Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրված է at Նոյեմբեր 30, 2021
983 0

Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր պատերազմների նահատակ համագյուղացիները: Ստացվել էր այնպես, որ 44-օրյա պատերազմի եւ ետզինադադարյան օրերին միաժամանակյա հուղարկավորություններ էին տեղի ունենում ե՛ւ Սիսիանում, ե՛ւ նշված գուղերում, ուստի ես չէի կարողանում ներկա գտնվել համաժամանակյա հուղարկավորություններին, բայց երբեք տեղի չտվեց, չնվազեց հոգուս պարտքը նրանց հանդեպ, ու ահա Շաղատ գյուղի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցի Շաղատի զինվորական պանթեոն եւ զոհվածների ընտանիքներ` իմ երախտապարտ գրչով նրանց եւս դասելու անմահների շարքում…

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Շաղատի զինվորական պանթեոնում հուղարկավորված են ինչպես արցախյան առաջին, այնպես էլ` ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմի նահատակները: Սակայն Շաղատը միայն նահատակներով չէ սերը առ հայրենիք ապացուցել ու ապացուցում… Պատմական Շաղատը պահում-պահպանում է իր հնավանդ, տոհմիկ նվիրումը հայոց տանը, հայոց պետականությանը, եւ այսօր էլ իր զավակները հսկում են ոչ միայն Նախիջեւանի սահմանակից, այլեւ` հայոց երկրի բոլոր սահմանները, որտեղ որ հայրենիքը դրա կարիքն ունի…«44-օրյա պատերազմում Շաղատն ունեցանվ 4 զոհ, երեքը` Աշոտ Բաբայանը, Անուշավան Խաչատրյանը եւ Կարեն Ստեփանյանը հուղարկավորված են գյուղի զինվորական պանթեոնում, Գարիկ Մուրադյանը` Սիսիանի: Դրանից բացի ունենք եւս երկու զոհվածի ընտանիք, որ ապրում են Շաղատում. մեկն այստեղ է տեղափոխվել Արցախից հենց պատերազմի առաջին օրը, մյուսը` մեր համագյուղացի Զեփյուռ Դանիելյանն է, ում ամուսինը Երեւանից էր: Նրանք հուղարկավորված են Եռաբլուրում, սակայն մենք որեւէ տարբերություն չենք դնում զոհվածների ընտանիքների միջեւ, եւ բոլորին էլ համարում ենք մերը…»,- ասաց Տիգրան Խաչատրյանը, ում ուղեկցությամբ էլ մեր առաջին այցը կատարեցինք Աշոտ Մանասերի Բաբայանի տուն…

Մի տուն լիքը մանուկներ էին… մեզ դիմավորեց աշխույժ, ուրախ, մանկական ճռվողյունը… Դրական տրամադրությունն արդեն ապահովված է, մտածեցի ես, ու այդ տոնայնությամբ էլ զրուցեցինք Աշոտ Բաբայանի կնոջ` Անահիտ Ալեքսանյանի հետ:

Շուտով` դեկտեմբերի 15-ին, լրանալու է Աշոտի 38-ամյակը: Շատ բան է հասցրել Աշոտը: Մոր` Աստղիկի հետ շեն է պահել հայրական օջախը, հետո այդ շեն օջախում 2012-ին նորահարս Անահիտն էլ իր սերն ու ջերմությունն է ավելացրել տան պատերին, տան կրակին, երեք զավակ պարգեւել օջախին, ու ապրել են երջանիկ, իրոք, երջանիկ մի կյանք, սիրաշատ մի կյանք, եւ, ինչպես Անահիտն է ասում, այդ ամուր հիմքը, սիրառատ օրերը եւ ապրած ջերմ կյանքն է, որ այսուհետ իրեն ուժ պիտի տան պահել, մեծացնել երեք երեխաներին, իրականացնել Աշոտի եւ իր երազանքները, որ հոր բացակայությունն այնպես ցավագին չզգան վաղ տարիքում իրենց հորը կորցրած երեք երեխաները: Մեծը` Աստղիկ դուստրը 7 տարեկան է, Նարեկ որդին` 6, փոքրը շուտով 4 տարեկան կդառնա…

Թվում է` սովորական մի ընտանիք է, առօրեական հոգսերով: Բայց այս ընտանիքում մի հետաքրքիր նմանություն կա, որը չգիտես` ճակատագրակա՞ն համարես, զուգադիպությու՞ն, թե՞…

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը… Անահիտն ասում է, որ միայն դա չէ, իր սկեսուրը 28 տարեկանում է կորցրել ամուսնուն` Մանասերին, ինքն էլ 28-ում կորցրեց իր ամուսնուն` Աշոտին… Տարբերությունը միայն մեկ հատիկ բառի մեջ է` մեկը մահացել է, մյուսը` զոհվել հանուն հայրենիքի… Բայց որքա~ն տարողունակ է այս մեկ հատիկ բառը` զոհվել է հանուն հայրենիքի…

Բայց ինչպես իր սկեսուրն է իր տան մեծերի հետ թեւթիկունք եղած պահել-մեծացրել իր երեք զավակներին, այնպես էլ Անահիտն է իր սկեսրոջ հետ թեւթիկունք դարձած պահում-մեծացնում իր երեք երեխաներին: Նրանք այդպես են վառ պահում Աշոտի հիշատակը, այդպես են ապրեցնում Աշոտի չապրած կյանքը եւ այդպես պատասխանատու զգում այն ամենի հանդեպ, ինչն արդեն այսուհետ կապված է ու կապվելու է հայենյաց նահատակ Աշոտ Բաբայանի անվան հետ…

Գյուղում շատ աշխատանք կար, հող, անասուն, տուն ու տեղ, այգի ու բանջարանոց, բայց Աշոտն այդքանով չբավարարվեց, եւ 2016-ին պայմանագրային ծառայության մտավ Սիսիանի զորամասում: «Շատ նվիրված էր իր աշխատանքին, պարտաճանաչ, բարեխիղճ, այդ տարիների ընթացքում չի եղել մի օր, որ մեկ րոպեով գոնե ուշանար աշխատանքից, երբ ամեն օր Շաղատից գնում էին Սիսիան: Նրա պարտաճանաչության եւ պատասխանատվության մեծ զգացումի մասին բոլորը կվկայեն: Շատ ուրիշ մարդ էր, ուրի~շ… Շատ հարգանքով էր բոլորի հանդեպ, անթերի էր նրա ձեռքի գործը… Նրա բացակայությունը եւ կարիքը մենք հիմա շատ ենք զգում, ե՛ւ ես, ե՛ւ երեխաները, ե՛ւ սկեսուրս, բայց փորձում ենք անել այնպես, ինչպես ինքը կկամենար, ինչպես ինքն էր որոշել… Ու էդ մեծ ցավը, մեծ կորուստը ավելի է ջերմացրել իմ ու սկեսրոջս հարաբերությունները… նա որդի է կորցրել, ես` ամուսին, ու երկուսիս կորուստն էլ նույնն է` Աշոտը, որը նաեւ մեզ միավորողն էր… Աշոտը շատ էր կապված մորը, մայրն էլ` Աշոտին, գուցե նրանից էր, որ փոքր տարիքից հենց մայրն է իր կողքին եղել: Կուզենայի, որ սկեսուրս էլ իր խոսքն ասեր որդու մասին, բայց Երեւան հարսանիք է գնացել»,- ասում է երիտասարդ կինը եւ հավելում, որ Աշոտն, իսկապես, շատ էր սիրում զինվորական գործը եւ սիրելով էլ մտել էր ծառայության, վերապատրաստվել սերժանտական կուրսերում, ստացել ավագ սերժանտի կոչում, ու զգում էր էն մեծ պատասխանատվությունը, որ հայրենիքը դնում էր երկրի սահմանները պահող հայոց բանակի եւ հայ զինվորի ուսերին:

Հոկտեմբերի 8-ին Աշոտն իջել էր իրենց գյուղի սահմանային դիքերից, գնացել ատամնաբույժի մոտ, վերադարձել դիրքեր, ու նույն օրը գիշերն էլ իջել են եւ մեկնել Արցախ: «Վերջին անգամ զանգահարեց Կարմիր Շուկայից, հոկտեմբերի 9-ին ժամը 4 անց կես, ասաց` ամեն ինչ լավ է, երեխաներին լավ նայիր, Էրիկն ուշադիր եղիր, Էրիկը առողջական խնդիրներ ունի, եւ հայրը հատկապես նրա համար էր անհանգստանում… դա եղել է նրա վերջին զանգը եւ վերջին խոսքը»,- ասում է Անահիտը, հետո պատմում, որ մնացած իրադարձությունների մասին իմացել են իր եղբորից` Արեմն Ալեքսանյանից, որ նույնպես պայմանագրային էր եւ Աշոտի հետ միասին էին ծառայում: Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը թշնամու աթս-ն հարվածել է մեքենային, որտեղ էին նաեւ Անուշավան Խաչատրյանը եւ Վահիկ Ավանեսյանը…«Դնթ-ի պատասխանը մեզ հայտնեցին հոկտեմբերի 26-ին, իսկ հոկտեմբերի 27-ին Աշոտի աճյունը հանձնեցին մեզ եւ նույն օրն էլ նրան հուղարկավորեցինք Շաղատի զինվորական պանթեոնում»,- ասում է Անահիտը:

Անցել է մեկ տարի, բայց ժամանակը չի բուժում, չի սպիացնում անասելի մեծ ցավը, հիմա ավելի շատ են կարոտում, որովհտեւ տեսնելու, գրկելու անհնարինության  զգացողությունը ավելի է խորացնում կորստի ցավը եւ ահագնացնում կարոտի զգացումը, բայց երեխաներին պահել-մեծացնելու պատասխանատվությունը նրանց կրկին ուժ է տալիս ապրել…

Հետաքրքիրն այն է, որ 44-օրյա դաժան փորձությունից հետո էլ շատերը, նաեւ` Անահիտի եղբայրը` Արմենը, մտքի ծայրով անգամ չեն անցկացնում թողնել ծառայությունը… Մեկ անգամ որ զգացիր զենքի ուժը, զենքի զորությունը, էլ նրանից բաժանվելը չես կարողանում…

Անահիտն ասում է, որ երեխաները թեեւ փոքր են, բայց լավ էլ հասկանում են` ինչ է կատարվել… Երբ Աշոտի զոհվելու լուրը հասել է գյուղ, մեծ տղան` 6-ամյա Նարեկը  եկել տանն ասել է` պապայիս վրա կրակե՞լ են… Դուստրը` Աստղիկը մորը երբեմն -երբեմն ասում է` պապայիս կարոտել եմ է~… «Ամեն օր զինվորական պանթեոնի մոտով Էրիկին տանում եմ մանկապարտեզ, ամեն օր Էրիկը տեսնում է հայրիկին եւ ասում` պապաս պոստ ա պահում, պապաս կանգնած ա, Անուշավան քեռին ու Կարեն ապերն էլ են պապայիս հետ զոհվել… Ու ես չեմ փորձում երեխաներին խաբել, ստել, նրանք ամեն ինչ հասկանում են, բայց փորձում ենք նրանց մանկությունը անուրախ չանցկացնել…»,- ասում է Անահիտը եւ պատմում, որ Աշոտը շատ էր ուզում տունը վերանորոգել, չհասցրեց, բայց իրենք վերանորոգեցին հենց այնպես, ինչպես ինքն էր ուզում, անասունը ավելացրեցին, որովհետեւ ինքն էլ էր ուզում իր երեխաներին ոչ մի բանից չզրկել… Երեխաները, ցավոք, զրկվեցին իրենց կյանքի հենարանից` հայրիկից, բայց իրենց հայրիկն էլ հենց հենարան դարձավ, որ ապրեն արժանապատիվ, որ զգան նահատակի զավակը լինելու մեծ պատասխանատվությունը եւ գնահատեն այն ամենը, ինչ ունեն… Դուստրը` Աստղիկը, ուզում է բժշկուհի դառնալ, որ հիվանդներին բուժի, 4-ամյա էրիկն ուզում է զինվոր դառնալ, որ իր հայրիկի նման պաշտպանի հայրենիքը, իսկ Անահիտը շնորհակալ է, որ անգամ մեկ տարի անց` այցելում եմ իրենց, չեմ մոռանում գյուղի նահատակներին, ազգովի զգում ենք այն անչափելի կորուստը, որ թեեւ յուրաքնաչյուր ընտանիք հատկապես ինքն ապրեց ողջ ողբերգությունը, բայց` կորուստը համազգային է, ցավը` տիեզերական, ապրելու, հարատեւելու, հավերժելու կամքը` աստվածատուր…

Աշոտ Մանասերի Բաբայան… հավերժ փառք քեզ, ննջիր խաղաղությամբ, քո երդիկից ծուխ է բարձրանում, ու նոյեմբերյան ցրտած երկինքը քեզ նշան է տալիս, որ օջախդ վառ է, ծուխը` ծխանի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code