ԱՊՐԵԼ` ԱՊՐԵԼՈՎ… 44-օրյա պատերազմի նահատակ Մարտին Գալստյան

Տեղադրված է at Մարտ 28, 2022
755 0

Մարտին Գալստյանի մոր ձեռքին որդու բանաստեղծությունների` խնամքով կազմված տետրերն են` ուլունքաշար ձեռագրով: Եթե չիմանաս` ումն է, դժվար մտածես, որ տղան կարող է համաչափ, սիրուն, վայելչագիր այսպիսի ձեռագիր ունենալ: Մարտինի ձեռագիրը նրա բնութագիրն է, հոգու հայելին, նկարագիրը,  արտացոլանքը, բանաստեղծությունները` կյանքի իմաստը բացահայտելու, իր տեղն այս աշխարհում գտնելու փնտրտուքը: Իր անվան տառերից գրական կեղծանուն էր ընտրել` Մրդե. դա էլ էր յուրահատուկ, ինչպես որ ինքն էր յուրահատուկ, տարբերվող, ինքնատիպ: Իր բանաստեղծություններում աշխարհը, մարդիկ, կյանքը, բնությունը իր հոգու հանգրվանն են, որտեղ ինքնաբացահայտվում էր, այրվող հոգու կրակներով ջերմացնում իր շրջապատը: Ապագա գրքերից մեկի անունը «Այրվող հոգի» էր… Մարտինը սիրում էր կյանքը, սիրում էր կյանքը ապրելով ապրել… Ահավասիկ` 2019-ի հունվարի 9-ին թվագրված նրա «Ապրել՝ ապրելով» վերնագրված բանաստեղծությունը`

Ապրել՝ ապրելով, Ամեն վայրկյանով, Հիանալ կյանքի Ամեն հնչյունով: Զգալ այս կյանքը Իր ողջ էությամբ, Շոշափել ողջը Հոգու խորությամբՏանել հաղթանակ, Կրել պարտություն: Աշխարհում փնտրել Հոգու հանգստություն Եվ հասնել նրան՝ Որպես հաշտություն: Իսկ վերջում գնալ, Ինչպես որ եկանքԻնչպես այս կյանքում Ապրելով ապրեցանք:

Մայրը` տիկին Թամարան, մտադիր է հավաքել որդու բոլոր բանաստեղծությունները, գիրք հրատարակել, իրականացնել Մարտինի երազանքը: Նրա ամեն տողի, ամեն բառի մեջ որդուն է փնտրում, ու կարոտի պահին, ինչն արդեն կենսաձեւ է դարձել, ձեռքն է վերցնում տղայի տետրերը, շոշափում, փաղաքշում, գուրգուրում, ինչպես որդուն կփայփայեր… «Մարտինը կազմակերպված էր, չափերի մեջ, մտքերը` գեղեցիկ, խորը ներաշխարհով, ոչ մեկը իր արած-դրածը չի, իր քայլվածքը չի, իր խոսքը չի: Սուտ բան չուներ, մարդկանց միայն ճիշտն էր ասում, ինչքն էլ դառը լիներ: Նրա բանաստեղծությունները էնքան հասարակ են, պարզ ու ճիշտ, իր էության նման»,– դառնորեն ասում է մայրը:

Տիկին Թամարան եղել է որդու առաջին ընթերցողը, առաջին ունկնդիրը: Միայն վերջին` «Ուշանալով» բանաստեղծությունը չկարողացավ լսել, հետաձգեց մի ուրիշ օրվա, բայց այդ օրը չեկավ… Հիմա առանց Մարտինի է կարդում, հաճախ է կարդում, ուզում է հասկանալ որդու հոգու ամեն ապրումը, ամեն հույզը, ամեն խռովքը… 29-ամյա Մարտինը կյանքում շատ բաներից էր ուշացել, չէր ուշացել միայն կյանքը հայրենիքի զոհասեղանին դնելուց…

Սովորել է ծննդավայր Բռնակոթի դպրոցում, բոլոր առարկաները նրա համար հավասար սիրելի էին, բայց նախապատվությունը տվեց մաթեմատիկային, ընդունվեց Երեւանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: Ուսանելու տարիներին էլ տարբերվեց հասակակիցներից, ֆակլուտետում պոեզիայի օր էր կազմակերպել, ընթերցել իր եւ մյուս ստեղծագործող ուսանողների բանաստեղծությունները:

Ուսանողական պրակտիկան ուրիշ տեղ էին նշանակել, խնդրել էր Բռանկոթի դպրոց ուղարկեն: Ուսուցիչները սիրով ընդունեցին իրենց նախկին սանին, իսկ աշակերտները, հանձին նրա, սիրեցին դժվարամարս` մաթեմատիկա առարկան, եւ առարկայի նկատմամբ սերը պայմանավորեցին իրենց պրակտիկանտով: Առաջարկություն էր ստացել մնալ համալսարանում, բայց հայրենի գյուղը ձգել էր, կանչել… Մի ուրիշ սիրով սիրում էր Բռնակոթը. հայրենիքն իր համար հենց Բռնակոթն էր:

Ուսումն ավարտելուց հետո Մարտինը մի կարճատեւ ժամանակ գնաց Ռուսաստան, աշխատում էր հոր հետ, սակայն երկար մնալ չկարողացավ… 2015-ին, առանց մորը տեղյակ պահելու, պայմանագրային ծառայության մտավ Սիսիանի զորամասում: «Ինձ չէր ասել ոչ թե նրա համար, որ դեմ կլինեի հայրենիքին ծառայելու նրա մտադրությանը, ես ուզում էի Մարտինն աշխատեր իր սիրած մասնագիտությամբ: Բայց իր ընտրությունն արդեն արել էր, եւ, որպես բարձրագույն կրթությամբ լավ զինվորական, վերապատրաստման ուղարկեցին Լուսակերտ, որտեղ Մարտինը նաեւ իր զինվորական ծառայությունն էր անցել, ու ավագ սերժանտի կոչումով վերադարձավ եւ ծառայությունը շարունակեց Սիսիանի զորամասում: Մտադիր էր երկրորդ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թողնել զինվորականությունը եւ աշխատանքի անցնել գյուղի դպրոցում, որտեղ նրան սպասում էին»,- ասում է մայրը ու հավելում, որ ժամկետը լրանալու էր 2020-ին…

Մարտինն աշխույժ էր, շփվող, իրենից մեծերի մոտ ավելորդ չէր խոսի, հարգանքով էր: Հետաքրքրվել էր իրենց տոհմի պատմությամբ, այցելել բոլոր ազգական-բարեկամներին, կազմել տոհմածառը, պատվախնդիր էր, պատասխանատու: Երբ ծնողները ցանկանում էին նրա համար տուն գնել Երեւանում, կամ, գոնե, Սիսիանում, չէր համաձայնվել, ասել էր` միայն Բռնակոթում, որ ծնողներին մոտ լինի, համ էլ ապրի ծննդավայրում: Հայրական տան հարեւանությամբ տուն գնեցին Մարտինի համար: Մի երկու սենյակ վերանորոգեց` իր ճաշակով, մնացածը ոնց եղել, զոհվելուց հետո այդպես էլ մնում է: Թեեւ հայրը` Վազգեն Գալստյանը, որ նույնպես զինվոր է եղել, համագյուղացիների հետ հսկել Աղոթարանի գիծը, մասնակցել Արցախյան առաջին պատերազմին, պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում, հետո դուրս եկել ծառայությունից, լավ վարպետ է, բայց ոչ սիրտ ունեն, ոչ էլ ձեռքներն է գնում Մարտինի կիսատ թողածը շարունակեն…

Մայրը պատմում է, որ պատերազմից առաջ Մարտինն անընդհատ Սիսիանի դիրքերից զանգահարել եւ հարցրել է փոքր եղբորից` Միհրանից, որ ծառայում էր Մարտունի-2-ում: «Հիմա եմ մտածում` երեւվի գիտեր պատերազմի մասին, դրա համար էր անհանգստանում: Հոկտեմբերի 8-ին իջան դիրքերից: Այդ օրը Դավիթ Թեւանյանի զոհվելու օրն էր: Ասաց` մամ, քեզ երբեք էդքան ընկճված ու խեղճացած չեմ տեսել: Սկզբում ասաց` Արցախ չեն տանելու, մի երկու օրից վերադառնալու են իրենց դիրքեր, հետո, կարծես ինձ սփոփելու համար, ասաց` պիտի գնամ, փոքր եղբայրս էնտեղ է, իր նմանները, 18 տարեկանները էնտեղ լինեն, ես էստե՞ղ: Պիտի գնամ իրենց պաշտպանեմ… Բայց հնարավորություն ունեին չգնալ: Նարեկիս հետ գնաց: Հայրն ու միջնեկ եղբայրը` Մաքսիմը նրան տարան զորամաս: Հոկտեմբերի 9-ին զանգել է, ընդամենը` բարեւել, ասել` ժամանակ չկա, չեմ զանգում: Չեմ կարա խոսեմ… Ու վերջ»,- ասում է մայրը:

Հոկտեմբերի 10-ին լսեցին Մարտինի զոհվելու լուրը, հետո այն հերքվեց: Լուրեր հասան ականջներին, իբր, երկու քույրերի տղաներին տեսնող է եղել, լսեցին, անգամ, որ Մարտինին առաջին բուժօգնություն են ցույց տվել, բայց դա էլ հերքվեց… Կարմիր Շուկայում աթս-ն հարվածել էր ավտոշարասյանը… Մարտին Գալստյանի ջոկից փրկվել էին միայն 3 հոգի` բռնակոթցի Էրիկը, անգեղակոթցի Ջիվանը… Ջոկի անդամներից մեկն էլ ուրիշ մեքենայում է եղել:

Մարտինն ու Նարեկը: Ոչ միայն մորաքրոջ տղաներ էին, ոչ միայն` ընկերներ ու զինակիցներ, այլեւ շատ հոգեհարազատ էին, առանց մեկի մյուսը ոչինչ չէր անի, միասին ապրեցին իրենց կյանքի լավագույն օրերը, միասին գնացին պատերազմ, միասին էլ զոհվեցին… Հոկտեմբերի 28 -ին 31-ամյա Նարեկ Հարությունյանի աճյունն ամփոփվեց Սիսիանի պանթեոնում, նոյեմբերի 6-ին` 29-ամյա Մարտին Գալստյանի: Ողջ կյանքում իրար հետ ընկերություն արած երկու քրոջ որդիները Պանթենում էլ հավերժ միասին են, իրար հետ, իրար մոտ…

Համագյուղացիները շատ ցանկացան, որ գյուղն այդքան սիրող իրենց Մարտինը հավերժության իր հանգրվանը գտներ հայրենի Բռնակոթի պանթեոնում, բայց ջոկի հրամանատարը, որ հաց, տարիներ, խոհեր, երկրի պաշտպանության երդում ու ճակատագիր էր կիսել իր զինվորների հետ, հուղարկավորվեց նրանց հետ` Սիսիանի պանթեոնում` հավերժորեն մնալով իր ջոկի հրամանատարը… Մարտինի հետ նույն օրը Սիսիանի պանթեոնում հուղարկավորվեց նաեւ հոր մարտական ընկերը` հոկտեմբերի 10-ին նահատակված կապիտան Ռուբիկ Մայիլյանը…

Մարտինի զոհվելու լուրը անասելի ծանր տարավ Բռնակոթը: Նոյեմբերի 4-ին  Ջուլիա Ղազարյանը գրեց` Մարտինս էլ անմահացավ. աչքերիս առաջ Մարտինն է` սպիտակ սվիտերով ու շալով, ականջներումս՝  զրնգուն ծիծաղը… Ես չեմ հանդիպել մարդու, ով կյանքը կսիրեր էնքան շատ, ինչքան Մարտինն էր սիրում… Ինքը միշտ ուրախ էր, ժպտում էր, ծիծաղում, կատակներ անում, գալիս գրկում ուժեղ, թուշդ պաչում, խոսում, շա՜տ խոսում, հարցեր տալիս, քննարկում… Ինքը յուրահատուկ մարդ էր, մեզանից բոլորիցս տարբերվող… Եկեղեցական երաժշտություն էր լսում, ասում էր հոգիս հանգստանում ա, աչքերը փակում ու լսում էր… Մարտինը եկեղեցի էր գնում, հավատում էր, աղոթում, մեծ տարիքում կնքվեց… Աստվածաշունչ էր առել ու կարդում էր… ասում էր պետք ա հավատալ: Զարմանում եմ` էդ փոքր մարմնում էդքան կյանք որտեղի՞ց… Ամեն շաբաթ-կիրակի գնում էր Վերնիսաժ, գրքեր էր առնում, կարդում էր, ասում` տուն պետք ա առնեմ ու մի սենյակը լրիվ գրքերի սենյակ դարձնեմ, գրքերս սիրուն դնեմ էնտեղ ու հերթով կարդամ….Փոքր մարմնով, բայց էդքան մեծ սիրտ ու հոգի ունեցող ու կյանքն էդքան սիրող Մարտինս: …«Զինուժ»-ի նկարած հաղորդումն էի նայում, ասում էր` «Զգում եմ, որ ինչ-որ մի կարևոր գործ եմ անում իմ կյանքում, ուրիշ ձև չենք կարող մենք վերաբերվել էս ամեն ինչին: Էստեղ էս պահին գտնվելը հաստատ ամենակարևոր բանն ա, որ մենք կարող ենք անել մեր տան համար»… Դեռ էն ժամանակ էր հասկացել, թե ինչքան կարևոր էր իր` դիրքերում գտնվելը՝  մեր հայրենիքի ու իր տան պաշտպանության համար… Մարտինը վաղուց էր դա գիտակցել… Գիտակցված գնաց անմահություն: Իմ հերոս Մարտին…

2020-ի նոյեմբերի 6-ին Աննա Ռուբենյանն իր ֆբ էջում գրեց` Մարտինը: Մանկության ընկեր, անհոգ ու վառ օրերի ընկեր, մեր գերազանցիկը, մեր խելոքը: Ասում էր, որ մաթեմատիկան է ընտրել, բայց պատմությունն ավելի շատ է սիրում։ Դարձար այդ պատմության կերտող հերոսը։ «Հայրենիք» էիր ասում` աչքերդ փայլում էին, ժպտում էիր, սկսում պատմել: Գրքերս տանում էիր, կազմած հետ բերում: «Դավիթ Բեկ» էինք վերլուծում, ոգեւորված խոսում էիր: Նշումները մնում են: Էն քո գրած պատմություններում մենք բոլորս կայինք, անուններ էիր հորինել մեզ համար… Հիմա մենք ենք գրում քո մասին… Ոչ մեկի մի վատ բան չէր ասել, ոչ մեկի մի վատ բան չէր արել: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր… Մարտին ջան, շատ անելիքներ ու ծրագրեր ունեիր… Տարավ, քեզ էլ տարավ, մեր մանկության մի մասնիկը տարավ… Ամեն ապրած պահը գլխումս է, աչքիս առաջ ես… մտքերս գալիս են, բայց ձեռքս չի գրում…

Իմ ձեռքն էլ չի գրում, բայց` պարտավոր է: Ինձ համար էլ դժվար ու ծանր էր Մարտինի պես զավակ կորցրած մոր հետ նրա մասին զրուցելը, նրա անանթեղ ցավը քրքրելը: 51 տարեկան տիկին Թամարան իրեն շատ ծեր է համարում ընդամենը 29 գարուն ապրած իր Մարտինի եւ 31-ամյա իր Նարեկի համեմատ, հետո կիսաձայն, ասես` ինքն իր հետ, մրմնջում` ինչ արեցին մեր ազգի գլխին, մեր երեխաների գլխին, չգիտեմ… ու անզոր են մխիթարանքի բոլոր խոսքերը: Բայց` միմյանց սիրտ տալով, միմյանց` նեցուկ լինելով, բոլորի ցավը կիսելով, եւ, ինչպես պայծառ ժպիտով Մարտինը կասեր` ապրենք` ապրելով…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code