ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆՎՈՐ…

Տեղադրված է at Հուլիս 9, 2021
3091 0

Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես ինքս ուրախությունից արտասվող մարդկանց չեմ նկարել… Այսօր ուրիշ էր, առանձնահատուկ ուրիշ, երանելի ուրիշ, ուրի~շ  ուրիշ… Իրենց զորացրված զինվորին էր սպասում Իսրայել-Օրի 1-ի ամբողջ շենքը, բոլոր բնակիչները, մեծից` փոքր, սպասում էին իրենց Արմենի վերադարձին, սպասում էին շուքով, զինվորին վայել տոնական տրամադրությամբ, 44-օրյա պատերազմ տեսած եւ պատերազմի կրակներից ողջ եւ առողջ տուն վերադարձող զինվորին արժանի հանդիսավորությամբ… սպասում էին` բակում սեղան բացած, բակը տոնականորեն զարդարած, զուռնայով ու դհոլով, խանդավառ ու կարոտած…

Մենք, որ վերջին ինը ամիսներին տեսել էինք միայն նահատակ զինվորների հուղարկավորություն, որ տեսել էինք միայն վշտից կուչ եկած զինվորի ծնողներ, հիմա մեր աչքերն էլ էին հրճվում անսովոր հրճավանքով…

Իսրայել-Օրի 1-ի ողջ շենքը բակում էր, դիմավորում էին Մարտունի 3-ում իր ծառայությունը պատվով ավարտած եւ տուն վերադարձած իրենց զինվորին` Արմեն Աշոտի Մարգարյանին: Հայրը` Աշոտը, խորին երախտագիտությամբ պատասխանելով իմ եւ բոլորի աչքալուսանքին, զսպելով ուրախությունը, չթաքցնելով հուզմունքը, մաղթեց, որ բոլոր ծնողները վայելեն այն բերկրանքը, որ ինքն է վայելում որդու վերադարձով, մաղթեց, որ զինվորին չոր աչքով ճանապարհենք եւ չոր աչքով դիմավորենք, մաղթեց, որ բոլոր օջախներում թեւածի այն խանդավառությունը, ինչպես որ իր օջախում է թեւածում որդու վերադարձով:

Մայրը` Քրիստինեն, անզոր ու անկարող որեւէ բառ ասել, միայն արտասվում էր ուրախությունից եւ անչափ զգացված էր հարեւանների կազմակերպած նման դիմավորումից:

Անակնկալ դիմավրումից զարմացած Արմենը հազիվ հասցնում էր միայն ողջագուրվել իրեն այնքան սիրով եւ ջերմությամբ սպասող հարեւաններին եւ, անկարող լինելով այսքանից հետո որեւէ բառ ասել, նշեց միայն, որ բոլոր զինվորներին կցանկանար այսպիսի դիմավորում եւ այսպիսի գրկաբաց ու սրտաբաց ընդունում…

Հարեւաններիսց մեկը, նկատելով նաեւ իմ ուրախությունը, մաղթեց, որ այսուհետ իմ ֆոտոխցիկը միայն այսպիսի լավ նորություններ արձանագրի եւ այսպիսի ուրախ դեմքեր նկարի…

Բարի վերադարձ, հայոց բանակի զինվոր, բարի վերադարձ տուն եւ թող հայրենիքին քո նվիրումը վարձատրվի հայրենակիցների անթաքույց ուրախությամբ, անկեղծ ժպիտներով եւ բարի, բարի մաղթանքներով ու աչքալուսանքներով…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրվել է - Հունվար 10, 2022 0
Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code