Երկու քույրերով զոհվածի այրիներ դարձանք… 44-օրյա պատերազմի նահատակ Անդրանիկ Դանիելյանի այրի

847 0

Անդրանիկ եւ Զեփյուռ Դանիելյանների ընտանեկան ճակատագիրը մի քիչ սովորական էր, մի քիչ` անսովոր, մի քիչ` մնան էր, մի քիչ` տարբեր շատ ու շատ հայկական ընտանիքներից… Անդրանիկի հայրը Արցախից էր, մայրը` Տավուշից, ինքը ծնվել էր Կրասնոդարում 1984-ին, ու տան միակ զավակն էր, միակը…Կինը` Զեփյուռը Սիսիանի Շաղատ գյուղից էր: Ամուսնացել են, մի երկու տարի ապրել Երեւանում, հետո իրենց ողջ կյանքը ճանապարհների վրա էր` Կրասնոդար-Երեւան-Ստավրոպոլ-Կալուգա-Շաղատ ու հակառակը… Զեփյուռն այնքան ցավով է ասում, որ Անդրանիկը շատ էր ցանկանում Գոռից ու Սոնայից բացի էլի երեխաներ ունենալ, քանի որ ինքը տան միակ զավակն էր ու շատ էր զգում քույր-եղբոր պակաս, դրա համար շատ էր ուզում, որ իր Գոռին եղբայր ծնվեր, Սոնային` քույր, սակայն ողջ ամուսնական կյանքն անցկացրեցին ճանապարհներին, ու էդպես էլ նոր երեխաներ չունեցան… Չունեցան նաեւ սեփական տուն, ապրեցին վարձով, երեխաներին դպրոցից-դպրոց տեղափոխեցին, բնակավայրից` բնակավայր, տարիներ կորցրեցին, ժամանակ կորցրեցին, ապրեցին լավ ժամանակների, սեփական ծածկ ունենալու երանելի հույսով…

Երեխաներին հայկական դպրոց տալու նպատակով Զեփյուռը վերադարձավ Երեւան, բայց քանի որ մենակ էր, Անդրանիկը խնդրեց տեղափոխվել Շաղատ` ծնողների տուն, ինքը մնաց Ռուսաստանում աշխատելու: Նրա կյանքի ողջ նպատակը տղային` Գոռին լավ կրթություն տալն էր, որն իր պատկերացմամբ` ռազմականն էր, ուստի վերադարձավ Ռուսաստանից, Գոռի թղթերը հանեցին Շաղատի դպրոցից եւ հանձնեցին «Տիգրան Մեծ» ռազմական վարժարան… Անդրանիկը երազել էր զինվորական դառնալ, սովորել էր դիպուկահարների դպրոցում, ռազմական հետախույզ էր, բայց հանգամանքների բերումով այլ աշխատանքներ է կատարել, ու իր անկատար երազանքների իրականացումը կապում էր որդու հետ… Զեփյուռն ու դուստրը` Սոնան, դեռ Շաղատում էին, ու սպասում էին այն երջանիկ օրվան, որ ընտանիքի բոլոր անդամները միասին կլինեին…

«Պատերազմից մի քանի օր առաջ Անդրանիկը մեր 11 տարեկան որդուն` Գոռին տարել էր Եռաբլուր, նկարվել Անդրանիկ Օզանյանի, Ռոբերտ Աբաջյանի հուշաքարերի մոտ, պատմել Եռաբլուրի նահատակների մասին…Նա այսպես էր դաստիարակում իր ապագա զինվորին, այսպես էր հայրենասիրություն սերմանում նրա մատաղ հոգում ու հավատում էր, որ տղան էլ իր նման է մտածելու, իր նման է նվիրվելու հայրենիքին… Երբ սկսվեց պատերազմը, Անդրանիկը կամավորագրվել էր «Հայդուկ» ջոկատին, հերթագրվել, մենք գիտեինք, որ ինքը գնալու է, չէր կարող չգնալ, բայց կոնկրետ օրը չգիտեինք…»,- պատմում է Անդրանիկ Դանիելյանի կինը` Զեփյուռ  Դանիելյանը ու հավելում, որ սեպտեմբերի 29-ին ժամը 11-ին զանգահարել է իրեն, ասել ճանապարհին է, «Հայդուկ» ջոկատի հետ գնում է Արցախ, արդեն Գորիսի մոտ են, մտածել են, որ Տավուշ կտանեն, բայց Արցախ են տանում, հետո ասել է, որ Գոռին տանը մենակ քնած է թողել ու դուրս եկել, մորաքույրը կգնա մոտը, կամ` թող ինքը գնա… ու խնդրել է Գոռի թղթերը հանկարծ չհանել ռազմական դպրոցից, քանի որ ետ է գալու…

«Հոկտեմբերի 1-ին զանգահարեց Հադրութից, ասաց` ամեն ինչ լավ է լինելու, «Հայդուկ» ջոկատը բաժանվել է խմբերի ու ինքը «Լեգեոն» ջոկատի հետ է, որի հրամանատարը սիսիանցի էր` Եղիշե Սիմոնյանը, ով նույնպես նահատակվեց քաջի մահով: Հոկտեմբերի 14-ին նորից զանգեց Հադրութից, խոսեց բոլորիս հետ: Նույն օրը ժամը 4-ի կողմերը կրկին զանգահարեց, աղջիկս` Սոնան հարցրեց` պապ, շա՞տ թու… հետո արագ խոսքը փոխեց` շա՞տ ոչխար կա, դե դու հասկացար` ինչ եմ ասում, հայրն ասաց` չէ, շատ չեն, չկան, բայց ես երկու օրից գալու եմ… Դա եղել է մեր վերջին խոսակցությունը»,- ասում է Զեփյուռ Դանիելյանը:

Դրանից հետո ոչ մի լուր չեն ունեցել: Ինչպես պատմում է Զեփյուռը, ամուսնու թղթերը Կարմիր Խաչով ուղարկել են Ֆրանսիա, հետաքրքրվել` գուցե գերիների մե՞ջ է, նկարն ուղարկել են Անդրանիկի` Ստեփանակերտում ապրող հորեղբորը, որ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի միջոցով, գուցե, մի տեղեկություն իմանան… Այդ ընթացքում սկեսուրն է Սարատովից եկել դնթ անալիզ հանձնել… ու սկսվել է հույսերի ու հուսահատությունների տանջալի օրերի շղթան…

«Ամեն մի հեռախոսազանգից վեր էինք թռչում, գերիների անունները հազար անգամ աչքի անցկացնում, վիրավորների մեջ որոնում… Մարտի 21-ին Անդրանիկի քեռու տղան զանգահարեց եւ ասաց, որ դնթ թեստը հաստատվել է… Մտածեցինք` նրան հուղարկավորել հայրենի Տավուշում, Բերդի գրանցում ուներ, նրա մանկությունն անցել էր տատի մոտ, հետո մտքափոխվեցինք` գուցե` Շաղատո՞ւմ, մեր նահատկների զինվորական պանթեոնում, բայց վերջնականապես որոշեցինք հուղարկավորել Եռաբլուրում… եւ մարտի 23-ին Անդրանիկ Ռոմանի Դանիելյանի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում… Միգուցե մի օր էլ մե՞նք վերադառնանք Երեւան` ավելի մոտ լինելու նրան, չնայած տարածությունը ոչ մի կապ չունի… Հիմա ապրում ենք Շաղատում, հայրիկիս տանը, բայց հաճախ ենք Շաղատից գնում նրան այցի, հավաստիացնում, որ միշտ իր հետ ենք, ինչպես որ ինքն է միշտ մեզ հետ, մեր սրտում եւ մեր կյանքում…»,-պատմում է Զեփյուռը, հետո հավելում, որ Անդրանիկի աճյունն ամբողջական է եղել, ճանաչել են անգամ թաշկինակը, նույնից տղային էր գնել, նույնիսկ վզնոցն էր վզին… Ափսոսում է միայն, որ երազանքներն անկատար մնացին, ափսոսում է, որ կարճ կյանք ապրեց` ընդամենը 36 տարեկան էր, ափսոսում է, որ չի տեսնի իր երազած զինվորական որդուն, բայց խոստանում է նրան` իրականացնել նրա բոլոր երազանքները, խոստանում է անշեջ պահել հայրենասիրության կրակը որդու սրտում, որ հայրն էր վառել, խոստանում է իր զավակների համար ե՛ւ հայր, ե՛ւ մայր լինել… եթե առաջ երեխաները բան էին խնդրում, ինքն ասում էր` պապային ասեք, հիմա չի ասելու` ինքն է անելու, եւ այնպես հետեւողական ու անտրտունջ, ինչպես` Անդոն կաներ…

Ռազմաճակատ գնալուց առաջ Անդրանիկը հարցրել էր որդուն` 11-ամյա Գոռին` կուզենա՞, որ ինքը գնա պատերազմ, որդին գլխով է արել` ի նշան հավանության: Բայց եթե անգամ դեմ լիներ, միեւնույն է, Անդրանիկը գնալու էր, պարզապես փորձում էր տղային վաղ տարիքից սովորեցնել կարեւոր որոշումներ կայացնել… Գոռը հաստատակամորեն վստահեցնում է, որ կատարելու է հոր երազանքը` ղառնալու է զինվորական ու հայրը հպարտանալու է իրենով… Կարճատեսություն ունի, ակնոց է կրում, կարող է եւ ազատվել զինվորական ծառայությունից, բայց մայրն ասում է, որ ամեն ինչ կանի, որ որդին ծառայի բանակում, դառնա լավ զինվորական ու կատարի հայրիկի երազանքը…

Զեփյուռ Դանիելյանը հետո պատմում է, որ ամենեւին պատահական չէ հայրենասիրության ոգին իրենց ընտանիքում… Անդրանիկը թիկնապահ էր եւ զինվորական հետախույզ, զինվորական են եղել նաեւ նրա հորաքույրն ու  հորեղբայրը, իսկ իր հայրը` Զորիկ Եղյանը, ավելի քան 30 տարի ծառայել է Սիսիանի զորամասում եւ միայն առողջական խնդիրների պատճառով թողել ծառայությունը:

Եւ սա դեռ ամենը չէ… Զինվորական էր նաեւ Զեփյուռի ավագ քրոջ` Անի Եղյանի ամուսինը` Կարեն Ստեփանյանը, ով նույնպես նահատակվեց 44-օրյա պատերազմում ու հանգչում է հայրենի Շաղատի զինվորական պանթեոնում…

Հետաքրքիրն այն է, որ Անդրանիկն ու Կարենը երկար տարիներ իրար չէին տեսել եւ պատահաբար հանդիպել են Հադրութում հոկտեմբերի 14-ին… Կարենը զանգահարել էր Անիին, ասել, որ Փաշային է տեսել, նա Անդրանիկին Փաշա էր ասում, դա եղել է նրանց վերջին հանդիպումը…

Երկու քույրեր կորցրեցին ամուսիններին… Նրանք իրար ցավ լավ են հասկանում: Եռաբլուրում լինի, թե` Շաղատի զինվորական պանթեոնում, նրանք արցունք են թափում ե՛ւ իրենց ամուսինների, ե՛ւ համագյուղացի նահատակների ե՛ւ բոլոր զոհերի համար, միաժամանակ մխիթարվում, որ նրանք ընկել են հանուն հայրենիքի, մեր գրկաչափ, մեր սրտաչափ, մեր սիրաչափ հայրենիքի…

Հ.Գ. Հավերժ փառք ձեզ, տղերք, Եռաբլուրում լինի, թե` Շաղատի պանթեոնում, հավերժ խոնարհում… Մենք հավերժ պարտք ենք ձեզ… Ինչպես իմ Սահյանը կասեր` Արտերս, արտերս` վարած, Պարտքերս մարած մեռնեի…

Երանի մի օր ձեր հանդեպ մեր պարտքը կատարած հեռանանք այս աշխարհից, տղերք…

 Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԼԾԵՆ. ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 3, 2021 0
(Նվիրում եմ Առաքել պապիս եւ հորս` Արամայիս Ամիրյանի վառ հիշատակին) Մանկությունն առանց գյուղի` անգույն է: Մանկությունն առանց տատ ու պապի`…

ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ-80. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տեղադրվել է - Մայիս 20, 2022 0
Հանդիպեցինք պատահաբար: -Այս ո՞ւր այսպես վաղ,-ասաց իմ «հարյուր տարվա ընկեր» Գագիկ Ոսկանյանը,-այս ժամին խմբագիրներն աշխատանքի չեն գնում, միայն ուսուցիչներն ու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code