Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրված է at Նոյեմբեր 26, 2021
1549 0

Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել են հարեւան` Նժդեհ գյուղ, ապրել, աշխատել, անասուն պահել, մեծացրել 5 զավակներին, որոնք բոլորն էլ ծնվել էին Շահումյանի Վերիշեն գյուղում:

Երբ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքը տեղափոխվեց Մորենի, նրա 5 քույրերն արդեն ծնվել էին, ինքն ու միակ եղբայրը ծնվեցին Սիսիանում… Ճակատագիրը հետո Արեգին ու Հերիքնազին պիտի հանդիպեցներ… Արեգի` Մորենիում բնակվող բարեկաները պիտի նրան հուշեին, որ գյուղում մի լավ աղջիկ կա…Եւ 15-ամյա Հերիքնազը կողքի գյուղից պիտի հարս գնար Արեգ Ազարյանի ընտանիք, Շահումյանի վարք ու բարքով ապրող երկու ընտանիք պիտի խնամիանային, եւ Բորիկ ու Զոյա Ազարյանների բազմանդամ օջախը պիտի լցվեր Հերքինազի զվարթ, սրտաբաց, անկեղծ ծիծաղով, ժպիտներով` լրացնելով կենսախինդ, բարեհոգի, բոլորին միայն լավը կամեցող արեգնաճաճանչ աչքերով Արեգին:

«Մենք դժվար ենք ապրել, հիմա էլ ենք դժվար ապրում, բայց կյանքի դժվարությունները ոչ թե կոտրել, դաժանացրել, չարացրել են մեզ, այլեւ` պնդացրել են, ամրացրել, կոփել, դրա համար էլ կարողացել ենք հաղթահարել դրանք եւ ապրել սիրով, խաղաղ, ներդաշնակ, երջանիկ ու համերաշխ…»,- ասում է 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի կինը` 26-ամյա Հերիքնազ Աղաջանյանը:

Հասցրել են չորս զավակ ունենալ, ընտանիքի նորածիններին կոչել տան մեծերի անուններով` պահպանելով ժառանգականության եւ հարգանքի խորհուրդը: Ու երազանքներ պահել իրենց զավակների, իրենց ծնողների, իրենց ապագայի համար…

«2011-ին ծնվեց մեր առաջնեկը` աղջիկ, Արեգը շատ էր երազում, որ առաջնեկը տղա լինի, բայց երբ աղջիկ ծնվեց, շատ ուրախացավ, որ իրենց ծնողի պես սիրող, խնամող եւ իրենցից անբաժան հորաքրոջ` Նորվարդի անունը դնի դստերը որպես շնորհակալություն այն ամենի համար, ինչ Նորվարդ հորաքույրն է արել իրենց` օգնելով ծնողներին պահել-մեծացնել 5 երեխաներին: Երբ հետո մեր առաջին տղան ծնվեց, Արեգը շատ ցանկացավ, որ նրան իր վաղամեռիկ եղբոր անունով կոչի` Անդրանիկ, որ Անդրանիկները մեր տնից չպակասեն, երկրորդ տղային հոր անունով կոչեց…Իսկ երբ 2018-ին ծնվեց մեր չորրորդ երեխան, սկսեուրս չցանկացավ իր անունը տալ փոքրիկին, ասաց` հայկական ժամանակակից մի սիրուն անուն ընտրեք, եւ ինքն էլ առաջարկեց Նարինե անունը… Սրտովս էր…»,-ասում է Հերիքնազը` լացն ու ծիծաղը, ժպիտն ու ցավը իրար խառնած…

Ապրում էին, աշխատում, ստեղծում, երազում…

1988-ին Շահումյանի Վերիշեն գյուղում ծնված Արեգը վառ էր պահել ծննդավայրի հիշողությունները, համագյուղացիների անունները, գյուղի` անհասկանալի հայաթափվելը եւ տեղահանվելը, ծնողների` 5 անչափահաս երախաներին ապահով տեղ` Հայաստան հասցնելու տագնապներն ու ծանր ապրումները: Գիտեր` ինչ է կատարվել… Ու երբ արդեն Արցախում ամուսնացած քույրը` Վիոլետան հանկարծ զանգահարեր-ասեր` տեղս նեղ է, արագ կհասներ նրան, կօգներ, դժվարություններից կհաներ: Արեգը շատ էր ուրախացել, որ քույրը եւ նրա 9 զավակները պատերազմական օրերին կարողացել էին դուրս գալ Երիցվանքից, որից հետո թշնամին գնդակոծել էր գյուղը, եւ վերաբնակվել Նժդեհում` ծնողների մոտ, ու ինքը դրանից խաղաղվել էր: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կինը` Հերիքնազը խնդրեց չգնալ, 4 երեխաներին ում հույսին է թողնում, բայց Արեգը մի ներքին զգայարանով զգացել էր, որ հայրենազրկման, տնազրկման կուտակված-խտացված վրեժը լուծելու ժամանակը եկել է, եւ չի կարող չգնալ…

«Պատերազմից մի վեց ամիս առաջ Արեգն իր մեքենայով վթարի էր ենթարկվել, ջարդվել էր թեւը, երեք կողոսկրը, հեռացվել էր փայծախը, ու մենք մտածում էինք, որ ինքը չի գնա, դրան գումարած` ուներ 4 անչափահաս երեխա: Երբ զորահավաք եղավ, գյուղի բոլոր երիտասարդներին կանչեցին, ավտովթարից դեռեւս ամբողջությամբ չապաքինված Արեգը հենց ինքը չէր ցանկացել ընկերներից բաժանվել: Սեպտեմբերի 27-ին զանգահարեց Նորավանի զորամասից… Մի քիչ հանգստացանք… Հաջորդ օրն իմացանք, որ սնունդ են տանելու Արցախ, եւ հագուստ ու իրեր էր խնդրել… Գումար էլ դրեցի, ասացի` զինվորների համար գուցե ցանկանա որեւէ բան գնել… Ամսի 29-ին Արցախում էր, կարծում էինք` Մարտունիում, բայց պարզվեց` Մարտակերտում է… Հրետանավոր էր: Ամեն օր խոսել ենք, խնդրել եմ ետ գալ, հրաժարվել է, ասել` ընկերներին չի լքի, նրանց մենակ չի թողնի… Ասել եմ` մի գնա, ասել է` բա որ 4 երեխա ունեցողը չգնա, ո՞վ գնա, էն երեխա չունեցողը գնա իմ երեխաներին պաշտպանի՞… Երբ իմացավ, որ կռիվ պիտի գնա, ասաց` մեր Շահումյանը ազատագրելու ենք, գնալու եմ մեր գյուղը, մեր տունը, եթե անգամ ավերակ լինի, գտնելու եմ, ճանաչելու եմ… Երազում էր… Ընդամենը 4 տարեկան է եղել, որ ծննդավայրից դուրս է եկել, բայց ամեն ինչ հիշում էր, այսքան տարի հետո էլ չէր կտրվել հայրենիքի եւ ծննդավայրի ոգեղեն կապը, ներքին հարազատությունը…»,-ասում է Հերիքնազը, հետո հավելում, որ ամեն օր զանգահարում- ոգեպնդում էր սրտից մի քիչ թույլ հորը, ասում` դուխով, պինդ մնա, մորն ասում էր` ոնց գնացել եմ, էնպես էլ գալու եմ, դուք ձեզ լավ պահեք, երեխաներին լավ նայեք… Իսկ վերջին օրերին, ասես ներիքն զգացողությամբ, զանհագարել է գյուղի իրենց հարեւան Ալիկին, խնդրել, որ աչքը իր ընտանիքի, ծնողների եւ երեխաների վրա պահեի, քանի որ վերադարձի հավանականությունը հիսուն-հիսուն է …

«Մի օր զանգահարեց ու անմիջապես ասաց` լավ, անջատիր…Սարսափելի պահեր էին, ծանր ապրումներ ունեցանք, բայց մի քանի ժամ հետո զանգեց ու ասաց` «ծանրոց էին ուղարկում» մեզ, մենք էլ իրենց ուղարկեցինք… Իմացել եմ, որ մոտ 6 հազար ծանրոց են մեր տղաներն ուղարկել թշնամուն…ու` անվրեպ»,- լացա-ծիծաղախառն պատմում է Հերիքնազը…

Հարցնում եմ` էդքան լայնախոհությունը, էդքան մեծահոգությունը, էդքան լուսավոր նկարագիրն ու սեփական ցավն ու վիշտը կողքինին չպարտադրելու կամքը որտեղի՞ց է ընդամենը 26 տարեկան կնոջ մեջ, Հերիքնազն առանց երկար մտածելու ասում է` Արեգից… Ինքն էլ շատ լուսավոր, ժպիտով, կենսախինդ մարդ էր, եւ Արեգն է իր մշտագո ներկայությամբ ուժ տալիս, սիրտ տալիս, ժպիտ բերում իրեն, որ երեխաները, կողքինները, Արեգի ծնողները չտեսնեն իր կորստի ցավն ու անափ տխրությունը: «Առանց այն էլ երեխաներս ուրախ չեն, ես նրանցից թաքցնումեմ իմ արցունքը, Արեգն է այդպես հուշում ինձ… ես գիտեմ, որ Արեգը չկա, չի գալու, բայց սպասում եմ, անգամ` երբեմն զգում, որ դուռը բացում է, ներս է մտնում… Ես գիտեմ, որ ինքը շատ կուզենար, որ երեխաներին այսպես մեծացնեմ, ու հետեւում եմ նրա խորհրդին, նրա հոգին միշտ ինձ հետ է, իմ կողքին եւ ինձ խորհրդատու…»,- ասում է Հերիքնազը եւ պատմում, որ հոկտեմբերի 20-ին առավոտյան ժամը 11-ին Արեգը զանգահարել եւ ասել է` գալու են, բայց երեխաներին չասի, որ անհամբեր չսպասեն… Քիչ հետո զանգահարել ու խնդրել է ընկերոջ հեռախոսի համարը, որ, անհրաժեշտության դեպքում նա իր մեքենայով գա իրենց տուն բերի… Հետո Արեգի քույրը` Արմինեն է զանգահարել-ասել, որ Արեգն իր ամուսնու հետ է պայմանավորվել, որ Սիսիանում դիմավորի իրեն… «Մտածեցինք, որ եթե Արեգը գալիս է, մենակ չի գալու, ընկերների հետ է գալու, մի լավ պատրաստություն տեսանք, որ դիմավորենք… Բոլորս անհամբեր սպասում էինք, նաեւ` երեխաները, որ շուտ-շուտ դուրս էին թռչում` հայրիկին դիմավորելու… Արեգն այլեւս չզանգեց, գիշերը վատ երազ տեսա, անօդաչուն հարվածեց իմ ձեռքին, մաշկս այրվեց, վեր թռա, ողջ օրը տագնապալի լուրերի էինք սպասում… Գյուղապետը եկավ, ասաց, որ Արեգը վիրավոր է, հետո տալս զանգահարեց-ասաց, իբրեւ, Արեգը փախել է, ուրախացա, բայց չհավատացի, որովհետեւ Արեգն ասել էր` երբեք չի փախչի, փախչելն ավելի վատ է, ես կուզենայի, որ Արեգը փախած լիներ, բայց չէի հավատում, հետո քավորի հետ անծանոթ մարդիկ եկան մեր տուն, տալս եւ նրա ամուսինն էլ էին …Ամեն ինչ պարզ էր… Հոկտմբերի 22-ին Արեգի հոգեհանգիստն էր Սիսիանի եկեղեցում… 23-ին վեց նահատակների հուղարկավորեցինք Սիսիանի պանթեոնում»,- պատմում է Հերիքնազը:

Հարցնում եմ` անցել է մեկ տարի, երեխաներն ինչպե՞ս են հիշում հայրիկին, հետո ինքս ինձ փորձում շտկել` մեծերը` գուցե, բայց 4-ամյա Նարինեն դժվար հիշի: Հերիքնազն ասում, որ ամենից շատ հենց Նարինեն է հիշում, խնդրում է իրեն տնից հանել բոլոր լուսանկարները, որ իրենց պապան տուն գա, ասում է` երբ պապան վթարվել էր, թեւը կոտրվել էր, դու նրան տուն բերեցիր, հիմա էլ տուն բեր, տղաները հաճախ են մայրիկի հետ այցի գնում հայրիկին, մաքրում են գերեզմանը, թարմացնում ծաղիկները, ասում` սա էլ պապայի տունն է, ճիշտ է, մութ է, բայց թող պապայի տունը սիրուն լինի… Մի օր մայրը կարդացել է Սիսիանի թիվ 4 դպրոցի 5-րդ դասարանում սովորող տղայի շարադրությունը ու լաց եղել, որովհետեւ տղան գրել էր, որ իր հայրը մեր հողերը պահելու համար է կռվել ու զոհվել ու իրենք նրա գործը կիսատ չեն թողնելու, չեն թողնելու, որ իրենց պապայի արյունով ծածկված հողը ուրիշը կոխկրտի…Արեգ Ազարյանը գիտակցված մահով անմահացավ. նրա զավակները դա գիտակցում են…

Որտեղի՞ց 26-ամյա կնոջ մեջ այսքան ուժ, այսքան սեր, այսքան հավատ, այսքան համբերություն ու այսքան կամք… Ասում է` Արեգից… Ասում է` իր մխիթարությունը իր 4 երեխաներն են եւ Արեգի ու իր երազանքները մինչեւ վերջ իրականություն դարձնելու` Արեգին տված խոստումները… Ոչինչ չի խնայում երեխաների ուսման եւ դաստիարակության համար, Արեգը երազում էր, որ նրանք լավ ու պիտանի մարդիկ դառնան… Դառնալու են… Հոր հիշատակի հանդեպ պատասխանատվությունն է դա պարտադրելու… Երազում էին շատ անասուն պահել, վաճառել եւ Սիսիանում երկու հարկանի տուն գնել, որ երկու տղաները միասին ապրեն, իրար կողք, որ նեղության մեջ իրար օգնեն… «Տունը գնեցինք, բայց ոչ թե երկուսիս քրտինքով, այլ` միայն իր արյան գնով…»,- ասում է Հերիքնազը, սրբում աչքերը, ժպտում եւ այնպիսի վստահությամբ նայում աչքերիս, որ մտքովս անգամ չի անցնում չհավատալ այս ուժեղ, միաժամանակ` թույլ, բայց պատվախնդիր երիտասարդ կնոջը…

«Երազում էինք, որ 10 տարի հետո մեր տղաներին բանակ ենք ճանապարհելու, մեր աղջիկներին հարսանիք ենք անելու… 10 տարի հետ մեր տղաներին բանակ ենք ճանապարհելու առանց իրեն, մեր աղջիկներին հարսանիք ենք անելու առանց իրեն… Բայց ինքը երկնքից կտեսնի եւ կուրախանա… Արեգի հոգին միշտ մեզ հետ է… Ես ընդամենը 26 տարեկան եմ, բայց թվում է` 126 տարեկանի կյանք եմ ապրել… Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել, որ կարողանում եմ դիմանալ այսքան ցավին… Թող այնքան թույլ լինեի, որ ցավը վախենար իմ կողքով անցնել…»,- հրաժեշտին ասում է Հերիքնազը, ու ես, որ տարուց ավելի է, նահատակների տներից եւ պանթեոններից միայն հոգով ջարդված եմ դուրս եկել, դուրս եկա ժպիտով, ոգեպնդված, հոգով` ամոքված, որ հանդիպեցի Հերիքնազի նման պայծառ մի կնոջ, որ ընդամենը 26 տարեկանում արդեն այրի է, բայց, ինչպես ինքն ասաց, հանուն հայրենիքի նահատակված զինվորի այրին է, եւ չի ափսոսում, որ վաղ է ամուսնացել, որ 4 զավակ ունի եւ Արեգի մնան նահատակ ամուսին…իսկ իր ուժը իր բարությունն է…

Հ.Գ. Պատերազմը ժամանակից շուտ հասունացրեց զոհվածների զավակներին…Պատերազմը ժամանակից շուտ մեծացրեց նահատակների այրիներին… Պատերազմը ժամանակից շուտ ճերմակեցրեց նահատակների ծնողներին… Բայց պատերազմը ստիպեց նաեւ գնահատել ամենաթանկը` ժամանակը…

Արեհատ ԱՄԻՐՅԱՆ

24.11.2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code