկանց…

Զաքար Խաչատրյանի այս դիմաքանդակը կմնա՞ նրա անունը կրող գեղարվեստի դպրոցում, թե՞ բարի կամքի դրսեւորման արդյունքում կնվիրվի տուն-թանգարանին, ժամանակը ցույց կտա…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ. Վարիչ

2019 թ. մայիս

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code