ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՍՓՈՓ ԼԱՑ ԵՂԱ, ԵՐԲ ԻՄԱՑԱ, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԻՏԻ ՍՈՎՈՐԵՄ…

Տեղադրված է at Ապրիլ 13, 2021
167 0

1977 թիվն էր: Տասնհինգ տարեկան էի, երբ առաջին անգամ դուրս եկա մեր գյուղից ու, անգիտությամբ` բախտավոր, հոգուս մեջ` «աղունիկներու փետուրներ», գնացի հարեւան` Վաղատին գյուղ, որտեղ ապրում էր հորաքույրս… Մեր դպրոցն ութնամյա էր, իսկ ես պիտի շարունակեի միջնակարգ կրթությունը: Հայրս, քանի որ ուրիշ տարբերակ չկար, որոշել էր, որ պիտի մնամ իր Լենա քրոջ տանը եւ սովորեմ Վաղատինի միջնակարգ դպրոցում…

Կեսօրին մոտ, երբ ավարտել էին գրասենյակի, գոմի, կով ու կթի, ջրտուքի ու անասնակերը բաց թողնելու` տնտեսության համար շատ կարեւոր գործերը, երբ հայրս կոլխոսզի դեկատը հաղորդել էր Սիսիանի ռայկոմ, նստեցինք կոլխոզի միակ` ուազ մեքենայի խցիկը, եւ վարոդ քեռի Ռազմիկը միացրեց շարժիչը… Օգոստոսի 31-ն էր… Հաջորդ օրը` նոր ուսումնական տարին…

Ճանապարհին հայրս ինձ նախապատրաստեց, որ լավ դպրոց է, մեծ դպրոց է, աշակերտները շատ են, այնքան շատ, ու ունեն 9-ի «ա» եւ 9-ի «բ» դասարաններ… Նկատելով զարմանքս, քանի որ մեր դպրոցը փոքր էր, ամեն դասարանում էլ` ընդամենը 15 աշակերտ, հայրս շատ նրբորեն ակնարկեց, որ «ինտերնացիոնալ» դպրոց է, եւ այդտեղ սովորում են նաեւ… ադրբեջանցիներ… Մեր գյուղից մինչեւ Վաղատին լաց եղա… Լաց եղա, որ տնից հեռու եմ լինելու, լաց եղա, որ ուշ-ուշ եմ գյուղ գնալու, լաց եղա, որ պիտի նույն դպրոցում սովորեմ, որտեղ սովորում են նաեւ… թուրքերը… Լաց եղա թուրքի հետ նույն դպրոցում սովորելու վիրավորանքից, անզորությունից, անճարությունից… ու մտովի նախանձեցի մեծ քրոջս` Անահիտին, որ միջանակրգը Սիսիանում էր ավարտել` ապրելով մորաքրոջս տանը…

Սիրունադեմ Լենա հորաքրոջս ջերմ ընդունելությունը, նրա տղաների` Սեւադայի եւ Սեյրանի հետ միասին դպրոց գնալը մի կերպ փարատեցին վիրավորանքս…

Բայց ես ե՛ս չէի լինի, եթե այդքան հեշտ ու հանգիստ, խաղաղ ու անտրտունջ հաշտվեի միտքս, զգացմունքներս, հոգիս, բանականությունս, կարդացածս գրքերը, Բաքվի ջարդերի մասին Առաքել պապիցս լսած պատմությունները վիրավորող` թուրքերի հետ նույն դպրոցում սովորելու մտքի հետ…

Առաջին «բախումս» եղավ գերմաներենի դասատու Թաիրովի հետ… Թուրքի հոտառությամբ արդեն ներքին զգացողությամբ զգացել էր, որ ես «ուրիշ եմ», օտար ու ոչ հարազատ… Երբ դասերին սկսում էր խոսել Անդրկովկասյան երեք հանրապետությունների մասին եւ հավասարեցնում նրանց պատմությունը, արվեստը, մշակույթը, ես ընբոստանում էի, հակաճառում: Թաիրովը շատ արագ «գտնում էր» ելքը, կովկասյան երեք ազգերի մեջ առավելություն տալով, գոնե, վրացիներին, որի հետ մի կերպ համաձայնվում էի: Վրացիներին էլ յուրային դրացի եւ բարեկամ էի ընկալում, անգամ` ինքնուրույն փորձում էի վարցերեն սովորել… Իմ ու Թաիրովի միջեւ անհաշտությունը ոչ թե` ուսուցչի եւ աշակերտի անհաշտություն էր, այլ` գենետիկ, հիշողության, արյան…Եւ երբ Թաիրովն այլեւս չէր ցանկանում շարունակել իմ ու իր վեճը, ինձ «վիրավորում էր» ասելով` «դո՛ւ սու՛ս, քոլեցի՛»… Լծենը, որտեղ ես ծնվել եւ մեծացել էի, անտառի փեշին էր, անտառաշատ, քոլաշատ…

Իմ անմեղ «կռիվները» թուքերի հետ շարունակվում էին նաեւ դասամիջոցներին, միջանցքներում: Բայց քանի որ լավ սովորող աշակերտ էի, անգամ ուսմասվար Հասանովն էր «կողմնապահություն անում»` հօգուտ ինձ… Սակայն տարիներ, շատ տարիներ հետո միայն հասկացա, որ Թաիրովի եւ Հասանովի «կողմնապահությունը» միայն մի նպատակ ուներ` զգուշավորություն, որ հանկարծ «ինտերնազիոնալիզմը» չփլուզվի, պատանեկան չարաճճիություն համարվող իմ անհաշտությունը նրանց հետ հանկարծ չծավալվի ու չտարածվի… Բայց չէի «հաշտվում» նաեւ մաքուր սափրած, պլպլացող գլոխով Հասանովի հետ, եւ «վրեժս լուծում էի» նրա մասին ասելով` «ի՞նչ տարբերություն` Հասան` չաչալ, թե` չաչալ Հասան»: Սակայն երբեմն դպրոցից տուն գնալիս ինձ վրա զգում էի որոշ թուրքերի սեւեռուն, քննախույզ, ուշադիր հայացքները… Այդ հետո միայն իմացա, որ գերմաներենի դասատու Թաիրովը գյուղի թուրքերի մոլլայի քարտուղարն էր, գրագիրը կամ` նման մի բան…

Հորաքրոջս տանը մոտիկ թուրք հարեւաններ կային, ամուսնական սիրուն զույգ էր, ու շատ գեղեցիկ ձի ունեին… Հարեւանություն էին անում, ում տանն ինչ լավ բան կար, հյուրասիրում էին միմյանց… Դրանց բերած ձուն անգամ չէի ուտում… Հորաքույրս ասում էր` այ Արեւ, ձուն քեզ ի՞նչ է անելու, դրանք հո ձվի մեջ է՞լ չեն մտել…

Երկրորդ անգամ «վիրավորանքից մեռա», երբ նույն տարում Սիսիանի ավտոկայանում կայանած ավտոբուսներից մեկի վրա կարդացի Արեւիս ցուցանակը: Ես չգիտեի, որ Սիսիանում նման սիրուն անունով գյուղ կար, ու հաճելիորեն շոյվեց միտքս, սիրտս, ինքնությունս` նմանեցնելով իմ անվանը… Հետո ափշանքս մեծ եղավ, երբ Արեւիս ցուցանակով ավտոբուս բարձրացող մարդիկ սկսեցին խոսել… ոչ հայերեն…

Տարօրինակն այն էր, որ թուրքի հոտը շարունակում էր հետապնդել ինձ անգամ Վաղատինի «ինտերնացիոնալ» դպրոցն ավարտելուց հետո էլ… Երեւանի մանկավարժական ինստիտուտն ուներ նաեւ… ադրբեջանական բաժին, որը գտնվում էր նույն` բանասիրականի մասնաշենքի, որտեղ ես էի սովորում, վերջին հարկում…

88-ը կտրեց նրանց հոտը մեր երկրից, բայց մնացին այս հիշողությունները որպես ապրած իրողություն…

Հետագայում, երբ աշխատում էի ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմում որպես դպրոցական բաժնի վարիչ, շատ հանգամանալից ծանոթացա Սիսիանի շրջանի գյուղերին, մասնավորաբար` ադրբեջանաբնակ, ու ամեն անգամ, երբ սկսում էինք կոմերիտմիության շարքերի համալրումը, հոգու անհուն ցավ էի ապրում, որ մեր թվերն ապահովում էինք դրանց թվաքանակով… Նրանք ապրում էին Սիսիանի շրջանի ամենալավ գյուղերում…

Արդեն աշխատում էի «Որոտան» թերթում: Սիսիանի տարբեր գյուղերում հանգրվանած Բաքվից ու Ադրբեջանի այլ վայրերից փախած հայ փախստականների մասին նյութեր էի գրում: Դաստակերտ ավանում վերաբնակեցված մի մարդ մի օր ինձ խնդրեց միասին մտնել իր այգին, որ նախկինում թուրքի էր եղել… Նախկին «տերը», հեռանալուց առաջ, կացինով փորել-հանել էր ծառի կեղեւը, մերկացրել բունը, որ… ծառը չորանա… Նոր տերը պոլիէթիլենով, կտորով, շորով «վիրակապել էր» ծառի վերքը` փորձելով փրկել նրա «մեռնող» կյանքը…

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմից առաջ` սեպտեմբերի 3-ին, իմ սիրուն Լենա հորաքրոջ ծննդյան օրն էր, 80-ամյակը: Բարեկամներով հավաքվել էինք նրա ջերմ ու հարազատ հարկի տակ…Նորից հշեցինք այն հեռու-հեռավոր օրերը, հիշեցինք իմ «կռիվները», «անգամ` թուրքի ձեռքից ձու չուտելը», ու հորաքույրս, մեղմ ու բարի ժպիտով ճերմակազարդ հորաքույրս, զրույցի մեջ հանկարծ ասաց` էս մեր Արեւը դեռ է՜ն թվերից դրանց չէր սիրում, երեւվի մի բան գիտեր էլի…

Իսկ սեպտեմբերի 27-ին արդեն թուրքերը պատերազմ սկսեցին մեր դեմ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Լուսանկարում` մայրս եւ հորաքույրս…

8 դեկտեմբերի

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՏՂԱՍ ԱՆԳԱՄ ԻՐ ՄԱՀՈՎ «ՕԳՏԱԿԱՐ ԵՂԱՎ» ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ… Զոհված Վահագն Գրիգորյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 3, 2021 0
Իմ հեռախոսազանգն ու այցը անակնկալի բերեցին Սիսիանի նախկին ուսումնարանի հանրակացարանում բնակվող 44-օրյա պատերազմի նահատակ Վահագն Արտուշի Գրիգորյանի մորը` Լուսինե Բաբայանին:…

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

Նրա սրբությունը ծնողներն էին, բայց էնպես ստացվեց, որ առաջին տեղում հայրենիքն էր… 44 –օրյա պատերազմի նահատակ Անուշավան Խաչատրյան

Տեղադրվել է - Դեկտեմբեր 6, 2021 0
Շաղատեցի Վարուժան Խաչատրյանի բազմանդամ ընտանիքում ծնվել-մեծացել է 7 երեխա, 5 աղջիկ, 2 տղա… Տղաները ծնվել են աղջիկներից հետո… Հայոց օջախներում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code