ԳՈՆԵ ՄԵՐ ԷՐԵԽԵՔԸ ՉՄՈՌԱՑՎԵՆ… զոհված Արմեն Գալստյանի մայր

Տեղադրված է at Մայիս 5, 2022
1162 0

Այս հրեղեն, կրակոտ հայացքով, զինավառ ու «դուխով» լուսանկարը Արմենը դիրքերից էր ուղարկել մորը: «Գնալուց առաջ չսափրվեց, ասաց` թող թրաշս մնա, սենց իսկական ֆիդայու նման եմ: ֆիդայի գնաց, ֆիդայի էլ եկավ տղես… Նկարի մեջ էլ ֆիդայի մնաց: Ոնց որ հատուկ նկարված լիներ` հպարտ, անպարտելի, զենքը գրկած»,- ասում է հայրենյաց նահատակ Արմեն Գալստյանի մայրը, հետո պատմում, որ իր հեռախոսը լեցուն է զինվոր որդու լուսանկարներով: Պատերազմի օրերին Արմենը Մեղրիից 50-ից ավելի լուսանկար է ուղարկել մորը: Հիմա դրանք են նրա միակ հարստությունը, միակ մխիթարությունը: Իսկ Արմե՞նը…. Դիրքեր գնալուց առաջ Արմենն արդեն հոգում հաղթել էր, մտքում հաղթել էր, սրտում հաղթել էր իր երկրի դարավոր ոսոխին, արյունարբու թուրքին, ու իր ֆեյսբուքյան էջով միացել համազգային` #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, Քեզ հետ ենք, Արցախ հեշթեգին եւ «դուխով» ստացել հայրենիքին ծառայելու ծանուցագիրը, սեպտեմբերի 27-ին գնացել Նորավանի զորամաս, ու, որպես իր երկրի հզոր բազկի մի զարկ, գնացել միանալու իր նման անպարտների ու քաջերի այն երկնային հզոր բանակին, որը մշտարթուն հսկումով սպասում է հայոց բազկի հաղթանակին…

Արմենը տան միակ տղան էր, հույսը, հենարանը, օգնականը, ապավենը… Իրենից երեք տարով մեծ միակ քույրը` Անին հեռու էր, Գերմանիայում: Ծնողները նրա կարիքը շատ ունեին, հայրը խնդրել էր իրենց մենակ չթողնել, չգնալ, ասել է` սա ուրիշ կռիվ է, բայց երբ ընկերները գնում էին, Արմենը չէր կարող չգնալ: Ամոթ էր, որ մյուսները գնային, ինքը` չէ: Ծնողներին «դուխ տալով» հավաստիացրել էր, որ գնում են թուրքի հերն անիծեն, քշեն մինչեւ Բաքու գան…

«Հորաքրոջ աղջիկը Արմենին խնդրել էր չգնալ, ասել էր` ինչի՞ ես գնում, Արմենը պատասխանել էր` բա թողնենք թուրքը գա՞… Թուրքը չեկա՞վ… Գոնե էրեխեքի արածը ջուրը չընկներ, էս էրեխեքը հիշվեն, չմոռացվեն… Արմենի հորեղբոր ընտանիքը Ստեփանակերտում էր ապրում, ասացի` հորեղբորդ ընտանիքը փախնում ա, կռիվ ա, մի գնա, ժպտալով ասաց` մի ուժեղ կռիվ լինի՜, գնանք-կռվենք: Բայց ոչ էլ կռվեցին, ասում էր` ոչ թուրք տեսանք, ոչ` կարգին կռիվ…Կուզենայի, գոնե, կռվեր, մի թուրք էլ ինքը սպաներ, կասեի` հա… Մեղրիից նկարում էր թուրքերի դիրքերը, ուղարկում մեզ, ախ-վախ չուներ: Մեջը արցախցու արյուն էլ կար, դրա համար էլ գնաց: էրեխեքի դուխը կոտրեցին, մերն էլ` հետը: Էն գլխից` թուրքից տուժածն եմ…», -ասում է Արմեն Գալստյանի մայրը` 47-ամյա Սվետլանա Շիրինյանը, հավելում, որ ինքն արմատներով արցախից է, 88-ին են թուրքի երախից ընտանիքով մի կերպ փախել Սումգայիթից, բնակություն հաստատել Կապանում, որտեղից 28 տարի առաջ հարս է եկել Սիսիանի Սալվարդ գյուղ:

Արմեն Անդրանիկի Գալստյանը ծնվել է 1998 թվականի մարտի 24-ին, Սալվարդ գյուղում: Տեղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է հարեւան` Հացավան գյուղի միջնակարգ դպրոցում: 2016 թվականին ծառայել է հայոց բանակում: Զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվել է անասնապահությամբ, հողագործությամբ: Տան միակ արու զավակը լինելով` իր վրա է վերցրել տան-տնտեսության, ծնողների խնամքի ողջ պատասխանատվությունը եւ պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները: Բայց կար ավելի մեծ ու ավելի վեհ մի խնդիր, որի լուծմանը Արմենն անմասն չմնաց, եւ չէր կարող մնալ` հայրենիքը իր կարիքն ուներ, ու նա առաջիններից էր, որ գնաց երկրի սահմանները թշամուց պատշպանելու եւ դառնալու նրա հզոր բազկի մի զարկը…

Տիկին Սվետլանան ասում է, որ Արմենը ուժեղ, աշխույժ, ուրախ, երգ-երաժտություն սիրող, գյուղի մեծ ու փոքրին օգնող, խելոք, ընկերասեր, աշխատասեր տղա էր, չէ բառը չուներ, գործի հեշտ ու դժվարին, ծանր ու թեթեւին չէր նայում, եթե պիտի որեւէ մեկին օգներ, օգնում էր անտրտունջ: «Արմենս շատ սիրուն աչքեր ուներ, ասում էր` մամ, աղջիկների խելքը գնում է աչքերիս համար…»,- պատմում է մայրը, հետո Արմենի` իրեն շատ նման լինելու իմ ակնարկին թաց ժպիտով պատասխանում` ե՛ւ իրեն է նման, ե՛ւ հորը: Ծնողների` ամուսնանալու հորդորներին Արմենը պատասխանում էր` 25 տարեկանում կամուսնանամ, բայց չհասավ 25-ին. անմահացավ 22-ում:

Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին է խոսել մոր հետ, նրա` որտե՞ղ եք հարցին պատասխանել` չգիտեմ, բայց մի ցուցանակի վրա կարդացի` Այգեհովիտ, հետո նրան հավաստիացրել է, որ խրամատ են փորում, ապահով են, իրենք իրենց լավ պահեն, մինչեւ վերադառնա… Արմենը չվերադարձավ: Հոկտեմբերի 16-ին նրա աճյունը Սիսիան բերեցին եռագույնով, բերեցին վահանի վրա, բերեցին համազգային խոնարհումով ու հավիտենական փառքով եւ հոկտեմբերի 17-ին Սիսիանի պանթեոնում հանձնեցին հայրենի հողին` իր նահատակ ընկերների կողքին:

Տիկին Սվետլանան ասում է, որ Արմենը փակ մարդ էր, բայց մտերիմ էր իր կամբատի հետ:  Ջոկի հրամանատար Ռոմանն է հետո ծնողներին պատմել, որ ինչ լիներ` Արմենն իրեն առաջ էր գցում, չէր վախենում, ամեն ինչին խառնվում էր, իրենից տարիքով մեծ կամավորներին ու զորակոչվածներին չէր թողնում ծանր գործեր անել, մեջներից տարիքով փոքրը ինքն ու Յուրին էին, նրանք էին անում: Երբ Արմենը վիրավորվել է, ջոկի հրամանատարն արել է ամեն ինչ` նրա կյանքը փրկելու համար, բայց չի հաջողվել…

Արմենի անունը, սակայն, չի մոռացվել: Նրա բարեկամների օջախներում արդեն նրա անունը կրող երկու տղա է լույս աշխարհ եկել: Արմենի հուղարկավորման օրը հորեղբոր աղջիկը վատացել էր, հենց այդ ժամանակ իմացել են, որ երեխայի է սպասում. նորածնի անունը Արմեն են դրել: Իսկ նրա հորաքրոջ տղան, որ արդեն որոշեր էր իր տղային Վան կոչել, Արմենից հետո իր որդուն տվել է հայրենիքի  հավերժ զինվոր ազգականի անունը, որ Արմենները անպակաս լիեն, շատ լինեն ու հավերժ լինեն…

«Արմենի զոհվելուց հետո անցել է մեկուկես տարի, բայց ոչինչ չի փոխվել, չի էլ փոխվելու: Ամեն օր մտքով նրա հետ եմ: Որդուս զոհվելուց մեկուկես տարի հետո առաջին անգամ միացրել եմ նրա մեքենայի ձայնագրիչը. նրա լսած վերջին երգերը զինվորական, հայրենասիրական երգեր էին: Արմենը հատուկ երեխա էր: Աստված հատուկներին տարավ իր մոտ: Հիմա նայում եմ նրա նկարները, վիդեոները, ունենում նույն զգացումները, ինչ նրա կենդանության օրոք», -ասում է տիկին Սվետլանան, բայց եւ խորապես վրդովված ու վիրավորված հավելում, որ շատ ամոթ է, երբ ամբողջ հանրապետությունում միայն Սիսիանի պանթեոնում տղաների գերեզմանները մինչեւ հիմա պատրաստված չեն, շիրմաքարերը տեղադրված չեն… Տանելուց լա՞վ էր, իսկ երբ եկել է նրանց հիշատակը հարգելու պահը, էդպե՞ս են հարգում… Մի բարեկարգ գերեզմանի է՞լ արժանի չեն էս սուրբ տղաները, բա ամոթ չի՞…

«Բոլորի ցավն ենք սգում, բոլորն էլ մեր զավակներն են, բայց Արմենը մեր աչքի առաջ է մեծացել, մենք գիտենք, թե ինչ հրաշալի մարդ էր, ինչ լավ տղա, խելոք, դաստիարակված, ինչ ոսկի սրտի տեր, ինչ կենսասեր, բոլորին հասնող, գյուղում բոլորը Արմենին մի ուրիշ ձեւի էին սիրում, ինքն էլ` գյուղացիներին: Ընտանիքի, հաշմանդամ ծնողների  հույսն ու հավատն էր: Ամբողջ գյուղով սգում ենք: Հավերժ փառք իրեն»,- Արմենի հուղարկավորման օրը սրտի անհուն կսկիծով ասել էր համագյուղացի Տաթեւիկ Հարությունյանը:

…Նայում եմ այս լուսանկարներին ու մտածում, թե որքան պինդ ու սիրառատ է գրկել զինվորն իր զենքը, իր ապավեն զենքը, իր հենարան զենքը, իր պատվի եւ արժանապատվության զենքը… Արմենը, ցավոք, չհասցրեց նույն կերպ գրկել օջախի մի հալալ կաթնակերի, չհասցրեց թոռներ պարգեւել ծնողներին, չհասցրեց քեռի դառնալ իր միակ քրոջ ծնվելիք զավակների համար, ով քովիդի պատճառով չէր կարողացել ներկա լինել եղբոր վերջին հրաժեշտին. հեռավոր Գերմանիայից մեկ տարի անց է միայն եկել-հասել նրա ծաղկահեղեղ շիրմաթմբին… Ինչքան բան չհասցրեց ընդամենը 22 գարուն ապրած Արմեն Գալստյանը: Բայց հասցրեց հերոսանալ, հասցրեց անմահանալ եւ փառքով ու հավերժական խոնարհումով հանգչել Սիսիանի հաղթարձան-հաղթական պանթեոնում…

Ննջիր խաղաղությամբ, Արմեն Գալստյան: Հավերժ փառք քեզ, հայրենիքի զինվոր …

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. Արմեն Գալստյանի հայրը` Անդրանիկ Գալստյանն իր օրերը եւ ժամանակը լցնում է Արմենի անունով գյուղի այգին ծառաստան, ծաղկաստան դարձնելով, հուշաղբյուր ու խաչքար տեղադրելով… Որդու անավարտ երազանքն ինքն է իրականություն դարձնում. թեեւ կտրվել է որդու մատաղ կյանքի ծառը, բայց նրա հիշատկի այգին պիտի ծաղկի եւ պտուղներ տա…

Անդրանիկը որդուն տված մի խոստումն էլ է կատարել. պատերազմից առաջ, ծննդյան օրվա առթիվ, նրան խոստացել էր նոր մեքենա գնել: Այս տարի գնեց, բայց` ետմահու… Կնոջ` Արմենը որ չկա, էլ ինչի՞ է պետք կարծիքին հակադարձեց` տղային տված խոստումն է կատարում: Ամեն ինչ Արմենին է հիշեցնում, չնայած` չեն էլ մոռանում: Անգամ` մեքենայի բրիլյոկն է նրա նկարով: Սալվարդից հիմա այդ մեքենայով են գալիս պանթեոն` Արմենի մոտ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբ Աշոտն ընդամենը 4 տարեկան էր, մահացավ հայրը… Երբ իր Էրիկ որդին 4 տարեկան էր, զոհվեց ինքը …

Տեղադրվել է - Նոյեմբեր 30, 2021 0
Բացի Սիսիանի քաղաքային զինվորական պանթեոնից, զինվորական պանթեոններ կան նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ, Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերում, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code