ԵՐԿՈՒ ԹԱՆԿ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՄ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ… 44-օրյայի նահատակ Ներսես Մովսեսյանի այրի

Տեղադրված է at Փետրվար 22, 2022
957 0

Հադրութի Տումի գյուղի բնակիչ Արշակ Մովսեսյանը, որ Հայրենական պատերզմում գերի էր ընկել, միացել Նժդեհի հայկական լեգիոնին, ապա ամուսնացել մի ֆրանսուհու հետ, մեկ տղա ունեցել, 1946-ին վերադառնում է հայրենի գյուղ, ամուսնանում գյուղի ամենասիրուն աղջկա` Անյայի հետ, մեկ դուստր ունենում, ու, թվում է` պիտի իր հովվերգական կյանքը շարունակեր դրախտավայր, ծմակաշատ Տումիում, սակայն, որպես նախկին գերի, ստալինյան բռնաճնշումների հետեւանքով դառնում է «սիբիրական»… 10 տարվա աքսորական կյանքից հետո նախկին օդաչուն կրկին վերադառնում է Տումի: Դուստրը մահացել էր, բայց նոր զավակներ են ծնվում, սակայն Տումիում ապրելն արդեն «հարամվել էր», ու ապահով եւ բարեկեցիկ կյանքի հեռանկարով 1957-ին տեղափոխվում է Սումգայիթ… «Բարեկամության հաշիշով արբած Սումգայիթը», սակայն, բացում է իր հրեշավոր, արյունռուշտ երախը` հոշոտելու հայերին… Նկուղներում, ապաստարաններում թաքնվելուց հետո Արշակ Մովսեսյանը կարողանում է ընտանիքին Հայաստան հասցնել… Երբ կրկին մեկնում է Սումգայիթ` տան փոխանակության հարցերը լուծելու, դանակը եւ մի ձմերուկ ձեռքին` իր տուն է մտնում «բարեկամ» թուրքը,  սպառնալիորեն դանակը խրում ձմերուկի մեջ, հոխորտում` հիմա ի՞նչ ես ասում… Պատերազմ տեսած, Նժդեհի լեգիոնում ծառայություն անցած Արշակը թուրքի դանակից չէ, որ պիտի վախենար: Հորդորում է դանակը տեղը դնել եւ մարդավարի խոսել Սումգայիթի իր տունը Սիսիանի Իշխանասար գյուղի` նրա տան հետ փոխանակելու մասին… 1989-ին Արշակ Մովսեսյանի ընտանիքը վերաբնակվում է Իշխանասարում:

Նրա որդին` Պյոտրը, որ արդեն 32 տարեկան էր, իր բախտը այստեղ է գտնում, իր երկու տղաները` Ներսեսը եւ Վարդգեսը այստեղ են ծնվում, այստեղ հաճախում դպրոց: Սումգայիթի գիշատիչ երախից փրկված Պետյան չէր կարող, սակայն, անմասն մնալ հայրենիքի պաշտպանական կռիվներին, ու Սիսիանի առաջին կամավորականների հետ մասնակցում է պաշտպանական մարտերի, հետախուզական աշխատանքներ իրականացնում, քանի որ տիրապետում էր թշնամու լեզվին, բացահայտում մարտական պլաններ ու գործողություններ: Դրմբոնի մարտերից մեկի ժամանակ վիրավորվում է, դեռեւս չապաքինված, վերադառնում շարքեր: «Ոչ տուն ունեինք, ոչ մի բան, բայց աստված փրկեց Պետյային, որ իր տղաների գլխին, իմ կողքին լինի»,-ասում է կինը` Մելանյա Դավթյանը:

Այս տանը ծնված տղաները դաստիարակվել են հոր ոգով, մեծացել նրա կյանքի ծանր ու հերոսական պատմությունները լսելով, եւ բոլորովին պատահական չէր, որ ավագ որդին` 31-ամյա Ներսեսը, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվել է հոր մարտական ընկերոջ` Աշոտ Մինասյանի ջոկատին, եւ միայն երեկոյան սիրելի կնոջը, եղբորն ու հորը տեղյակ պահել այդ մասին: Տեղյակ չէր պահել անգամ աշխատավայրում ՌԶԳ` Սսիանի գրասենյակում, որտեղ վարորդ էր աշխատում: Ներսեսին հոր մարտական ընկերներն առաջարկել են համբերել, երբ իր կարիքը լինի, կդիմեն, բայց նա անհողդող է մնացել: «Եղբորը, հորը, մորաքրոջը զանգահարել է, միայն ինձ չի ասել, լավ իմանալով, որ եթե ինձ ասեր, չէի թողնելու գնար, իսկ իմ խոսքից չէր կարողանալու դուրս գալ»,- ասում է մայրը` Մելանյան:

Պատերազմական ամենածանր օրերին Էրեբունի բկ-ի վերելակավար Մելանյան գրեթե ամեն օր ծանր վիրավորների է ուղեկցել եւ իր աչքին բոլորն իր համար իր զավակների, իր Ներսեսի տեղ է ընդունել, ցավել, աղոթել նրանց համար, որ ապրեն, որ ապաքինվեն:

2011-ին Ներսեսն արդեն ամուսնացել էր, ծնողները նրա համար հանգիստ էին, բայց քանի որ Վարդգեսն ընդունվել էր բժշկական համալսարան, որդուն մենակ չթողնելու համար 2012-ին ինքն ու Պետյան տեղափոխվեցին Երեւան:

«Մի օր ասացի` կարոտել ենք, գոնե մեկ օրով արի, տեսնենք, էլի կգնաս, ասաց` մամ, 18-20 տարեկան երեխաներին ո՞ւմ թողնեմ: Դա էր իմ Ներսեսը… Դեպքից 2 օր առաջ զանգահարեց, ասաց` մամ, Արփինեն երեխաների հետ Երեւան է գալու, նրանց լավ կնայես, լավ կպահես, ասաց, մամ ջան, քեզ շատ եմ սիրում, ասացի` ես եմ քեզ շատ սիրում, մեռնեմ արեւիդ, նորից ասաց` մամ, էրեխեքիս լավ կնայես, լավ կպահես, ու ես չէի հասկանում` ինչո՞ւ էր էդպես ասում: Մեքենաներից, տեխնիկայից շատ լավ գլուխ էր հանում, պատերազմի ժամանակ դիրքից դիրք է անցել, հոսանքի գծերը սարքել, ռացիաները նորոգել, իրեն ոչինչ չի կանգնեցրել, թուրքի դիրքից զենք, 2 տանկ է քաշելով բերել, բայց դրանք մնացին մեր կորցրած դիրքերում…»,-ասում է մայրը ու պատմում, որ «դեպքի օրը» աշխատավայրում գնացել էր համահայկական հիմնադրամին գումար փոխանցեր, զգացել է, որ բոլոր ծանոթները, աշխատակիցները հայացքները փախցրել են, չեն նայել դեմքին, աչքերին, ու մտքով բնավ չի անցել, որ նրանք արդեն գիտեին Ներսեսի զոհվելու մասին, ինքը` ոչ, ապա ավելացնում է, որ շնորհակալ է աստծուց` իրեն Պետյայի նման ամուսին տալու, Ներսեսի եւ Վարդգեսի նման որդիներ, Արփինեի նման հարս, թոռներ պարգեւելու համար, հպարտանում է, որ նման զավակներ է տվել երկրին, շնորհակալ է, որ աշխատավայրում ամեն օր սպասել են իր վերադարձին, բայց Ներսեսից հետո այլեւս ուժ չգտավ իր մեջ` վերադառնալ աշխատանքի, սիրտ չմնաց իր մեջ` ամեն օր հիվանդներ ուղեկցելու եւ իր երբեմնի աշխույժ, շփվող բնավորությամբ նրանց տրամադրությունը բարձրացնելու:

Որդուց հետո հայրը, որ հիվանդ էր, երկար չապրեց, 2021-ի սեպտեմբերի 10-ին, 64 տարեկան հասակում, հեռացավ կյանքից, ու, որպես ազատամարտիկ, նույնպես հուղարկավորվեց Եռաբլուրում:

«Եռաբլուրում երկու սուրբ վայր ունենք: Վարդգեսիցս թաքուն արտասվում եմ Ներսեսիս համար, տղաս արգելել է լացել, իսկ երբ գնում եմ Պետոյիս մոտ, կարծես ձեռքը դնի ուսիս, ասի` հանգստացիր, կարծես օգնի ինձ` հաղթահարելու ցավս… Ինձ ապրելու ուժ է տալիս Ներսեսիս` երեխաներին լավ պահելու պատգամը եւ Վարդգեսիս մենակ չթողնելու միտքը»,-ասում է տիկին Մելանյան:

Բոլորովին ուրիշ էր Ներսեսի կնոջ` Արփինեի հետ մեր զրույցը: Այն ծայրից ծայր սեր էր ու կարոտ: Աստված այս զույգին տվել էր ամենակարեւորը` սեր, տվել ու չէր ափսոսացել, տվել էր անսպառ ու անհատակ, բացառիկ ու յուրօրինակ… ու էդ սերն է, որ Արփինեին դարձրել է էսքան ուժեղ, էսքան փխրուն, էսքան մեղմ ու էսքան համբերատար, էսքան ներող, էսքան բարի ու կամեցող…

– Աշխարհի ամենալավ ամուսինն էր, իմ օրը սկսվել եւ ավարտվել է նրանով: 2011-ին երջանկությունը թակեց դուռս, 13-ին այն քառապատկվեց, ծնվեց մեր առաջնեկը` աղջիկը , 2017-ին` տղաս` Գոռը: Ուրախ էինք, երջանիկ, միշտ միասին, սիրով, ամեն ինչ փոխադարձ էր: Վարձով էինք ապրում, բայց դա չի խանգարել մեր երջանկությանը, դա ինձ համար էական չէր, կարեւորը ընտանիքում փոխադարձ սերն էր ու հարգանքը: Ինքը միշտ ժպտում էր, դա իր բնույթն էր: Ներսեսս հենց ժպտում էր, ամեն ինչ մոռանում էի: Երբ գալիս էր տուն, դուռը բացում, երեխաներիս հետ վազում էինք ընդառաջ, ուրախանում, 10 տարի տանս ուրախություն է տիրել… Ներսեսիս զոհվելուց հետո երջանկությունս կանգ առավ:

Սեր ասելիս առաջինը իմ ընտանիքն եմ պատկերացնեմ` Արփինե եւ Ներսես… Ինձ ասում են` կուրորեն էիր սիրում, ասում եմ` իմ ընտանիքում ամեն ինչը փոխադարձ էր: Նրան կսիրեմ մինչեւ կյանքիս վերջ, մինչեւ որ կհանդիպենք էն աշխարհում: Ես էդ հույսով եմ ապրում, անկեղծ, ու համոզված եմ` օրերից մի օր հանդիպելու եմ նրան, գրկելու եմ, կարոտս առնելու եմ: Երբեմն դռան կողքով անցնում եմ, ասում եմ, Նես, դուռը ծեծիր, բացեմ, ժպիտդ տեսնեմ: Իմ ժպիտի պատճառը իր ժպիտն էր: Հա, իսկապես: Նրա ժպիտը որ տեսնում էի, ամեն ինչ մոռանում էի: Երբ գործի էր, խնդրում էի գոնե մի րոպեով տուն գար, տեսնեի, գնար: Տանը եղած ժամանակ էլ ես իրեն կարոտում էի: Ես իր Ափուլն էի, ինքը իմ` Նեսս… Մեր հրաշք սիրո արդյունքում ծնվեցին մեր 2 երեխաները, ամենաթանկ նվերը իմ կյանքում Ներսեսից մնացած: Ամենաշատը նրա ժպիտին եմ կարոտել, ձայնին, խոսքին:

27-ին կամավորագրվել էր, քեռիս էլ էր իրենց հետ, ես տեղյակ չեմ եղել: Երեկոյան, ինչպես միշտ, դուռը բացեցի ժպիտով, իրերը դասավորեց, մինչեւ վերջին պահը չեմ հավատացել, որ Արցախ է գնում, հարցրեցի` ո՞ւր ես գնում, ժպտաց, ասաց` առավոտյան կասեմ… Հոկտեմբերի 28-ին ժամը 12-ի մոտերը եկավ, զգեստափոխվեց, զինվորական շորերը հագավ, պաչեց Գոռիս, ասաց` մամային լավ կնայես, մինչեւ գամ ու գնաց: Գոռս, որ հիմա 4 տարեկան է, ասում է` մամա, ես քեզ լավ եմ նայում, դու չլացես: Ներսեսենց տեղափոխող մեքենաներից մեկի վարորդի կնոջից եմ իամացել, որ Արցախ են գնում: Կյանքս աչքիս դեմով անցավ: Գրեցի` խնդրում եմ, Նես, հետ արի, ասաց` արդեն Գորիսն անցել ենք, հանգիստ եղիր, դուք ձեզ լավ նայեք, մինչեւ գամ: Օրը երկու անգամ կապ ենք ունեցել, եթե չի զանգել, գրել է, ամեն գրելուց հետո ավելացրել` կնիկ ջան, դուխով, դուխով ես չէ՞, ասել եմ` քեզ նման ամուսին ունեմ, ո՞նց կարող եմ դուխով չլինել: Շատ ուրախ եմ, որ հենց իր կինն եմ: Նեսս գրել էր, որ պետք է թոռներիս բան ունենամ պատմելու… Հիմա մենք կպատմենք թոռներին:

Հոկտեմբերի 18-ի գիշերը ժամը 12-ի մոտերքը խոսեցի հետը, Հադրութում էր, պատմում էի իմ առօրյայից, երեխաներից, ինքն էր հարցնում` ի՞նչ են գրում էդտեղ… Նեսս էր ինձ էնտեղից դուխ տալիս: Հոկտեմբերի 19-ին ժամը 9-ի կողմերը սպասում էի զանգի, ցավոք, ուրիշ զանգ ստացա: Արդեն բոլորը գիտեին, բացի` ինձանից: Ասացին` վիրավոր է: Ես նայում էի մարդկանց աչքերին, կարեկցանք ու ցավ էի զգում, բայց ինձ հույս էի տալիս, որ Նեսս վիրավոր է, դա ինձ հուսադրում էր… Տաքսիով Երեւան գնացի, վարորդին խնդրում էի` արագ քշել, որ շուտ հասնենք, միգուցե ինչ-որ բանով կարողանամ փրկել նրան, եթե պետք լինի, սիրտս կտամ իրեն:

Գիտե՞ք` ինչի համար եմ ուրախ, որ էդ ամենը ինքը գիտեր, ինքը գիտեր, որ ես իր համար պատրաստ եմ ամեն ինչի, ինչպես որ ինքը հանուն մեզ տվեց իր կյանքը, ես էլ իրեն կտայի: Ինձանից առավել սիրում եմ իրեն:

Հոկտեմբերի 19-ին ահավոր էր…չեմ ուզում նորից վերապրել: Հոկտեմբերի 20-ին Վարդգեսը բերեց եղբոր աճյունը, 21-ին հուղարկավորցինք Եռաբլուրում: Ես ու երեխաներն էլ հետո կտեղափոխվենք Երեւան, որ ավելի մոտ լինեմ իրեն:

Մարդիկ կան, որոնց խոսքի մեջ չարություն եմ զգում, բայց ես իմ էս բաժին հասած կյանքի համար չեմ չարանում, հավատացեք, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Նախանձով չեմ լցվում մարդկանց հանդեպ, ինչի էս մեկի եղբայրը եկավ, ամուսինը եկավ, իմ երեխաները մնացին առանց պապա, ես երբեք նման մտքեր չեմ ունեցել, անգամ ուրախ եմ էն մարդկանց համար, ովքեր, իսկապես, մինչեւ վերջ կռվել են, ոչ թե` փախել: Ես հպարտ եմ անգամ էդ մարդկանցով: Շատ ուրախ եմ բոլոր էն երեխաների համար, ում պապան եկել- հասել է իրենց, ում քեռին եկել- հասել է իրենց, շատ ուրախ եմ, անչափ: Մխիթարությունս իմ երեխաներն են, իմ ու Ներսեսիս Համեստիկն ու Գոռը: Երեխաները շատ նման են պապային: Գոռը որ ժպտում է, ասում եմ` այ պուճուր Ներսես…Դա իմ ամենամեծ մխիթարությունն է…

Չեմ կարողանում հասկանալ, երբ ասում են` մենակ դու չես, իմ ցավը իմն է: Անկեղծ եմ ասում` ես երբեք իմ հերոսներին չեմ առանձնացրել մյուս հերոսներից, հավատացեք, ինձ համար բոլորն էլ հերոս են:

Եղբայրս` Նարեկ Լյովայի Մնացականյանը, մեռնեմ նրա ջանին, նույնպես 44-օրյա պատերազմի նահատակ է: Ապերին (նրան Ապեր ենք ասել) հոկտեմբերի 8-ին են տարել Արցախ, մինչ այդ մեր դիրքերում էր, մի օր եկավ մեր տուն, մայրս ասաց, տղաս, չնեղանաս, որ առաջին մոմը Ներսեսի համար եմ վառում, Ներսեսը Ղարաբաղում է, հետո` քո, հետո` քեռիի: Բայց Նարեկիս էլ տարան Ղարաբաղ, նա էլ զոհվեց: Ես հիշում եմ, որ երբ Սիսիանի պանթեոնում հուղարկավորում էինք եղբորս, դուք զրուցեցիք ինձ հետ ու ես ասացի` հպարտ եմ, որ հերոսի կին եմ եւ հերոսի քույր: Այո, երկու թանկ կորուստ ունեմ այս պատերազմում: Հպարտության զգացողությունը միշտ կա իմ մեջ եւ կլինի, դա ինձ ներշնչում է իրենց թողած անմահ անունը:

Բարի էր, էս դարի մարդ չէր, հասնող էր, մեծի հետ` մեծ, փոքրի հետ փոքր: Իր պապայի նման էր: Ինձ թվում է` Ներսեսիս մահով ամբողջ Սիսիանն է ցնցվել, որովհետեւ ոչ ոք չէր պատկերացնում: Մինչեւ վերջին վայրկյանը հավատում էինք, որ գալու է, երբեք չեմ մտածել, որ հանկարծ կարող է նրան բերեն եռագույնով…Երբեք չէի մտածի, որ 29 տարեկանում ես կանցեմ էս ամենի միջով:

Երեխաներիս ասել եմ` հանկարծ չնեղսրտեն, որ իրենց ընկերները պապա կանչեն, չնեղվեն, որ մանկապարտեզից, դպրոցից նրանց պապաները իրենց տուն տանեն, ընդհակառակը, ասել եմ, գլուխներդ բարձր կքայլեք, որովհտեւ պարծենալու տեղ դուք ունեք, որովհետեւ ձեր պապան հերոս է, ու դուք դրանով հպարտացեք: Երեխաներս արգելել են ինձ լացել: Երբ գնում ենք Եռաբլուր, կեսուրենքս լացում են, Գոռս ասում է` մամա, մի լացիր, իրենք թույլ են, դու ուժեղ ես, մի լացիր… Իսկապես իմ ուժն են երեխաներս, ապրում եմ հանուն իրենց եւ տաս տարվա էն սիրուն, սերով լեցուն մեր համատեղ ապրած կյանքի: Երեխաներիս ասում եմ` մեր պապան հերոս է, հիմա ինքը մեզ երկնքից է նայում, պիտի մենք դառնանք այն, ինչ ինքը կցանկանար: Եւ կդառնանք: Դժվար է երկու երեխաների հետ, բայց ինքս ինձ խոստացել եմ դաստիարակել այնպիսի երեխաներ, որ արժանի լինեն իրենց հերոս պապային:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code