Դասասենյակի անվանակոչություն` 44-օրյա պատերազմի նահատակ Հովհաննես Գրիգորյանի անունով

Տեղադրված է at 21:58
430 0

Սիսիանի` Արշակ Գրիգորյանի անունը կրող թիվ 1 հիմնական դպրոցի` հայրենյաց նահատակների անունների կողքին ավելացել են նորերը` նորից ու վերստին հաստատելու հայրենիքի հարատեւման գինը, որ այդ սրբազան հողին հեղված հերոսական տղաների, հայրենիքի նվիրյալների եւ անմահների թանկ արյունն է …

Դպրոցի մուտքից արդեն, որտեղ առաջին արցախյան պատերազմի նահատակ Արշակ Գրիգորյանի կիսանդրին է, սկսվում է հայրենապատումի եւ հայրենասիրության առաջին դասը, որը հետո դպրոցի նախասրահում վերածվում է հերոսապատումի եւ քաջապատումի… Գրիգոր Գրիգորյանի, Վուրգ Ոսկանյանի, Արշակ Գրիգորյանի անունների կողքին ավելացել են նորերը, ու նորովի եւ յուրովի են հավաստում մեր լինելիության խորհուրդը…

Նրանց մեջ ու նրանց թվում է նաեւ Հովհաննես Կառլենի Գրիգորյանը, մի լուսավոր երիտասարդ, որ ընկավ մարտի դաշտում` հանուն հայրենիքի, որ հանգավ ասուպի նման, բայց իրենից հետո թողեց միայն լուսավոր հետագիծ, անհուն հիացմունք ու օրինակելի նկարագիր, բայց նաեւ` անասելի ցավ ու խորը ափսոսանք…

Զինակիցների, հարազատների, ընկերների, ծնողների, դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների, բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում բացվեց Հովհաննես Գրիգորյանի անվան դասասենյակ: Դասասենյակի մի անկյունը լցվեց Հովհաննեսի անձնական իրերով, լուսանկարներով, պատվոգրերով, անմար կրակով եւ անթիվ-անհամար վառ հիշողություններով, որ կփոխանցվի սերունդների հերթափոխին որպես մահ իմացյալի կենդանի ու իրեղեն վկայություն…

Դասասենյակի բացման ժապավենը կտրեցին Հովհաննեսի ծնողները` ազնվաբարո եւ աստվածավախ Աստղիկ եւ Կառլեն Գրիգորյանները, որ իրենց մեկուճար արու զավակին մատաղել էին հայրենիքին… Հետո Հովո-Հովհաննեսի հայրը` Կառլենը, այնպես էր հոտոտում, գգվում ու համբուրում որդու զինվորական համազգեստը, այնպես էր շոյում համազգեստի փեշը, ասես` որդուն էր գգվում, ասես` որդուն էր փարվում… ու իր որդու մեջ գտնում նաեւ այն բոլոր նահատակներին, որ ընկան 44-օրյա հերոսամարտում… Կառլեն Գրիգորյանը հենց նման գրառում էլ թողել էր նահատակների հուշապատի մոտ տեղադրված հուշամատյանում, երբ գրել էր` փառք մեր բոլոր հերոսներին…

Հնչեցին բազմազան ու բազմաբնույթ խոսքեր Հովհաննեսի մասին: Դպրոցի աշակերտներն ու Հովհաննեսի զարմիկները ներկայացրեցին կենդանի լրագիր` ի փառավորումն ու ի գնահատումն նրա հերոսական կենսագրության: Սիսիանի զորամասի զինվորները իրենց երաժշտական կատարումները նվիրեցին Հովհնաննեսի անմար հիշատակին, ու բոլորի խոսքի հիմնական շեշտադրումն այն էր, որ հայրենիքի համար նահատակվածներն այլեւս սրբերի շարքում են, քանի որ իրենց կյանքով փրկել են բազում կյանքեր, իրենք ընկել են, որ սերունդներն ապրեն, իրենք ընկել են, որ մենք ապրենք, իսկ մենք պարտավոր ենք ապրել, որ ապրեցնենք նրանց թանկ ու նվիրական անունն ու հիշատակը եւ ավարտին հասցնենք այն սրբազան գործը, որ կիստ է մնացել…

Հովհաննես Գրիգորյանի անվան դասասենյակի բացման արարողությանը եւ նրան նվիրված հուշ-ցերեկույթին ներկա զինվորական բարձրաստիճան պաշտոնյան հաղորդեց, որ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Հովհաննես Գրիգորյանն արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, որը շուտով տեղ կհասնի …

Սյունիքի տարածաշրջանային ֆիդայական ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանը Հովհաննես Գրգորյանին պարգեւատրեց «Սուրբ Վարդան Զորավար» մեդալով, որը հանձնվեց զոհվածի հորը:

Տեր-Պարգեւ Զեյնալյանը հուշեր պատմեց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր ծառայություն կատարելու ժամանակ Հովհաննես դպիրի բարեխղճության, բարեպաշտության, պատրաստակամության, միաժամանակ` որպես զինվոր` ցասման, վրեժխնդրության, հայրենատիրության զգացողությունների մասին: «Այս պատերազմը, իսկապես, լավագույններին տարավ, բայց տարավ միայն ֆիզիկապես… սակայն սրանով մեր պայքարը չի ավարտվել, պիտի շարունակենք իրենցից օրինակ վերցնել, թող աստված նրա հիշատակը բոլորիս սրտերում վառ պահի, ինչպես որ վառ է լինելու նրա ե՛ւ ժպիտը, ե՛ւ ցասումը: Նրանք զոհվեցին հանուն մեզ, մենք պիտի ապրենք հանուն իրենց, շենացնենք մեր երկիրը եւ մեր պայքարը հասցնենք իր տրամաբանական ավարտին»,- ասաց Տեր-Պարգեւը:

Տեր-Խաչատուր Հայրապետյանը, ով միաժամանակ դպրություն եւ հոգեւոր ծառայություն է արել Հովհաննես Գրիգորյանի հետ Սիսիանի եկեղեցում, մեծ ափսոսանք հայտնեց, որ իր հոգեւոր եւ հոգեկից եղբայր Հովհաննեսը կարճ ապրեց, բայց նրա վարքն ու բարքը օրինակելի էին, նա ծառայեց եկեղեցուն, ծառայեց աստծուն, կյանքը նվիրաբերեց հայրենիքին: Նվիրյալ զավակ էր, իր ընտանիքի եւ իր ծնողների դաստիարակության արդյունքը…

Դպրոցի տնօրեն Գոհար Սարսգյանը նշեց, որ մարտի 25-ին է իրենց դպրոցի շրջանավարտ 25 ամյա Հովհաննեսի անունով դասասենյակ անվանակոչվում, ապա հիշեց «Հայ ասպետ» մրցույթին դպրոցի մասնակցության նախապատրաստական շրջանը, երբ թիմի բոլոր դժվարություններն ու ողջ պատասխանատվությունն իր ուսերին էր վերցրել Հովհաննեսը, ով ուսումնասիրելով «Նեմեսիս» ծրագրի պատմությունը, գտել էր իրենց թիմի նշանաբանը, որը հենց «Նեմեսիսի» նշանաբանն էր` քաջությամբ սկսված գործը պիտի ավարտվի քաջությամբ… Այդպես էլ ապրեց եւ անմահացավ Հովհաննեսը…

Հովհաննես Գրիգորյանի հայրը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր նախաձեռնել եւ իրականություն են դարձրել դասասենյակի անվանակոչությունը, ովքեր սատարում, սփոփում, մխիթարում, զորակցում են իրենց, ովքեր հիշում եւ հավերժորեն փառավորում են իրենց որդուն եւ բոլոր նահատակներին: Իսկ դպրոցի ուսուցիչները խոստացան բոլոր դասարաններում եւ բոլոր սերունդներին պատմել Հովհաննեսի եւ մյուս նահատակների քաջագործությունների մասին, որքեր հայրենիքին տվել են ամենաթանկը` կյանքը…

Հայրենի՛ք, տե՛ս, թե ի~նչ լուսավոր ու զորավոր զավակներ իրենց կյանքը տվեցին հանուն քեզ…

Հայրենի՛ք, ապրի՛ր, զորացի՛ր եւ վրիժառու եղի՛ր, որովհետեւ քաջությամբ սկսված գործը պիտի ավարտվի քաջությամբ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

25 .03. 2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code