Բարով գաս, 2022. Հիմա մեր ապրելու «պատերազմն է»…

463 0

Մեկ տարի էլ ապրեցինք: Դժվար ապրեցինք, ճռռալով ապրեցինք, մխալով ապրեցինք, քամվելով ապրեցինք: Բայց` ապրեցինք… Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Շատերի հետ ու շատերի պես ես էլ պանթեոններում ծանր օրեր անցկացրեցի: Շատերի հետ ու շատերի պես ես էլ խոնարհվեցի ու փառավորեցի մեր նահատակներին, ու կենսակերպը դեռ շարունակվում է…

Անցնող տարում հայոց զենքի պանթեոնի անմահներից բացի որեւէ ուրիշ թեմայով գրել չկարողացա, ու չէի կարող, քանի դեռ նրանց նկատմամբ գրչիս պարտքը դեռ անավարտ է, քանի դեռ հողին չհանձնված նահատակներ ունենք, քանի դեռ նրանց անհանգիստ հոգու հետ մեր հոգիներն ու մտքերն էլ էն անհանգիստ…

Ամեն նահատակի օջախ այցելելիս կրկին ու վերստին ապրեցինք կորստյան ցավը, կրկին ու վերստին իրար սիրտ տվեցինք, մխիթարեցինք, որ հանուն հայրենիքի է, որովհտեւ մեր անկախությունն ու մեր պետականությունն այդպես է երկնվել, բայց եւ հավատացինք, որ սա վերջին կռիվն էր, վերջին զոհաբերումը…

Ապրեցինք` ով ինչպես կարող էր, բայց մի հարցում, գոնե, բոլորս միակամ էինք` հավերժ փառավորեցինք եւ հավերժ խոնարհվեցինք նրանց սուրբ հիշատակի առաջ, ում զոհաբերմամբ ենք այսօր դիմավորում լուսացաբը, բայց մնում ենք հավերժ պարտական` նրանց արյան գինը հատուցելու…  

Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա: Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա… Մեր փլատակված պատը, մեր հավերժումի պատը, մեր ներսի պատը, մեր հոգու պատը, մեր միաբանության պատը, մեր պետականության պատը…

Այս լուսաբացների համար պարտական ենք մեր նահատակներին…

Այս լուսաբացների համար պարտական ենք նրանց ծնողներին…

Այս լուսաբացների համար պարտական ենք նրանց` մանկությունը կորցրած զավակներին…

Այս լուսաբացների համար պարտական ենք նահատակների երիտասարդ այրիներին…

Այս լուսաբացների համար պարտական ենք սահմանը պահող հայոց զինվորին…

Այս լուսաբացների համար պարտական ենք հաց արարողին, հող հերկողին, մատյան ծաղկողին, քար քրքրողին, միտք պտղավորողին, լույս արարողին…

Զենքի պատերազմից զատ մեր ամենամեծ պատերազմը հիմա «ապրելու պատերազմն է»

Մեր պատերազմը չի ավարտվելՀիմա մեր ապրելու «պատերազմն է», վերընձյուղվելու «պատերազմը», սեփական ձեռքը սեփական ծնկանը դնելով` բարձրանալու «պատերազմը», մեր տանջահար ու բազմաչարչար հոգին ամոքելու դժվարին «պատերազմը», մեր տունը ամուր հիմքերի վրա կառուցելու աննահանջ «պատերազմը», մեր հաղթելու «պատերազմը»… Ով «զարկվի, դավաճան է»

Բարով գաս, սիրով գաս, հաղթանակներով գաս, անցավ գաս, անկորուստ գաս, անպատերազմ գաս, 2022… Մենք այնքան շատ ունենք դրա կարիքը…

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

30.12.2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code